«Կառույցը, ինչպես քաղաքապետն ասում է, իսկապես եղել է, և 2012-ի պայքարի ժամանակ խոսքը դրան ավելացված ինչ-որ բաների մասին էր»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մաշտոցի պուրակում ծառերի հատմանը և տարածքի բետոնապատմանը, ասաց կրթության փորձագետ Վահրամ Սողոմոնյանը, որը 2012 թվականին մասնակցում էր Մաշտոցի պուրակի ցույցերին։
Նա հավելեց, որ երևույթին վատ է վերաբերվում, և համարում է, որ այդ կառույցը ևս պետք է վերացվի այգուց։ Նա կարծում է, որ ներկայիս քաղաքային իշխանությունները բավարար լեգիտիմություն ունեն դա անելու համար․ «Հիմա շատ մարդիկ մեր ընկերներից, մեր համախոհներից գտնվում են խորհրդարանում և Երևանի ավագանիում և կառավարությունում։ Եվ նրանց մի մասը ակտիվ ջանքեր է գործադրում հիմա, ես էլ կապի մեջ եմ իրենց հետ։ Հուսով եմ, որ նմանատիպ բոլոր խնդիրները կլուծվեն հօգուտ հանրային տարածքի»։
Նկատառմանը, թե պուրակի համար պայքարողների իշխանության ընթացքում են կատարվում այդ գործողությունները, Վահրամ Սողոմոնյանը պատասխանեց․ «Հին օրենքների զգալի մասը, որոնք խնդիրներ են հարուցում և խոչընդոտ են հարցերը լուծելու համար, պետք է վաղուց փոխված լիներ։ Այսինքն՝ մենք ունենք ապօրինի կառույցների օրինականացման խայտառակ կարգավորումներ, մեր խորհրդարանը պետք է վաղուց արտակարգ նիստ գումարեր այդ փաթեթը ընդուներ, որ Երևանի քաղաքապետը կարողանար հանգիստ գործեր։ Եվ կառավարությունը պետք է վերացնի և փոխի իր նախկին որոշումները, քանի որ ըստ էության մենք դարձել ենք ՀՀԿ-ի օրենքների գերին։ Հիմա այս օրենքները օգտագործում են մեր դեմ, ինչպես քաղաքապետը ասաց, ամեն մի կրպակ ունի ինչ-որ իրավաբանների խումբ, որն ակտիվ պայքարում է հանրային տարածքի դեմ։ Ես հավատում եմ քաղաքապետի այս ազնիվ մղումներին, բայց կարծում եմ՝ քաղաքական թիմը պետք է աջակցի նրան, այսպիսի հարցերը ժամանակին լուծելով և այսպիսի վիճակի չհասցնելով»։
Վահրամ Սողոմոնյանի խոսքերով՝ բոլոր նրանք, ովքեր պայքարել են Մաշտոցի պուրակի համար, և այժմ պաշտոններ են զբաղեցնում, շարունակում են պայքարել պուրակի համար, սակայն պետք է ավելի արդյունավետ դառնա այդ պայքարը․ «Եվ այսպիսի ճգնաժամերը առիթ են տալիս նորից հասկանալու, թե ինչն է դանդաղում և հարկ կա ավելի արագացնելու։ Դա վերաբերվում է թե՛ Մաշտոցի պուրակին, թե՛ Ֆիրդուսի հարցին, թե՛ ընդհանրապես քաղաքը բիզնես դարձրած քաղաքականությունը վերացնելուն, այդ մոտեցումը ընդհանրապես չեղարկելուն և նոր տեսլական որդեգրելուն։ Սա լուրջ խնդիր է, և գաղափարական խնդիր է»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ