Այսօր երեկոյան Ամուլսար տանող ճանապարհի տարածքից, որտեղ գտնվում է «Լիդիան Արմենիա» ընկերության երկրորդ պահակակետը, մի քանի երիտասարդների ոստիկանները բերման ենթարկեցին: Նրանք փակել էին դեպի Ջերմուկ տանող գլխավոր ճանապարհը: Ոստիկանները ուժով հեռացրին ցույցի մասնակիցներին: Նրանց էլ, որոնք չէին ենթարկվում ոստիկանների օրինական պահանջին, կրկին ուժով նստեցրին ոստիկանական ավտոմեքենաները եւ տեղափոխեցին բաժին:
Ցուցարարները մեկը մյուսին հորդորում էին ձեռքները վերեւ բարձրացնել՝ ասելով՝ ժողովուրդ ցույց տվեք, որ մենք խաղաղ ենք:
Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի ընթացքում ցույցի մասնակից քաղաքացու ոտքը վնասվեց: Ըստ ականատեսների, ոստիկանության մեքենան անցել էր երիտասարդ տղայի ոտքի վրայով:
«Ինչի՞ ես էսքան միլիցեքին հավաքել եկել, գնացե՛ք, որ չեք կարողանում մեր անվտանգությունը պաշտպանել»,-այնտեղ գտնվող ոստիկանության մարզային ստորաբաժանման պետ Գեւորգ Ազիզյանին դիմելով ասում էին ցույցի մասնակիցները: Ի պատասխան, պարոն Ազիզյանն ասաց՝ ոչ մի բան դիտավարությամբ չի եղել:
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցներից ոմանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին դիմում՝ հրավիրելով Ամուլսարի տարածք: Ցույցի մասնակիցները որոշեցին բողոքը շարունակել նստացույցով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ