Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ նալին, եւ մեխի՞ն

Օգոստոս 05,2020 23:40

Կարդացի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը հայոց պատմության հայեցակարգի շուրջ տեղի ունեցող բանավեճի շուրջ։ Առաջին հայացքից թվում է, թե նա քննադատում է հայեցակարգը։ Կարդացի ևս մեկ անգամ։ Ուշադիր կարդալիս, հասկանալի է դառնում, որ նա մի կողմից խստորեն քննադատում է «խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը», նաև նույն խստությամբ քննադատում «Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը»։

Հետաքրքրական է, որ քննատատելով խորհրդահայ պատմագիտությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը երկինք է բարձրացնում ոչ միայն Նիկողայոս Ադոնցին, Հակոբ Մանանդյանին, այլև բուն խորհրդահայ պատմաբաններ Սուրեն Երեմյանին և Գագիկ Սարգսյանին։ Անհասկանալի է, չէ՞ որ խորհրդային շրջանում, հենց այս հեղինակների հայեցակարգերով էին գրվել Հայ ժողովրդի պատմության ե՛ւ ակադեմիական, ե՛ւ դպրոցական դասագրքերը։

Հետաքրքրական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայոց պետականությունը համարում է 2500 տարեկան, այսինքն սկսյալ Երվանդունիների շրջանից, հետևաբար հայկական պետություն չհամարելով Արարատյան (Վանի) թագավորությունը: Զարմանալի չէ, Տեր-Պետրոսյանի անսահման սերն ու հարգանքը Գագիկ Սարգսյանի և Սուրեն Երեմյանի նկատմամբ, ովքեր հայ ժողովրդին «բերում էին» Եվրոպայից և Արարատյան թագավորությունը համարում օտար Ուրարտու, դրանով իսկ թուրք-ադրբեջանական պատմաբանների նման, կեղծում հայոց պատմությունը։

Ի դեպ, հենց թուրք պատմաբանները, կեղծելով պատմությունը, Ուրարտուն համարելով թուրքական պետություն, հղում էին անում հայ պատմաբաններին։ Հավանաբար Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չէ, որ Սուրեն Երեմյանը, ի պատիվ իրեն, վերանայեց իր հայացքները և հետագայում Ուրարտուն համարում էր հայկական պետություն։

Ինչ վերաբերում է «գավառական․․․հայդատական» պատմագիտությանը, ապա Լևոն Տեր-Պետրոսյանին հարկ է հիշեցնել, որ նա անկախ Հայաստանի առաջին նախագահն է եղել 1991-1998թթ․ և եթե անկախության շրջանի պատմագրությունը դարձել է այդպիսին, ապա, ո՞վ է պատասխանատու։

Ամեն դեպքում անհասկանալի է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ նշում է, որ «եթե թուրք-ադրբեջանցիները կեղծում են պատմությունը, արդյոք մենք նույնպե՞ս պետք է կեղծենք», երևույթն անվանելով «դեգրադացիա» ( այլասերություն), ո՞ւմ նկատի ունի՝ խորհրդայի՞ն, անկախությա՞ն շրջանի, թե՞ նոր հայեցակարգի հեղինակներին։

Կարելի է եզրակացնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնած այս մանվածապատ տեսակետը պաշտպանում է իշխանությունների կողմից ներկայացված նոր հայեցակարգը, բացի այն, որ  իր սիրելի Ուրարտուն այնտեղ ներկայացված է, որպես Արարատյան կամ Վանի հայկական թագավորություն։

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31