Արտակարգ և լիազոր դեսպան (Լիբանանի Հանրապետություն 1998-2001թ.թ.) Արման Նավասարդյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Լիբանանից իրեն տեղեկացրել են՝ նման պայթյուն Լիբանանը պատմության ընթացքում չի տեսել:
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ի երեկոյան հզոր պայթյուն էր տեղի ունեցել Լիբանանում` Բեյրութի նավահանգստում։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն հարյուր հոգի, վիրավորների թիվը մոտ 4 հազար է։ Բեյրութի քաղաքապետ Մարվան Աբուդը հայտարարել է, որ անօթևան է դարձել 200 հազարից մինչև 250 հազար մարդ, իսկ նյութական վնասը գնահատվում է 3-5 միլիարդ դոլար։
Aravot.am-ը Արման Նավասարդյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս պայթյունի առաջացման հարցում գործոն կարո՞ղ են լինել Լիբանանի սոցիալ-տնտեսական կյանքում եղած արատավոր երևույթները: Նա պատասխանեց. «Ոչ մի վարկած, որ ասվում է, չի կարելի ընդունել որպես ճշմարտություն, որովհետև իրոք, այնտեղ կարող են լինել մի քանի տարբերակներ: Ես լավ գիտեմ այդ նավահանգիստը. այն շատ մեծ է, այնտեղ նաև մեծ պահեստներ կան պայթուցիկ, քիմիական նյութերի և այլն: Այնպես որ, ամեն ինչ կարող էր այստեղ տեղի ունեցած լինել: Խնդիրն այն է, որ Լիբանանն ինքն անկախ որևէ բանից՝ այս պայթյունից կամ մյուս երևույթներից, նստած է հրաբուխի վրա: Արդեն քանիերորդ տարին է՝ մասնավորապես Սիրիայի հետ հարաբերությունները այդպես զարգանալուց հետո: Եվ ընդհանրապես Լիբանանի վրա, ես ասում եմ, անեծքի նման մի բան կա: Վեցօրյա պատերազմից հետո անընդհատ կատակլիզմների մեջ է: Մինչև 1974 թվականի քաղաքացիական պատերազմը, որը գրեթե քսան տարի տևեց, դրանից առաջ Լիբանանը կոչում էին փոքր Փարիզ, էլ չեմ ասում հայկական սփյուռքի առումով համարվում էր երկրորդ Հայաստան»:
Արման Նավասարդյանը պատմեց՝ առաջին անգամ 1969-ին է եղել այնտեղ. մոտ 300 հազարանոց հայ համայնք կար: Իսկ այսօր հայ համայնքը կազմված է ընդամենը 40-45 հազար մարդուց և անընդհատ նվազում է:
Կարդացեք նաև
Երկիր դրախտավայր համարվող Լիբանանն, ըստ Արման Նավասարդյանի, արդեն մի քանի տարի է, տնտեսական աղետի պատճառով հայտնվել է սովի ճիրաններում:
Արման Նավասարդյանը մեկ այլ հանգամանք էլ մատնանշեց. «Այստեղ մի նոր բան տեղի ունեցավ, որի վրա ուշադրություն չեն դարձնում: Կիպրոսի, Հունաստանի առափնյա ջրերում կան նավթ, գազ և այլն, որոնց շուրջ հիմա գնում է ուժեղ քաղաքական պայքար տարբեր պետությունների միջև: Որոշ պետություններ ստորագրել են շահագործման համաձայնագրեր, որոշ պետություններ պայքարում են դրա համար, ԱՄՆ-ը մինչև այս պայթյունը շատ բացասական դիրքորոշում ուներ Լիբանանի նկատմամբ՝ ասելով՝ քանի այս պետությունն ու կարգերն են, մենք ոչ մի օգնություն նրանց ցուցաբերել չենք կարող: Իսկ Լիբանանը միշտ եղել ու գոյություն է ունեցել օտար կապիտալի վրա՝ ԱՄՆ, Սաուդյան Արաբիա: Սաուդյան Արաբիան ևս կարծես Լիբանանից երես է թեքել: Եվ, փաստորեն, եթե նույնիսկ ասվում է, որ ներքին խնդիրներ կան, միանշանակ արտաքին աշխարհը, մեծ տերությունները փորձում են խաղարկել լիբանանյան քարտը, և ամեն մեկը փորձում է իր կողմը քաշել»:
Արման Նավասարդյանի փաստմամբ՝ Լիբանանի հայ համայնքը ցածր իրավիճակում է գտնվում, բացի այս ամենից, վերջին շրջանում այնտեղ ավելացել է նաև թուրքական վտանգը: Այս առիթով պարզաբանեց. «Առաջ դա գոյություն չուներ: Ես երբ այնտեղ աշխատում էի, անգամ ադրբեջանական դեսպանություն չունեին: Հիմա դա էլ կա, և թուրքերն ամեն ինչ անում են օգտագործելու համար իրենց հնարավորությունները՝ իրենց հնարավորություններով ճնշելու հայ համայնքը՝ բարոյական, ուսումնական, մշակութային և այլ հարցերում»:
Ըստ արտակարգ և լիազոր դեսպանի՝ պետք է ներգաղթ կազմակերպել Լիբանանից: Նա հիշեցրեց, որ երեք տարուց ավելի է՝ ասում է այս մասին. «Լիբանանը դատապարտված է ձուլման, դրա համար գոնե հնարավորինս ամեն ինչ պիտի անել փրկելու համար համայնքի այն մասսային, որը ցանկություն ունի և պատրաստ է գալ Հայաստան: Իսկ նման լիբանանահայեր շատ կան, որ սիրով կգան Հայաստան և բեռ էլ չեն դառնա Հայաստանի վրա: Ինքնաբավ մասսա է, որ կարող է գալ ու բնակվել այստեղ ու լուծել ապրուստի հարց: Սակայն գոնե նվազագույն կերպով պիտի կազմակերպվի այդ ներգաղթը: Կան այնտեղ նաև քրիստոնյա արաբներ, որոնք ասում են, եթե երկրում քաղաքացիական պատերազմ սկսվի, և հարց լինի հեռանալ երկրից, ապա նրանք կընտրեն Հայաստանը»:
Արման Նավաարդյանն ասաց՝ չի կարողանում հասկանալ, երբ այս իշխանությունը նոր էր ձևավորվել, առաջին հարցերից մեկը դրվեց ներգաղթի կազմակերպման հարցը, որ Հայաստանի ծրագրերի մեջ է մտնում, բայց վերջերս Զարեհ Սինանյանի կողմից հայտարարություններ եղան, որ ներգաղթը չի մտնում ՀՀ-ի արտաքին քաղաքականության ծրագրերի մեջ: Ըստ Արման Նավասարդյանի՝ դա քաղաքական կարճատեսություն է և չի բխում ո′չ Հայաստանի, ո′չ սփյուռքի շահերից:
Արման Նավասարդյանի համոզմամբ՝ Հայաստանը անպայման պետք է մարդասիրական օգնություն ուղարկի Լիբանանին, քանի որ մեծ ողբերգություն է տեղի ունեցել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ