Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը դատարան չէր եկել. դատավորը պատճառը հարգելի չհամարեց

Օգոստոս 06,2020 15:23

Դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի եւ գործարար Բարսեղ Բեգլարյանի գործով հերթական դատական նիստն էր, սակայն մեղադրյալներից ներկայացել էին միայն Բարսեղ Բեգլարյանը եւ Սամվել Գալստյանը: Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը դատարանին գրություն էր հղել այն մասին, որ ինքնազգացողության վատացում ունի եւ կասկածում է, որ կորոնավիրուսով է վարակված, ինչի պատճառով այսօր առավոտյան ԲԿ-ում թեստ է հանձնել:

Ամրամ Մակինյանը նաեւ գրել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը չի նվազում, իսկ դատական նիստերի դահլիճը չի համապատասխանում սանիտարահամաճարակային նորմերի ապահովման օրենքի պահանջներին, բացի այդ՝ մեղադրյալների մի մասի տարիքը եւ առողջական խնդիրները հաշվի առնելով՝ նպատակահարմար է նիստը հետաձգել:

Սերժ Սարգսյանի մեկ այլ պաշտպանի՝ Ռուբեն Հակոբյանի գրությունում էլ նշված է. «Դատավարության մասնակիցների կյանքի եւ առողջության համար կենսական նշանակություն ունեցող կանոնների դեռեւս լիարժեք ապահովված չլինելը նիստին չներկայանալու հարգելի հանգամանք է: Խնդրում եմ Սերժ Սարգսյանի՝ այսօրվա նիստին չներկայանալը համարել հարգելի եւ նիստը հետաձգել՝ հաշվի առնելով թագավարակի աճի ցուցանիշները»:

Դատավոր Միսակյանն էլ արձագանքեց՝ համաձայն չէ վարակի տարածման աճի հետ, որովհետեւ նախորդ նիստի ժամանակահատվածի համեմատությամբ՝ վարակակիրների թվի տվյալներն այլ պատկեր են ցույց տալիս. «Դինամիկան դեպի նվազում է գնում, ոչ թե աճ, կխնդրեի արձանագրել այս փաստը»:

Այս գործով մեղադրող-դատախազ Արսեն Մարտիրոսյանը Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմի դիրքորոշումն անընդունելի որակեց:

Հիշեցնենք, որ ըստ հատուկ քննչական ծառայության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013թ.-ին կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումար՝ 489.160.310 դրամ:

Դատավոր Վահե Միսակյանն արձանագրեց, որ պաշտպան Ամրամ Մակինյանի բացակայության վերաբերյալ ոչ հարգելի հիմքեր չկան, իսկ մեղադրյալ Գեւորգ Հարությունյանը ջերմություն ունի՝ ըստ իր իսկ գրության. «Ուստի միանշանակ չեմ կարող եզրահանգել, որ նրա ներկայությունը հարգելի չէ: Հաջորդիվ բուժօգնության դիմելու մասին տեղյակ պահեք դատարանին: Իսկ Սերժ Սարգսյանի բացակայության հետ կապված դատարանը հետեւյալ դիրքորոշումն ունի. պաշտպանների պատճառաբանություններն անհիմն են: Դատարանը հարգելի չի համարում նիստերի դահլիճ չներկայանալը: Նիստերի դահլիճում ապահովված է հեռավորություն, սրահն օդափոխվում է»:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով պաշտպան Ամրամ Մակինյանի եւ Գեւորգ Հարությունյանի վատառողջ լինելը՝ դատարանը որոշեց չներկայացած մեղադրյալներին հարկադրանքի միջոցով դատարան բերելու քայլեր չձեռնարկել: Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին՝ 15:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31