Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե սարեր էին խոստանում, բայց էլի անտեսված մնացինք»․ Կառնուտի ու Ջրառատի բնակիչները՝ համայնքների միավորման մասին

Օգոստոս 06,2020 00:30

Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ, Բասեն, Ջրառատ բնակավայրերի բնակիչներն այն կարծիքին են,  որ համայնքների միավորումը ոչինչ չի տվել իրենց, գյուղերի խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ Իսկ այս գյուղերում գերխնդիրը գազիֆիկացված չլինելն է, ինչի հետեւանքով էլ ստիպված են լինում ոչ միայն ձմռանը, այլև տարվա մյուս եղանակներին աթար կամ վառելափայտ օգտագործել։

Ախուրյան համայնքը խոշորացվել է 2017 թվականին՝ միավորելով Այգաբաց, Արեւիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ Ախուրյան եւ Ջրառատ գյուղերը:

Համայնքների խոշորացման հիմքը դրվեց 2011 թվականին. նպատակն այն էր, որպեսզի համայնքի կողմից առավել որակյալ եւ մատչելի ծառայություններ մատուցվեն, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսները` մարդկային, ֆինանսական, հողային, առավել արդյունավետ օգտագործվեն: Խոշորացման գաղափարին մի շարք համայնքների բնակիչներ դեմ արտահայտվեցին, կառավարությունն էլ հակադարձեց` բնակիչներն ուզեն-չուզեն` գործընթացն անխուսափելի է:

Կառնուտ բնակավայրի խոշոր ֆերմերներից մեկը՝ Հովհաննես Գաբոյանը երեք տարի է ապրում է, խոշորացված համայնքում է, բայց իր գյուղի կենսակերպում դրական փոփոխություն չի նկատում:

«Զգալի փոփոխություն չենք տեսել, ժողովուրդը գոհ չէ, ինչ՝ քո գյուղի բնակիչն աշխատի գյուղապետ, ինչ՝ ուրիշ գյուղի՞նը։ Ասենք՝ ձեռքդ 2 հաց լինի, հաց ու կեսը կտանես քո տնեցիներին, եթե ավելացավ, կես հացը  նոր հարեւանին կտաս, այդպես չէ՞։ Ես որ՝ էդպես եմ մտածում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Հովհաննես Գաբոյանը։ Գյուղատնտեսի խոսքով, Կառնուտից ընտրված միակ ավագանու անդամն իր տղան է՝ «Ինչքան գիտեմ ավագանու անդամները 9-13 հոգի են, նրանց կողմից ընտրվածներն ավելի շատ են, մի ձայնի տարբերությամբ իրենց խոսքը կանցնի»։


Հետաքրքրվեցինք՝ համայնքների խոշորացումից հետո ի՞նչ գործ է արվել Կառնուտ բնակավայրում: Մեր զրուցակիցն ասաց, որ գյուղի ակումբն է վերանորոգվել, թեեւ, նրա կարծիքով, մանկապարտեզ ունենալը եւս կարեւոր է։

«Գյուղը գազիֆիկացված չէ, սրանք գլոբալ հարցեր են, որոնք պետք է լուծվեն։ Գազն ահագին կօգնի ժողովրդին, գյուղացին իր ծախսած գումարի կեսը կտնտեսի։ Իսկ մանկապարտեզը կարեւոր է երեխեքի զարգացման համար, ով որ հնարավորություն ունի, մեքենա ունի, գումար ունի, իր երեխաներին տանում են Գյումրի՝ մանկապարտեզ, այդպիսի մոտ տասը ընտանիքներ կան։ Մնացածն էլ հնարավորություն չունեն, երեխեքը տանն են մնում, երեխեն էլ մանկապարտեզ չգնաց, թերի կզարգանա, դպրոցում իրեն դժվար կլինի»,-նեղսրտեց Հովհաննես Գաբոյանը։

Նույն գյուղի մեկ այլ բնակիչ՝ Սամվել Վարոսյանն էլ խոշորացումից առաջ իշխանությունների տված խոստումներ է հիշեցնում. «Համայնքը խոշորացավ, ասացին՝ բյուջեն կմեծանա, մի բան կլինի, բայց օգուտ չկա։ Խոշորացումից հետո մի կլուբ են ռեմոնտ արել, 3 տարի է անցել, էդ մի նորմալ գործողությունն են արել, այլ գործ չկա։ Մեզ համար  կարեւորը գազիֆիկացումն է, դա լիներ, ուրիշ բան, թե չէ էս խոշորացված համայնքը հա կա, հա չկա։ 20 տարի է՝ դիմում ենք գազիֆիկացման հարցով, միշտ անտեսվել ենք, այն ժամանակ պատճառաբանեցին, որ գյուղի բյուջեն այդքան գումար չունի, որ ներդրում անի, հենց խոշորացավ, մտածեցինք՝ լավ է, գումար հնարավոր կլինի ներդնել, հիմի էլ նույն բանն է, կարելի է ասել ավելի վատ է․․․
Էն ժամանակ ոսկե սարեր խոսք կուտային, թե գազն էլ կլինի, փողոցներն էլ  կասֆալտապատվեն, դաշտերի ճամփեքն էլ կսարքվեն, ոռոգման գծերն էլ կսարքեն։ Դաշտերի ճամփեքը մի քիչ սարքեցին, սարերից շիբին բերեցին, լցրեցին, էն էլ ամոթախեղդ արեցին։ ֆինանս չեն էլ ներդրել սրա համար, հումքը գյուղինն է, սա չեղավ գործ, գործը էնպես պիտի լինի, որ երեւա։ Էլի եմ ասում՝ իմ խելքն ու միտքը գազն է, եթե լիներ, ժողովուրդը կփրկվեր։ 21-րդ դարն ենք, բայց հեչ չի երեւա, կարծես 18-րդ դարը լինի, ոչ թե 21»։


Մեր զրուցակիցը դժգոհեց, որ ճանապարհներին անգամ մի «պառկած միլիցիա» չեն սարքում, որ մեքենաները մեծ արագությամբ չանցնեն ու վտանգ չներկայացնեն թե՛ կանգառում կանգնած բնակիչների, եւ թե՛ այնտեղ գտնվող խանութի հաճախորդների համար։  Ըստ նրա, այս խնդրով եւս անհանգստացող չկա, չնայած, որ խոստացել են 7-8 այդպիսի արգելաթմբեր տեղադրել, բայց այդպես էլ չեն արել։ Իսկ վարչական ղեկավարն էլ այս պարագայում դարձել է կատարող անձ եւ նրա ձեռքը ճար  չկա. ինչ ասեն, դա էլ պիտի անի։ Մեր զրուցակցի պնդմամբ, խոշորացման ժամանակ գյուղացիների կարծիքը հաշվի առնող չի եղել:

Կառնուտի բնակիչ Լեւոն Գրիգորյանի եւ նրա ընտանիքի կյանքն էլ համայնքների խոշորացումից հետո բարեկեցիկ չի դարձել, գյուղի համար որեւէ էական հարց չի լուծվել. «Ինչպես առաջ է եղել, նույնը հիմա է, ամեն մարդ պետք է տանջվի, ապրի իր համար։ Կարկտահարություն եղավ, մեր ամբողջ այգին վնասվել է, տվել ենք թղթերը, սպասում ենք պատասխանին, տեսնենք ինչ պիտի տան։ Էն ժամանակ ավելի լավ էր, գոնե մենք մեր համայնքապետն ունեինք»:

Կառնուտ համայնքի վարչական ղեկավար Գառնիկ Գաբոյանը համամիտ չէ բնակիչների այն պնդումներին, թե ոչինչ չի փոխվել գյուղի ու գյուղացու կյանքում։ Ըստ նրա, փոփոխությունը թեեւ չնչին է, բայց կա, ինչ-որ բան փոխվել է։
«Միանգամից անհնար է գյուղն ամբողջությամբ վերանորոգել։ Օրինակ՝ անցած տարի համայնքային կենտրոնը վերանորոգվեց, 18 միլիոնի ներդրում կատարվեց, որից 60 տոկոսը ներդրել է խոշորացված համայնքը, 40 տոկոսը՝ պետությունը։ Սա խոշորացման 3 տարվա ընթացքում կատարված աշխատանքներից է։ Այս կառույցի մեջ կգործի ե՛ւ զբաղվածության կենտրոն, ե՛ւ, հեռու տնից տեղից, մահվան արարողություններ, կնունք, ծնունդ կլինեն։ Մանր-մունր գործեր եւս արվել են, ճանապարհներ են հարթեցվել, բնակիչներն ինչ հարցով դիմել են, Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարն ընդառաջել է»,-ասաց Գառնիկ Գաբոյանը՝ առաջնային լուծման հարց համարելով գյուղի գազիֆիկացումը:

Կառնուտ համայնքի ղեկավար Գառնիկ Գաբոյան

Նրա խոսքով, գազիֆիկացման համար չորս անգամ դիմել են Ախուրյանի համայնքապետարան, Շիրակի մարզպետարան։ Ասում է՝ իրենց գյուղի բնակիչները շատ աշխատասեր են եւ, եթե Կառնուտը գազ ունենա, հակակարկտային կայաններ ու մանկապարտեզ, շատ հարցեր լուծված կհամարեն. «Խոստացել են, որ մյուս տարի կաջակցեն մանկապարտեզ կառուցելուն։ Տեսնենք»: Վարչական ղեկավարի ներկայացմամբ՝ գազի հարցով էլ մարզպետարանից պատասխանել են՝ եթե քաշենք էլ, մեկ է դուք ձեր աթարը կվառեք. «Բայց դե էդպես չէ, էլի, մենք վերջը պիտի զարգանա՞նք, թե՞ չէ․ 21-րդ դարում ենք ապրում։ Իրենց ասելով, եթե անգամ գազիֆիկացնեն, քչերը գազ կօգտագործեն, ձեռ չի տա գազիֆիկացնելը, բայց գազը մեր գյուղից ընդամենը 3 կիլոմետր է հեռու, ամոթ չէ՞ գազ չունենանք։ Գազ ունենալով՝ կունենաք լավ-լավ օբյեկտներ, տների 50 տոկոսը հաստատ գազ կօգտագործի, նորմալ ապրող, գումար վաստակող մարդիկ են, մենք պարապ մարդիկ չունենք»:

Կառնուտի գյուղապետարան

Գառնիկ Գաբոյանը վստահեցրեց, որ Ախուրյան խոշորացված համայնքի բյուջեն հաստատելիս՝ առաջնահերթ աջակցում են փոքր բնակավայրերին, հետո նոր՝ Ախուրյանին. «Ամեն տարի մի նոր բան որ անենք, լավ կլինի»: Պարոն Գաբոյանի տվյալներով, նախքան համայնքների միավորումը, Կառնուտի բյուջեն  կազմել է 33 միլիոն 586 հազար դրամ, խոշորացումից հետո ամենամեծ աշխատանքը, որը կատարվել է Կառնուտում, համայնքային կենտրոնի կառուցումն է։ Վարչական ղեկավարի ներկայացմամբ, այդ նպատակով  Ախուրյան խոշորացված համայնքից 15 միլիոն 900 հազար գումար է տրամադրվել, մոտ 3 միլիոն դրամի  ներդրում էլ կատարվել է  կառույցի շուրջբոլորը բազալտով սալիկապատելու համար։ Այսինքն՝ ընդհանուր գումարը  18 միլիոն 900 հազար դրամ է։

Կատարվել են նաև  ճանապարհալցումներ, գյուղին տրամադրվել են աղբամաններ, սակայն ամենախոշոր ներդրումը համայնքային կենտրոնի կառուցումն է։

 

«Ուզում է մանրացնեն, ուզում է խոշորացնեն, ոչ մի լավ բան չենք տեսել» Ջրառատի բնակիչներ

Համայնքների խոշորացման մասին նույն կարծիքն ունեն նաեւ Ախուրյան խոշորացված համայնքի Ջրառատ գյուղի բնակիչները։ Գեւորգ Յայոլյանը, որը նույնպես Ջրառատի բնակիչ է, մեզ հետ զրույցում  ասաց, որ գյուղերն իրար միավորելուց առաջ, գյուղացիներից կարծիք հարցնող չի եղել։
«Էն ժամանակ գյուղացուց կարծիք հարցնողն ո՞վ էր։ Ոչ մի բան էլ չի տվել համայնքների խոշորացումը, մինչեւ հիմա ոչ մի լավ բան չենք տեսել, էնքան խնդիրներ ունենք՝ մշակույթի տուն չունենք, մանկապարտեզ եւս չկա, գազ չունենք։ Գյուղացիների վիճակն էլ  լավ չէ, հատկապես այս տարի, բերք չկա, ցորեն չկա, գարի չկա, եղածն էլ կարկուտը տարավ, ապահովագրված է բերքը, տեսնենք ի՞նչ են անելու։ Տաս օր անցել է, ոչ մեկը չի եկել։ Մարդիկ ապրում էին արտագնա աշխատանքով, մեր գյուղից մոտ 300 հոգի գնում էին արտագնա աշխատանքի, բայց այս տարի բոլորը մնացել են»։ Ըստ Գեւորգ Յայոլյանի, Ախուրյան համայնքում ավագանու 14 անդամներից երկուսը Ջրառատ գյուղի ներկայացուցիչներն են. «Բայց ավագանու ձեռքը ի՞նչ կա, որ ինչ անի։ Միայն գիտեմ, որ ակումբի համար տեղ են փորում, տեսնենք ինչ կլինի»:

Ախուրյան համայնքի Ջրառատ գյուղում բնակվող  Հայաստան եւ Աշոտ Ոսկանյանների կյանքն էլ համայնքների խոշորացումը դեպի լավը չի փոխել: Ամուսինները մատնացույց անելով իրենց ու համագյուղացիների կենցաղը, ապրելակերպը, ասում են՝ Ջրառատը այլ համայնքների հետ միավորելը որեւէ կերպ չի ազդել բնակչի ապրելակերպի վրա․ իրենք անտեսված մարդիկ են։

Նրանց խոսքով, ճիշտ է՝ գյուղում որոշ հարցեր լուծվել են, արտերկրում ապրող  համագյուղացիները եկեղեցին են վերանորոգել, այս պահին էլ  ծրագրով ուզում են մանկապարտեզ ու մշակույթի տուն կառուցել, բայց գյուղացու ապրելակերպը չի փոխվել, քանի որ աշխատանք ու աշխատատեղ չկա։

Ջրառատ բնակավայրի վարչական ղեկավար Ահարոն Ոսկանյանը, սակայն,  կարծում է, որ համայնքների միավորումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը։ Ըստ նրա, թեեւ Ջրառատի բնակիչները խոշորացմանը կողմ չեն եղել, բայց եւ բողոքի ցույցերի չեն մասնակցել. «Սկզբում բոլորս դեմ էինք խոշորացմանը, բայց այն ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերը։ Դրականն այն է, որ 8 բնակավայր են միավորվել, համայնքի տարեկան բյուջեն ահագին գումար է ու տարեկան մեկ կամ երկու գյուղերում ինչ-որ ծրագրեր իրագործվում են։ Դա մենք կարող է տարիների ընթացքում կատարեինք։ Այսօրվա դրությամբ սուբվենցիոն ծրագրերը 40-50 տոկոսով ֆինանսավորում է համայնքը, մնացածը՝ կառավարությունը։ Կոնկրետ այս տարի մենք ունենք մանկապարտեզի ծրագիրը, մրցույթն արդեն հայտարարված է, շինարարն արդեն շահել է»:

Նա վստահեցրեց, որ գյուղում թեթեւ խնդիրներ միշտ էլ լինում են, ու դրանք անմիջապես լուծում են ստանում խոշորացված համայնքի կողմից։
«Եթե վարչական ղեկավարի լիազորությունները շատ լինեն, լավ կլինի․ բնակիչը գալիս է այստեղ, ես տեղեկանք պիտի գրեմ, տամ, որ ինքը ներկայացնի կամ կադաստր կամ նոտար, այս կառույցները մեր հետ գործարք չեն կատարում, ու  բնակիչը նորից պիտի հասնի Ախուրյանի խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի մոտ։ Իգիթյանը պիտի կնքի, երկրորդ կնիք խփի կամ նորից գրեն, հիմքեր լինեն, որ նոր գործարքներ կատարեն։ Այս հարցում բնակիչները դժգոհում են, ես անձնական շահ չունեմ, բայց ես ժողովրդի շահերից պիտի խոսեմ, դա մի քիչ սխալ է»,-ասաց վարչական ղեկավարը՝ նշելով, որ կան հարցեր, որոնք կարելի է հեշտացնել, աշխատանքի արդյունավետությունն էլ բարձրացնել։
Ջրառատ համայնքի բյուջեն նախքան խոշորացումը կազմել է 30 միլիոն դրամ, որի կեսն ուղղվել է 6-7 աշխատակցի աշխատավարձերի վճարմանը: Մեզ հետ զրույցում Ահարոն Ոսկանյանը, որը նախկինում եղել է համայնքապետը, նշեց, որ համայնքների միավորումից հետո ամենամեծ աշխատանքը, կատարվում է Ջրառատում, մանկապարտեզն է կառուցվում, որի նախահաշիվը  80-90 միլիոն դրամ է կազմում։ Այս գումարի 40 տոկոսը՝ մոտ 30 միլիոն դրամը, (հնարավոր է տրամադրվի ավելին՝ կախված շինարարության ընթացքից), Ախուրյան խոշորացված համայնքի բյուջեից է, իսկ 60 տոկոսը սուբվենցիան է։  Վարչական ղեկավարի խոսքով, Ջրառատի վրա կատարվող ծախսերը, բնականաբար, ավելացել են, համայնքների միավորումից հետո նաեւ կանգառ է կառուցվել գյուղի կենտրոնում՝ համայնքային բյուջեից, այս նպատակի համար  տրամադրվել է  մոտ մեկ միլիոն դրամ, գյուղամիջյան ճանապարհ է վերանորոգվել, որի վրա ծախսվել է 2-3 միլիոն դրամի չափով։ Իսկ ճանապարհը քանդվել էր հորդառատ անձրեւի եւ կարկտահարության պատճառով, ու թեեւ, ըստ նրա, դիմել էին կառավարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, սակայն այն մնացել էր համայնքի վրա։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանն էլ տեղեկացրեց, որ համայնքային ընդհանուր բյուջեն՝ վարչականն ու ֆոնդայինը միասին, կազմում է 642 միլիոն 663 հազար 500 դրամ։ 2018 թվականին 556 միլիոն 548 հազար 800 դրամ է եղել, 2019 թվականին՝ 619 միլիոն 370 հազար 200 դրամ։ Երկու տարվա ընթացքում  բյուջեն մոտ 100 միլիոնի աճ է ունեցել։

Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզում այս պահի դրությամբ կան 7 միավորված համայնքներ։ Նրա համոզմամբ, միավորման արդյունքում համայնքների կարողություններն ավելացել են, բյուջեները, ֆինանսական միջոցները մեկտեղվել են, ինչը հնարավորություն է տվել ավելի շատ ծրագրերի մասնակցել ու ներդրումներ կատարել։

Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյան

«Մեր սուբվենցիոն ծրագրերի հիմանական մասնակիցները միավորված համայնքներն են։ Այս տարի 7-8 ծրագիր միայն միավորված Մարմաշեն համայնքն ունի, 2-3 ծրագիր Անի համայնքն ունի, 2-3 ծրագիր՝ Աշոցքը, 2-3 ծրագիր Ախուրյանը։ Բյուջեն ավելի մեծ հնարավորություններ ունի, բնական է՝ բոլոր ծրագրերում ներդրումներ են պահանջվում, այդ համայնքների կարողությունները մեծացել են։ Այս պահին մենք միավորված համայնքների ոչ մի բնակավայր չունենք, որտեղ կենսական նշանակության գեթ մեկ ծրագիր չի իրագործվել։ Գիտեմ, որ ե՛ւ խմելու ջրի հարց է կարգավորվել ե՛ւ ճանապարհների հարթեցման խնդիր ե՛ւ լուսավորության ցանցի ընդլայնման ե ՛ւ ենթակառուցվածքների զարգացման, կամ թեկուզ մանկապարտեզների կառուցման»,-ասաց Արամ Անտոնյանը։
Մեր զրուցակցի խոսքով, կան համայնքներ, որոնք սուբվենցիոն ծրագրի շնորհիվ  նաեւ տեխնիկա են ձեռք բերել, իսկ սեփական տեխնիկա ունենալը համայնքի համար շատ կարեւոր է. «Եթե նախկինում  սովորական ներհամայնքային ճանապարհ հարթելու համար  պետք է սպասեին, թե որտեղից տեխնիկա ճարեն, հետո վառելիքի կամ գումարի տեսքով  ներդրում ունենային, հիմա, երբ պետք եղավ, իրենց հարցերը օպերատիվ ձեւով լուծում են»։
Փորձագետ Գեւորգ Պետրոսյանը, որը նաեւ «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության եւ գյուղատնտեսության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահն է, Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ խոշորացման գործընթացը էական փոփոխություն չպիտի կատարեր համայնքներում։ Ըստ նրա, համայնքները խոշորացնելիս՝ պնդում էին, որ գումարն արդյունավետ չի ծախսվում, համայնքի ղեկավարը աշխատակազմ է պահում, բայց հիմա էլ նույն բանն է կատարվում, ամեն համայնքում կա վարչական ղեկավար ու առնվազն երկու աշխատակից։ Նրանց աշխատավարձերը եւս բավական բարձր են։

Գեւորգ Պետրոսյան

«Բոլոր բնակավայրերն՝ անկախ նրանից, բնակավայրը մեծ է, թե փոքր, աշխատանքի ծավալը մեծ է, թե փոքր, բոլորը ստանդարտ չափի, բավական շատ աշխատավարձ են ստանում։ Խոշորացմամբ մի շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ․ խոշորացմամբ ժողովրդավարությունն ավելի հեռացավ բնակավայրերից։ Եթե նախկինում մարդը ուղիղ ընտրում էր իր համայնքի ղեկավարին, եւ  նա քիչ թե շատ իր համայնքի կողքին էր, հաշվետու էր, հիմա նշանակված է վարչական ղեկավար, որի լիազորությունները բավական լղոզված են։ Բացի դրանից, ինքը ենթարկվում է համայնքի ղեկավարին, համայնքի ղեկավարն է նշանակել իրեն»,-ասում է Գեւորգ Պետրոսյանը։

Ըստ փորձագետի, վարչական ղեկավարը կապի միջոց է դարձել բնակավայրի ժողովրդի ու համայնքապետի միջեւ, այստեղ հարց է առաջանում՝ ինչքանո՞վ է նա ճշգրտորեն տեղ հասցնում ժողովրդի պահանջը. «Մի օղակ ավելացավ, վարչական ղեկավար օղակն ավելացավ ժողովրդի եւ համայնքի ղեկավարի միջեւ, որը չէր կարող լավացնել ժողովրդավարությունը։ Բյուջեի մասով, երբ հիմա նայում ես վարչական ծախսերը,  նորից բավականին շատ են, բոլոր առումներով խոշորացումը չէր կարող թռիչքային զարգացում ապահովել։ Որոշ տեղերում որոշ բարելավումներ եղել են, բայց այդ բարելավումներն էլ էական չեն, եթե հաշվենք,  որ օրինակ՝առաջ միջհամայնքային ճանապարհները պետությունն էր սպասարկում, հիմա՝ համայնքները: Երբ խոշորացան, միջհամայնքային ճանապարհները դարձան ներհամայնքային։ Լիքը նմանատիպ խնդիրներ կան, որոնք լուծելն առաջ համայնքի գործը չէր, հիմա դարձել է համայնքինը։ Բյուջեն էլ, որ շատացավ, պետական ծրագրերը, որոնք սկսեցին տալ  խոշորացված համայնքներին՝ առաջնահերթություն տալով, էական բան չէր կարող փոխել մարդու կյանքում, որովհետեւ այդ գումարները էականորեն չեն փոխվել»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը։ Ըստ նրա, խոշորացումը կարող է բերել հեռավոր շատ համայնքների բնակչության թվի նվազմանը. «Այն հեռավոր բնակավայրերի բնակիչները, որոնք զգացին՝ իրենց մոտ մակարդակը փոխվեց, ավելի հեռացավ այդ ամենն իրենից, ավելի անտերության մատնվեցին, հնարավոր է եւ հեռանան համայնքից։ Տեղական ինքնակառավարման մարմինն այնքան չկայացած է, որ չի էլ կարող արձագանքել այս կարգի փոփոխություններին, որոնք որ տեղի են ունենում»,-ասում է մեր զրուցակիցը։ Ըստ  նրա, տարածքային խոշորացում ենք կատարել, որը անտրամաբանական է, չի կարող բխել բնակիչների շահերից։

«Չնայած մեզ  կարող են ասել՝ առաջ Ջրառատ համայնքի տերիտորիան էր ձեր  համայնքի սեփականությունը, հիմա ինչքան հսկայական տարածք է դարձել, որպես համայնքի բնակիչ՝ դու հիմա մեծ  տերիտորիայի տեր ես, համայնքի սեփականությունը մեծացել է, բայց, ըստ էության, կառավարման առումով շատ լուրջ խնդիրներ են առաջացել։ Այսինքն՝ համայնքի բնակիչներին մի փոքր համայնքում եթե հողահատկացում անելու լինեն, այդ համայնքի բնակիչների ձայնը շատ քիչ է այդ  բնակավայրի վրա էական ազդեցություն ունենալու համար։ Այսինքն՝ այստեղ մենք շատ լուրջ խնդիր ունենք։ Այս ճանապարհը չի տանելու էական բարելավումների տեղական ինքնակառավարման ոլորտներում ու բնակիչների համար չի ապահովելու ավելի բարելավված, լավ պայմաններ ու ծառայություններ»,-կարծիք հայտնեց Գեւորգ Պետրոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31