Լրահոս
Օրվա լրահոսը

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Օգոստոս 06,2020 12:30

Համավարակի հետեւանքով ստեղծված պայմաններից անկախ՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ջանքեր են գործադրում՝ Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար: Սահմանապահ Այգեպարում, շուրջ երկու շաբաթ առաջ, ակտիվ աշխատանքներ էին մեկնարկել. ընթանում էր կիսակառույց տան շինարարություն:

Շինհրապարակում կամավորություն իրականացնողները պատկերացնել չէին կարող, որ հաշված օրեր անց, ստիպված են լինելու դադարեցնել աշխատանքները: Տավուշի սահմանների ուղղությամբ՝ հուլիսին սկսված հրետակոծությունն ու պատերազմական վիճակն անհետեւանք չեն եղել նաեւ կառուցվող տան համար: Այգեպարի մանկապարտեզի հրետակոծության ժամանակ, այս ու այն կողմ թռչող բեկորները հասել են նաեւ հարեւանությամբ կառուցված շենքերին: Բարեբախտաբար, ներսում այդ պահին ոչ ոք չի եղել:

«Աշխատանքից հետո, երբ նոր էինք վերադարձել տուն, սկսվեցին կրակոցները: Ստիպված էինք գնալ ապաստարան: Առավոտյան, երբ դուրս եկանք, տեսանք, որ հրետակոծվել է գյուղի մանկապարտեզը: Իսկ բեկորներից, իմ կառուցվող տան՝ նոր տեղադրված պատուհաններն ու դռները: Այս ամենը նորություն չէ մեզ համար. այստեղ ենք ծնվել եւ մեծացել: Բայց մենք հոգեբանորեն ճնշվողներից չենք»,-ասել է կիսակառույցի երիտասարդ տանտիրուհին՝ Հերմինե Քալանթարյանը:

Տավուշում բնակարանաշինության աշխատանքները շարունակվում են. Այգեպարի կիսակառույցի շինարարությունը վերսկսվել է: Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը» հաստատակամ են իրենց առջեւ դրված խնդիրը լուծելու հարցում: Տարիների գործընկերները փորձում են անել առավելագույնը: Կազմակերպվող շրջայցերն ու տեսազանգերն օգնում են հետեւել ծրագրի ընթացքին:

«Մեզ անհրաժեշտ է՝ սահմանին ապրող մեր հայրենակիցներին փոխանցել հավատ եւ կարեւոր պատգամ. կպած մնալ հողին եւ շենացնել այն: Դա կարեւոր է ոչ միայն հեռավոր գյուղերում ապրող մեր հայրենակիցների, այլեւ՝ բոլորիս համար: Այս ծրագիրը թույլ է տալիս դա: Եղած խնդիրները ժամանակավոր են: Ավելի կարեւոր է արդյունքը: Զինվորը պահպանում է սահմանը, իսկ մենք, բնակարանաշինության միջոցով՝ նրա թիկունքը: Մենք էլ տնտեսական զինվորներ ենք: Այսպես ենք փորձում օգտակար լինել»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Թեեւ այս օրերին սահմանափակումներով ենք աշխատում, բայց մեկ այցի ընթացքում ձգտում ենք անել հնարավորը: Հետեւում ենք աշխատանքի ընթացքին, պայմանագրեր ենք կնքում, նոր ընտանիքներ ենք ներգրավում, չմոռանալով հնարավոր ավելացումների մասին՝ Վիվա-ՄՏՍ-ի ցանկությունը: Այս ամենը տեսնում են նաեւ սահմանի հակառակ կողմում ապրողները: Նրանք պետք է հասկանան, որ հայն ամուր է իր հողի վրա»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հանրապետության տարբեր մարզերում, այս օրերին իրականացվող բնակարանաշինության ծրագիրը լուծում է ոչ միայն սոցիալական, այլեւ հոգեբանական խնդիր: Այգեպարում մինչեւ տարեվերջ մի քանի բնակարանամուտ կնշվի:

«Առավոտ» օրաթերթ
05.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31