Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանցիներին ասում ենք՝ դուրս եկեք ձեր նորմալ տներից ու գնացեք ապրեք ծայրամասերում, որովհետեւ աղքատ եք, գիտեք, այս մեկը մեր համար շատ վիրավորական է». Պեոճեքյան

Օգոստոս 06,2020 14:18

Այսօր ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոճեքյանը հրավիրած ասուլիսում խոսեց «Գույքահարկի մասին» նոր օրենքի խնդիրներից: Նա ասաց, որ բնակչության 60 տոկոսը Երեւանում է կենտրոնացած ու այս օրենքի բեռը ծանրանալու է հենց երեւանցու, մասնավորապես՝ Կենտրոն եւ Արաբկիր համայնքների բնակիչների վրա:

«Մեր համար շատ անհարմար էր այն հայտարարությունը, որ մարդիկ կարող են գնալ եւ ծայրամասերում ապրել, վաճառել իրենց տները Երեւանի կենտրոնում: Ո՞ւմ վաճառեն: Եթե այսօր նայենք, թե ովքե՞ր են ի վիճակի գնելու այդ վաճառվող տները, հավանաբար այն մարդիկ, որոնք պարգեւավճարներ են ստանում ու այդ պարգեւավճարներով ի վիճակի են գնելու կենտրոնի առեւտրական եւ ավելի մեծ արժեք ներկայացնող տարածքները: Մենք մեր երեւանցիներին ասում ենք՝ դուրս եկեք ձեր նորմալ տներից ու գնացեք ապրեք ծայրամասերում, որովհետեւ աղքատ եք, մի կերպ գոյատեւեք, ապրեք: Գիտեք, այս մեկը մեր համար շատ վիրավորական է, որովհետեւ մեր ժողովուրդը, երբ ցեղասպանությունից հետո գնացել է եւ ապրել է գաղթավայրերում, ապրել է այդ տեսակի պայմանների մեջ՝ թիթեղաշեն հյուղավանների մեջ, բայց ժամանակի ընթացքում թիթեղաշեն հյուղավաններից բարձրացել է՝ շենքեր կառուցել, քարաշեն տներ ու ինքն իր համար նորմալ բնականոն պայմաններ է ստեղծել: Այսօր երեւանցիներին ասում են՝ գնացեք դեպի հետ՝ ապրելու թիթեղաշեն հյուղավանների մեջ»,- ասաց Պեոճեքյանը:

Նա նշեց, որ Երեւանի կանաչապատման վիճակը ցավալի է, օգոստոսի սկիզբն է՝ ծառերն արդեն որդնոտած են. «Խանջյանի վրա մի քանի օր առաջ ծառն այնքան փտավ, որ ընկավ մեքենաների վրա: Այս տեսակի վիճակ է: Կեսօրին կարելի է տեսնել ջրցան մեքենաները, որ իբրեւ թե ջրում են կանաչապատ տարածքները: Մասնագետ ըլլալու պետք չէ՝ հասկանալու համար, որ այս գործը այդպես պետք չէ, օգտակար չի լինելու: Այս երկու տարվա ընթացում մի այգի է սարքվել՝ Ավանի այգին, բայց դրա հետ մեկտեղ Նորքի այգիները հանել ենք վաճառքի ու հասկանում ենք, որ պատճառաբանություններ են տրվելու, որ կառավարության որոշում է: Բայց վերջին հաշվով Նորքի այգիները պատկանում են Երեւան քաղաքին, վարչական շրջանին: Վաճառքը գործադրողը վարչական շրջանն է, քաղաքապետարանը նույնիսկ պիտի դատարան մտներ ու չթողներ, որ այգիները վաճառվեն: Դալման կառուցեցինք՝ պրծավ, Երեւանը որտեղի՞ց է շնչելու, եթե այնտեղ էլ ենք շենքեր կառուցելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31