Օգոստոսի 2-ին Արտաշատում ոստիկանների վրա հարձակում կատարած երկու եղբայրներն էլ ձերբակալված են:
Այս մասին Aravot.am-ին ասաց եղբայրներից Խաժակ Հայրապետյանի պաշտպան Գոռ Մարգարյանը: Հայրապետյան եղբայրներից մյուսը դեռ պաշտպան չունի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արտաշատ քաղաքի բնակչուհի և հայտնել, որ ծանոթն իրեն ծեծում է և կոտրում տան դուռը: Նկատելով մոտեցող ոստիկաններին՝ տղամարդը խոհանոցային դանակը դրել է իր վզին ու սպառնացել վնասել իրեն:
Ոստիկանության ծառայողները, վերջինիս հետ խոսելով, համոզել են և հրավիրել ոստիկանության բաժին: Տղամարդը, դանակն իր վզին պահած վիճակում, ոստիկանների և եղբոր ուղեկցությամբ, քայլելով գնացել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ՝ միջանցքում, դանակը թափահարելով հարձակվել է ոստիկանների վրա, և երբ վերջիններս փորձել են վնասազերծել նրան, դանակով հարվածել է ոստիկանության ՀՈԲ ավագ տեսուչի աջ ոտքին՝ պատճառելով վնասվածք: Նույն պահին նրա եղբայրը քարով հարձակվել է ոստիկանների վրա, սակայն չի հասցրել որևէ մեկին հարվածել, քանի որ ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել են:
Կարդացեք նաև
Խաժակ Հայրապետյանի պաշտպանը մեզ հետ զրույցում չցանկացավ հայտնել, թե ով էր ոստիկանություն ահազանգող կինը ու ինչ կապ է ունեցել եղբայրների հետ, ասաց՝ նախաքննության գաղտնիք է: Նա նաեւ ասաց, որ իր պաշտպանյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը՝ ոստիկանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելու ու դիմադրություն ցույց տալու մասով: Դանակով իրեն վնասելու սպառնալիքն էլ , ըստ մեր զրուցակցի, Խաժակ Հայրապետյանի եղբայրն է կատարել: Միջադեպի այլ հանգամանքներ, ըստ նրա, ճշտվում են: Փաստաբանը նաեւ ասաց, որ փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու, թե եղբայրներն արդյոք դեպքի պահին եղել են ալկոհոլի ազդեցության տակ, թե՝ ոչ:
Նրա խոսքով, իր պաշտպանյալն ամուսնալուծված է ու այս պահին գործազուրկ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ