Այսօր ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամներ Ժիրայր Պեոճեքյանը, Դրո Բազիկյանը եւ Սարգիս Կարապետյանը ասուլիս էին հրավիրել՝ խոսելու Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակի, կանաչապատման եւ քաղաքաշինական խնդիրների մասին:
Պեոճեքյանն ասաց, որ քաղաքի ախտահանումը համավարակի այս պայմաններում քաղաքապետարանը պատշաճ չկազմակերպեց. «Նույնիսկ շենքերում, որտեղ վարակված մարդիկ կային ու կորոնավիրուսի ախտահարումից մարդիկ մահացան, ունենք տվյալներ, այդ շենքերի բնակիչներ կան, որոնք երեք օր շարունակ զանգել են քաղաքապետարան, համատիրություններին, բայց ոչ մի մարդ չի գալիս այդ շենքն ախտահանելու: 3 օր հետո, որ գալիս են ախտահանելու, արդեն վարակվողը վարակված է լինում»: Նա ասաց, որ համայնքապետարաններին ոչ ցուցակ են տրամադրում՝ հասցեներով, թե որտեղ է պետք ախտահանել, ոչ էլ նման հանձնարարություն են տալիս:
«Երեւանում բնակվող խոցելի զանգված կա, որոնց համար համայնքապետարաններն ունեն սոցիալական ծառայությունների վարչություններ: Այդ մարդկանց հետ ոչ մի աշխատանք, բացի մի անգամ սննդամթերք բաժանելուց, չի եղել: Օրինակ, մարդիկ դիմակ վերցնելու ֆինանսական կարողությունն ունեն, չունեն, ինչ խնդիրներ ունեն, այդ հարցերը բոլորը մնացած են բարձիթողի եւ քաղաքապետարանն ու քաղաքապետը փոխանակ հրապարակի վրա լինելու, մեր կողքին լինելու, մեր քաղաքապետը կարծեք մեծագույն բացական էր քաղաքի առօրյայից: Մի տեղ ինքնամեկուսացած՝ թողել էր, որ Երեւանն ու երեւանցին իրենք իրենց յուղովը տապակվեն»,- ասաց Ժիրայր Պեոճեքյանը:
Նա հավելեց, որ ներկա պայմաններում, երբ մարդիկ բողոքի ձայն չեն կարող բարձրացնել, խնդրահարույց որոշումներ են կայացվում. «Կանգնեցնում են երեւանցուն փաստի առաջ. Ֆիրդուսի թաղամասի որոշումը դրա մի օրինակն է, Մաշտոցի պուրակում կաֆեի տեղադրումը նույն օրինակներից է, Նորքի այգիները վաճառքի հանելը… Հարցը, որոնք կարիք ունեն հանրային քննարկման դրվելու, երեւանցու կարծիքը հարցնելու, այսօր փախցնելով դառնում են որոշում: Առավել վիրավորական է, երբ այդ կառուցապատման հետ կապված մարդիկ բողոքի ձայն են բարձրացնում, Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետը, որի մշակութային արվեստի իմաստով մեծ հարգանք ունենք այդ անձնավորության հանդեպ, երեւանցու մասին խոսելիս քաղաքացուն հավասարեցնում է շանտաժիստի կամ ավազակի, որ պայմաններ է դնում, որպեսզի համաձայնի այս կամ այն շենքի կառուցման կամ չկառուցման»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ