Լիբանանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի մեկնաբանությունը «Լուրեր»-ին։
Նախ և առաջ, կուզենայի երախտիքի խոսքեր ասել աշխարհասփյուռ այն բոլոր անհատներին, որոնք գործնականում պայթյունին հաջորդած առաջին իսկ պահերից կապվել են Բեյրութում ՀՀ դեսպանություն՝ իրենց աջակցության ջերմ բարեմաղթանքներ հայտնելու։
Այս պահին Լիբանանում ստեղծվել է պետական ճգնաժամային խումբ, որի հետ մենք գտնվում ենք մշտական կապի մեջ, եւ ըստ այդ խմբի կողմից կազմվելիք գնահատականի եւ կարիքների ցանկի՝ քննության կառնվի Հայաստանի կողմից Լիբանանին հնարավոր աջակցության շրջանակը։
Զուգահեռաբար կապ է պահպանվում լիբանանահայ համայնքի հարանվանական, քաղաքական եւ հասարակական կառույցների ղեկավարների հետ՝ համայնքի կարիքները գնահատելու նպատակով։
Կարդացեք նաև
Բուն համայնքի կրած վնասների առումով, հայահոծ շրջաններում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. զանգվածաբար վնասվել են բնակելի շենքեր, եկեղեցիներ, հաստատություններ. գործնականում պայթյունի վայրի շրջակա շատ մեծ շառավղով անվնաս ապակի չի մնացել։ Ցավոք, թերեւս ավելի հեշտ է թվարկել անվնաս մնացած հաստատությունները, քան վնասվածները։
Ինչպես ասացի, դեսպանությունը ստացել է զորակցության բազմաթիվ գրություններ էլեկտրոնային փոստով, շարունակ զանգեր ենք ստանում դեսպանության շուրջօրյա թեժ գծին։ Դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, անձնակազմը շուրջօրյա կապի մեջ է ինչպես լիբանանյան պատկան մարմինների, այնպես էլ հայ համայնքի հետ։