Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ին քաղաքապետարանը տարածք է տվել՝ Սովետաշենի աղբանոցի կողքին. քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը ՀՅԴ-ի սեղանի վրա է

Օգոստոս 06,2020 15:18

Այսօր ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամներ Ժիրայր Պեոճեքյանը, Դրո Բազիկյանը եւ Սարգիս Կարապետյանը ասուլիս էին հրավիրել՝ խոսելու Երեւանի խնդիրների մասին: Նրան անդրադարձան կանաչապատմանը, վերելակներին, գույքահարկին եւ այլն, ասացին, որ շատ գոհ են՝ թուրքական վերելակների գնման լուրը հերքվել է, բայց տրանսպորտի եւ այլ հարցեր չեն լուծվել:

Նրանք պահանջում էին քաղաքապետից, որ եթե չի կարողանում լուծել Երեւանի խնդիրները, թող հրաժարական տա: «Իրենք պիտի որոշեն՝ կա՛մ պատասխանատվություն ստանձնեն, կա՛մ շարունակեն առաջվա նման ու սպասեն, որ քաղաքացին իրենց ասի օրենքի սահմաններում՝ արդեն բավարար է, ավելի կարելի չէ հանդուրժել ձեր ներկայությունն այստեղ»,- նշեց Պեոճեքյանը՝ ավելացնելով, որ եթե մինչեւ հիմա իրենք փողոց չեն իջել՝ արտակարգ դրության պատճառով է, թե չէ քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը սեղանի վրա դրված է. «Ժողովրդահավաք, ստորագրահավաք, ցույց, ցուցական արարքներ, ասուլիսներ, նստացույց, ամեն ինչ կարելի է»:

Սարգիս Կարապետյանն էլ ասաց. «Քաղաքապետը ինքը պետք է հասկանա՝ հիմա թաքնվում է, չի թաքնվում՝ ինքը պետք է այդ որոշումը կայացնի, բայց ինքը 80 տոկոս ձայն է հավաքել: Եթե հիմա ինքը շատ է վախենում, թող թողնի գնա, կգա այն մարդը, ով չի վախենում այս պայմաններում գա ու աշխատի քաղաքի բարօրության համար: Ինքը 1,5 մլն բնակչության անվտանգության երաշխավորն է, եթե վախենում է ու թաքնվում է, հասարակ քաղաքացիները ումի՞ց պետք է պահանջեն իրենց անվտանգությունը»:

Պեոճեքյանն ասաց, որ չի ստացվում համագործակցություն քաղաքապետարանի հետ: Օրինակ, նամակ են գրել քաղաքապետարան, որ իրենց ծախսերով ուզում են Արամ Մանուկյանի արձանի մոտ ցուցանակ տեղադրել, թե ով է Արամ Մանուկյանը, պատասխան են ստանում՝ ինչի՞ եք ուզում կուսակցականացնել Արամ Մանուկյանին. «Ասում ենք՝ տեքստը կարդացի՞ք, այնտեղ ՀՅԴ բառը չկա, գրված է, որ այս մարդը եղել է հերոսամարտի ղեկավար… դա պատասխա՞ն է, որ տալիս եք: Հետո գալիս է պատասխան, որ ով ուզում է նայի, կարող է Google-ով փնտրել՝ ով է Արամ Մանուկյանը: Այս է վերաբերմունքը, որ ստանում ենք»:

Սարգիս Կարապետյանը մեկ այլ օրինակ բերեց, երբ չի ստացվել համագործակցել. «Մենք ասում ենք՝ այդ սեւերի եւ սպիտակների բաժանումը վերջացրեք, եթե կարաք՝ քաղաքը խելքի բերեք: Մենք դիմել էինք Երեւանի քաղաքապետարան՝ Քրիստափոր Միքայելյանի պուրակ սարքելու համար եւ 1 հա տարածքով հողակտոր էինք ասել, որ տրամադրեն: Մենք պատրաստ էինք այնտեղ ծառատունկ անել, պուրակ սարքել շատ շքեղ, բայց մի պայմանով, որ դա չլինի Սովետաշեն համայնքում: Մեզ տվել են տարածք, նայում ենք՝ Սովետաշենի աղբանոցի կողքն է»:

Դրո Բազիկյանը պարզաբանեց, որ իրենք պուրակի համար Սովետաշենը բացառել էին, քանի որ այնտեղ հողային շերտը հարմար չէ, բայց արի ու տես, որ դիտավորյալ հենց այնտեղ էին տրամադրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31