Աշխարհում մարդասիրական մեծամասշտաբ գործունեություն իրականացնող, թերևս, ամենահին կառույցը 1863 թվականին շվեյցարացի Անրի Դյունանի հիմնադրած Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է։ Այսօր տարբեր բնագավառներում հասարակական հիմունքներով գործող կազմակերպությունն իր աշխատանքները մեկնարկել էր՝ հիվանդ ու վիրավոր մարտիկներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու նպատակով։ Կամավորական կազմակերպության հիմնադրումից ավելի քան քառասուն տարի անց Դյունանը արժանացավ պատմության մեջ առաջին «Խաղաղության» Նոբելյան մրցանակի։
Դեռևս 1877 թվականից մեր երկրում աշխատանքներ իրականացնող խաչականները միայն հաջորդ դարասկզբին արժանացան ուշադրության։ 1920 թ. մարտի 19-ին Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը հաստատեց ընկերության կանոնադրությունը։
Այսօր հայ խաչականները ակտիվ են բոլոր բնագավառներում և շարունակում են անշահախնդիր կատարել իրենց աշխատանքը. կամավորների մեծ մասը երիտասարդներ են, որոնք ներդրում են ողջ ներուժը՝ ի բարօրություն մյուսների:
Անին նրանցից մեկն է: 14 տարեկանից գրեթե ամեն օրն անցկացնում է Հայկական Կարմիր խաչի գրասենյակում, խոստովանում է՝ նման գրաֆիկից երբեք չի հոգնի:
Կարդացեք նաև
Առաջին տպավորությունների մասին խոսելիս՝ ժպիտով է հիշում ներքին լարվածությունն ու հպարտանում, որ կարողացավ հաղթահարել սեփական վախերը՝ դառնալով մարդասիրական գործունեություն իրականացնող ամենաերիտասարդ կամավորն ամբողջ ընկերությունում:
«9-րդ դասարանում որոշում կայացրի ընդունվել միջազգային դպրոց, ընդունելության համար պարտադիր պայման էր հասարակական ակտիվությունը, և ինձ խորհուրդ տվեցին անդամագրվել Հայկական Կարմիր խաչում՝ որպես կամավոր, գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու համար դա լավագույն ընտրությունն էր: 2017-ի տարեվերջին կատարեցի առաջին այցս Չարբախի հանրակացարան, որտեղ պետք է երեխաների հետ միասին պատրաստեինք օրիգամիներ»:
Չնայած դժվարություններին և հոգեպես անպատրաստ լինելուն՝ կարճ ժամանակահատվածում ամաչկոտ և ներամփոփ աղջիկն իր մեջ ուժ գտավ թիմի առաջատար անդամ դառնալու համար: Մեկ տարի քրտնաջան աշխատանքից հետո Անին ստանձնեց խմբի լիդերի պարտականությունները և սեփական նախաձեռնությամբ սկսեց ամեն երկուշաբթի այցելել հանրակացարանում բնակվող անապահով երեխաներին՝ նրանց դասապատրաստման աշխատանքներում օգնելու: Երեք ժամյա պարապմունքների շնորհիվ երեխաները նորանոր հաջողություններ են գրանցում դպրոցում, բացի այդ կամավորներն օգնում են ժամանցային հետաքրքրություններ զարգացնելուն, ինչպես նաև ամեն ամիս կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ, օրինակ՝ այցելություն թանգարաններ, ժամանցային խաղեր և այլն:
Անին սեփական օրինակով վարակում է իր հասակակիցներին և ամեն նոր գաղափարի հետ միասին ավելացնում է համախոհների թիվը: Շարքային կամավորից դարձել է մի ամբողջ ակումբի ղեկավար, կամ ինչպես ինքն է սիրում ասել՝ թիմի լիդեր. դեռահաս աղջկա կամավորների թիվը հասնում է 300-ի:
«Երբ ես նոր էի եկել Կարմիր խաչ «Սմայլի» ակումբում քիչ թվով կամավորներ կային․ մեր աշխատանքը մեծամասամբ չէր լուսաբանվում։ Ժամանակի ընթացքում մեր թիմի անդամների թիվը կրկնապատկվեց և գործունեության շրջանակներն ընդլայնվեցին:
Վերջերս ենք վերսկսել շահառուների հետ հանդիպումները, իհարկե խստորեն հետևում ենք անվտանգության բոլոր սահմանված կանոններին. մինչ այս հեռավար էինք շփվում երեխաների հետ: Ընդամենը մեկ սենյակում մենք ամեն օր ընդունում ենք մեր ակումբի շահառուներին, հուսամ ապագայում ևս մեկ սենյակ կունենանք:
Տարիների ընթացքում եղել են դժվար պահեր, որոնք անհաղթահարելի են թվացել: Հիմա վստահ կարող եմ ասել, որ բոլոր դժվար օրերը մնացել են անցյալում: Մեր հարազատ ակումբն օրեցօր ծաղկունք է ապրում: Մենք էլ շարունակում ենք ամենօրյա աշխատանքն ու նոր նախաձեռնություններ են կյանքի կոչում»: Հարցիս, թե՝ ընդունվե՞ց միջազգային դպրոց, աղջիկը ժպիտով պատասխանեց․ «Լավ ստացվեց, որ չընդունվեցի, հակառակ դեպքում հիմա չէի զբաղվի իմ սիրելի գործով»։
Կարելի է ասել, որ այս տարիքում աղջիկն արդեն հասարակական ակտիվության մեծ փորձ ունի: Անցած տարի, օգոստոս ամսին սեփական նախաձեռնությամբ ներկայացրել է բնապահպանական ծրագիր, որը միտված էր Աջափնյակ վարչական շրջանի շրջակա միջավայրի մաքրությանը և դրա հետ մեկտեղում էր առողջ ապրելակերպը: Կամավորների թիմը երկու ժամում՝ 1.5կմ վազքի ընթացքում հավաքել, տեսակավորել էր փողոցում թափված աղբը, որը կշռում էր 50կգ և ամբողջությամբ հանձնել էր այն վերամշակման:
Մեր հերոսի դեպքում կամավորական աշխատանքը և կրթությունը միանգամայն համատեղելի զբաղմունքներ են։ Անին ավագ դպրոցում աչքի է ընկնում գերազանց առաջադիմությամբ։ Փոքրիկ կամավորն այստեղ էլ բաց չի թողել առիթը՝ Աշակերտական խորհրդի փոխնախագահն է։ Երբեմնի ամաչկոտ աղջիկը հիմա կազմակերպում է սեմինարներ ինքնադրսևորման թեմայով և համադպրոցականների հետ կիսվում է ձեռք բերած հմտություններով։
«Covid-19-ի համավարակի ընթացքում իրազեկման ծրագրում ներգրաված եմ եղել, որպես Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատու. ընկերներով միասին շրջում էինք փողոցներով ու բակերով, բաժանում էինք ինֆորմացիոն թռուցիկներ, իհարկե դիմակներ և ձեռնոցներ՝ անցորդներին տեղեկացնում էինք համավարակի վտանգների մասին»:
Կամավորական աշխատանքից զատ, Անին մասնակցում է միջազգային տարբեր ֆորումների և արտերկրում բազմիցս ներկայացրել է մեր երկիրը: Ինչպես նաև մշակում և նախագծում է ստարտափներ, օրինակ՝ Վրաստանում կայացած երիտասարդական մրցույթներից մեկում Անին օտարազգի իր թիմակիցների հետ ներկայացրել էր գործազուրկ մարդկանց համար աշխատանք գտնելու նպատակով կայք ստեղծելու նախագիծ, որը մրցույթում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Այս տարի նույնպես պետք է մեկներ արտասահման, որպես Հայաստանի պատվիրակ, բայց համավարակը խափանեց բոլոր պլանները:
Խոսելով ապագայի պլաններից՝ աղջնակը պատրաստակամորեն շեշտեց՝ չի դադարեցնի իր կամավորական աշխատանքը, ինչն իր համոզմամբ չի զիջի բարձրագույն կրթություն ստանալու ցանկությանը։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է տոնական միջոցառում․ 2019-ին առաջին անգամ հայտարարվեց մրցույթ։ Անին առաջադրվեց պատվավոր «Տարվա առաջնորդ» անվանակարգում և արժանիորեն ստացավ առաջին կարգի մրցանակ։
Կամավորի աշխատանքը մարդկության պատմության ընթացքում, գրեթե միշտ եղել է անվարձատրելի, բայց խրախուսելի զբաղմունք։
Մարդասիրական գործունեություն իրականացնող մարդու աշխատանքն անգնահատելի է բառի դրական և բացասական իմաստներով։ Նրանց ցուցաբերած կամքն ու աշխատանքի հանդեպ նվիրումը վարձատրելու միակ արժանի միջոցը սրտանց ասված «շնորհակալությունն» է։
Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ