Լրահոս
Օրվա լրահոսը

Հները 15 տարի խոստումներով մեր բերանը փակել են, նոր կառավարությունն էլ՝ դիմակով է մեր բերանը փակում. Եկմալյանի բնակիչներ

Օգոստոս 06,2020 14:59

Այսօր, երբ կառավարության շենքում գործադիր մարմնի նիստն էր ընթանում, շենքի մոտ բողոքի ցույց էին անում Եկմալյան փողոցի բնակիչները, որոնք 15 տարի է՝ հանուն գերակա շահի անտուն են:

«Մնացել ենք փողոցներում, վարձով ենք ապրում: Պետության կարիքների համար մեր տները քանդել են, մնացել ենք անտուն: Նախկին իշխանությունները խաբելով օրեր էին ձգում, նորերն էլ նույնիսկ հույս չեն տալիս, մեկը մեկին պաս են տալիս՝ քաղաքապետարանից կառավարություն»,-ասում են Եկմալյանի բնակիչները՝ նշելով, որ 15 տարի առաջ վստահել են պետությանը, սակայն խաբվածի կարգավիճակում հայտնվել. «Համաձայնել ենք, մեր տունը քանդել են: Դրանից հետո փոխվել են կառավարություններ, նախագահներ, բայց հները 15 տարի խոստումներով մեր բերանը փակել են, հիմա էլ նոր կառավարությունը դիմակով է մեր բերանը փակում: Կառավարության անդամները աշխատանքից հետո տուն են գնում, իսկ մենք չգիտենք՝ ուր գնանք: Եթե իրենք գնում են ու իրանց գլուխը դնում են բարձին՝ քնում են, թող պատկերացնեն, որ այսքան մարդ դուրսն է մնացել»:

Նրանց խոսքով, Եկմալյանի 27 բնակիչ այդ կարգավիճակում է. «Որ իմանանք՝ մեր մասին մտածում են, կսպասենք, մի քիչ էլ յոլա կգնանք: Ուզում ենք դիմել Նիկոլ Փաշինյանին, նրա հետ հանդիպել, որովհետեւ տեսնում ենք, որ միայն նա է հարցը լուծում: Այս տարիների ընթացքում մի տան գումար՝ 36 հազար դոլար վարձ ենք տվել եւ անորոշ սպասում ենք»:

Ցույցի մասնակից մեկ այլ բնակչի խոսքով, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին են հանդիպել, որն իր համաձայնությունը չէր տվել այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցելու, սակայն խոստացել էր լուծում գտնել. «Բայց նա էլ հրաժարական է տալիս, հիմա մինչեւ նոր ճարտարապետ գա, ադապտացվի այդ խնդիրներին եւ այլն, չգիտենք՝ ինչ կլինի: Ասում են՝ այդտեղ չի կարելի շենք կառուցել, հասկացանք, բայց թող հարցը լուծեն»:

Եկմալյանցիների խոսքով, կառուցապատողը կա, որն ուզում է բարձրահարկ՝ 11 հարկանի շենք կառուցել, որպեսզի այդ 27 ընտանիքի բնակարանի հարցը լուծի եւ մի փոքր էլ մանկապարտեզ սարքի. «Այդտեղ 6 հատ բարձրահարկ շենքեր կան, դրա համար թույլ չտվեցին: Դիմում եմ գրել քաղաքապետին, վարչապետին, բայց առայժմ մեր դիմումի պատասխանը չկա: Երեք ամիս վազվզեցինք, հեղափոխության համար, որ մեր բնակարանների հարցն էլ ի վերջո լուծեն, բայց չի լուծվում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31