Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տան պատը քանդվեց, եթե մի փոքր անուշադիր լինեինք, 6 թոռնիկներս կմնային փլատակների տակ եւ մեծ ողբերգություն կլիներ. Սարի թաղի բնակիչ

Օգոստոս 06,2020 14:06

Այսօր կառավարության առաջ բողոքի ցույց էին կազմակերպել նաեւ Սարի թաղի բնակիչները: Նրանց խոսքով, տասը տարի է՝ 20 փողոցի տները գտնվում են վթարային վիճակում: Պատճառն ընդերքի ջրերն են, որոնք հոսում են այդ տների տակով՝ խարխլելով դրանց հիմքերը: Բնակիչների խոսքով, այդ հինգ տներում 15-20 անչափահաս երեխաներ են ապրում եւ նրանց կյանքն էլ բոլորի հետ միասին վտանգված է:
Վթարային տների տերերը նշեցին, որ դրանք իրենց պապական տներն են եւ չեն ուզում թողնել՝ հեռանալ:

«2009 թվականին, նախկին կառավարության ժամանակ մեկ այլ փողոցում էլ այդպիսի խնդիր է եղել եւ բնակիչները մոտ 7 տարի բողոքելուց հետո բնակարաններ ստացան: Ուզում ենք, որ մեր տների հարցերն էլ լուծեն, որովհետեւ արդեն 20 տարի է՝ մեր բնակարանները նորոգում ու նորոգում ենք: Հոգնել ենք արդեն»,-ասաց Սարի թաղի բնակիչ Տիգրան Մանուկյանը: Բնակիչների խոսքով, իրենց դիմումը եկել՝ հասել է կառավարություն, քանի որ բնակարանի հատկացումը պետք է լինի կառավարության որոշմամբ:

«Ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ թաղապետարանը չի կարող այս հարցը լուծել: Ասում են՝ մենք չենք այս հարցի հասցեատերը, պետք է կառավարությունը որոշի: Պետք է մի լուծում գտնեն, որովհետեւ մեզնից կախված չէ: Կանգնում ենք գետնին, զգում ենք՝ դատարկ է, քանդում ենք, բետոնը լցնում, երկու ամիս հետո նույն վիճակն է: Սարի թաղը Երեւանի կույրաղիքն են համարում, ո՛չ խաղահրապարակ կա, ո՛չ մի բան չկա»,-ասաց Տիգրան Մանուկյանը:

Մեկ այլ բնակչի՝ Եվա Մկրտչյանի խոսքով, մարտ ամսին տան պատը քանդվել է, որտեղ ապրում են 6 անչափահաս երեխաներ. «Եթե մենք մի փոքր անուշադիր լինեինք, իմ թոռնիկները կմնային փլատակների տակ եւ մեծ ողբերգություն կլիներ: Արդեն 40 տարի է՝ ապրում եմ Սարի թաղում, մեռանք բանկերից տոկոսով գումար վերցնելով ու տունը վերանորոգելով: Անցյալ տարի վերանորոգել եմ, այս տարի պատը քանդվեց: Ոչ մի տեղ մեր ձայնը տեղ չի հասնում: Քաղաքապետարանում ասում են՝ ամբողջ Սարի թաղն այդ վիճակում է, չենք կարող ոչնչով օգնել: Իմ տան մեջ 4 տղա, եմ մեծացնում, 4 զինվոր, այդ երեխան առողջ կյանքով չապրի՞, որ իր հայրենիքին պիտանի լինի: Չհաշված, որ իմ տղաներն էլ են այդ պայմաններում մեծացել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31