«Կարծում եմ, որ դա սխալ է, և հարցը զուտ սենտիմենտալ չէ, այն, որ ընկերներիս և տասնյակ այլ մարդկանց հետ միասին, 8 տարի առաջ մասնակցել եմ պուրակի պաշտպանությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մաշտոցի պուրակում ծառերի հատմանը և տարածքի բետոնապատմանը, ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։
Նա նշեց, որ Մաշտոցի պուրակը քաղաքացիական հասարակության համար փորձաքար էր․ Մարտի 1-ի իրադարձությունից հետո հասարակությունը նոր փորձում էր հավաքվել որպես քաղաքացիական հասարակություն․ «Պատահական չէ, որ այդ տասնամյակում ձևավորում էին ոչ թե կուսակցություններ, այլ շարժումներ՝ բնապահպանական, քաղաքաշինական, ճարտարապետական․ իրենք փոքր խմբեր էին, և Մաշտոցի պուրակը դարձավ այն դարբնոցը, որտեղ հասարակությունը Մարտի 1-ի ճգնաժամից հետո նորից վերակառուցվեց որպես քաղաքացիական։ Եվ հետագայում, փաստորեն, շատ ու շատ բաներ սկսվել են այդ օրերին։ Այնպես, որ լինելով կամ անվանելով իրենց հեղափոխական, այս իշխանությունները չէին կարող դա չհասկանալ։ Հիմա այս առումով՝ այն չնչին եկամուտները, որն, ըստ երևույթին, ստացավ քաղաքապետարանը, անհամեմատ է այն կորուստներին, որը մտավորականներին և ոչ այդքան քաղաքականացված մարդկանց աչքերում տարավ իշխանությունը»։
Տիգրան Խզմալյանը նկատեց, որ Մաշտոցի պուրակում ծառերի հատումը և տարածքի բետոնապատումը համընկել է մի քանի այլ խորհրդանշական քայլերի հետ․ «Դա Ամուլսարն է, իհարկե՛։ Ես ուղիղ կապ եմ տեսնում դրանց մեջ, միգուցե դա պատահականություն է, բայց տարիներ անց պարզվում է, որ քաղաքականության մեջ պատահականություններ չկան։ Այն, որ նույն իշխանությունը նույն օրերին, փաստորեն, կանգնեց մեկ այլ փոցխի վրա, և հանդգնեց ևս մեկ մարտահրավեր նետել նույն քաղաքացիական հասարակությանը, նույն բնապահպանական ակտիվիստներին, նույն ոչ այնքան քաղաքականցված, այլ ուղղակի պարզ, արդարություն փնտրող, հույսեր փայփայող այն երիտասարդությանը, որի համար Ամուլսարը ոչ միայն բնապահպանական, այլ նաև քաղաքացիական և քաղաքական հասունացման դպրոց էր, այդ տարիները՝ Ամուլսարի պայքարը։
Հիմա, փաստորեն, երկրորդ հարված ստացան, և դա նույնպես մարտահրավերի պես բան էր, հանդուգն, թե տեսեք, մենք դա կարող ենք անել։ Եվ այն, որ փաստորեն, դա նույն օրերին է կատարվում, սա շատ ծանր տպավորություն է թողնում։
Կարդացեք նաև
Եվ ի վերջո կա նաև երրորդ հանգամանքը, որ հենց այդ օրերին մենք տեսնում ենք, որ Ժիրայր Սեֆիլյանի դեմ սկսվում են նոր հետապնդումներ, բավական տհաճ, տգեղ և համարյա անհեթեթ պատճառներով։ Այսինքն՝ մենք տեսանք, որ շատ կարճ ժամանակահատվածում, տառացիորեն հաշված օրերի ընթացքում իշխանությունները վերադարձան այն դիրքերին, որոնք բնորոշում էին, այսպես կոչված, անիծյալ հին ռեժիմը։ Ե՛վ՛ Ամուլսարում, և՛ պուրակում, և՛ Ժիրայրի հարցով միավորվեցին հասարակական գիտակցության մեջ և ստեղծեցին, իմ կարծիքով անելանելի և շատ ծանր վիճակ ներկա իշխանությունների համար»։
Մեր նկատառմանը, թե Մաշտոցի պուրակի համար 2012-ին պայքարող բնապահպան ակտիվիստները Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրին, որ հիմա ավելի կարևոր խնդիրներ կան Ամուլսարում. իրենք Ջերմուկում են, դրա համար Երևանում չեն պայքարում Մաշտոցի պուրակի համար, նա պատասխանեց. «Մենք ոչ թե չենք գնում Մաշտոցի պուրակը պաշտպանելու, դա գոտկատեղից ներքև հարված էր արված էր շատ արագ, շատ թաքուն, կարճ ժամանակում։ Եվ այս առումով՝ խնդիրը այն չէ, որ Ամուլսարը ավելի կարևոր է, քան Մաշտոցի պուրակը, կարևոր է ամեն ինչ։ Ուղղակի այդ ամենը համալիր է արդեն։ Ամուլսարը վտանգում է մեր ապագա սերունդների առողջությունը, Մաշտոցի պուրակը այս առումով այդքան վտանգավոր չէ։ Բայց դա իշխանության սանձազերծ, լկտի պահվածքի խորհրդանիշն է ուղղակի։ Այս առումով, դա ոչ պակաս կարևոր է։ Ամեն տեղ վիրավորվում է քաղաքացիական խիղճը, քաղաքացիական արդարության զգացումը»։
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչ-որ գործողություններ պատրաստվո՞ւմ է կատարել՝ Մաշտոցի պուրակի պաշտպանության ուղղությամբ, Տիգրան Խզմալյանը պատասխանեց, որ Ազգային ժողովրդավարական բևեռը երեքշաբթի առցանց խորհրդակցություն է կազմակերպել։ Որոշում է կայացվել հինգշաբթի հանդիպում կազմակերպել և քննարկել այս բոլոր հարցերը․ «Կրկնում եմ՝ պուրակը տվյալ դեպքում առաջնահերթություն չէ։ Որպես Եվրոպական կուսակցության նախագահ՝ դիտում եմ սա որպես քաղաքական մոտալուտ լուրջ ճգնաժամի ցուցիչ։ Եվ վստահ եմ, որ մենք շատ շուտով կտեսնենք կտրուկ փոփոխություններ քաղաքական լանդշաֆտում։ Եվ այն շտապողականությունը, որ Փաշինյանի կառավարությունը կատարում է այս սխալները, վկայում է, որ այնտեղ կա՛մ չեն գիտակցում՝ ինչ են անում, կա՛մ շտապում են ինչ-որ հարցեր արագ լուծել հեղափոխությունից առաջ»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ