Հաշվի առնելով ներքին զբոսաշրջության ակտիվությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս շարունակել է լայնածավալ ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի հյուրանոցներում ու հանգստյան տներում։
Տեսչական դիտարկումները լուրջ խախտումներ են արձանագրել Ծաղկաձորի մի շարք հյուրանոցներում. նախորդիվ ևս այս քաղաքում արձանագրվել էին տարատեսակ թերություններ, որոնց հիմքով և պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումներ էին կայացվել։ Այսօր արձանագրված խախտումները ևս կներկայացվեն պարետին։
Հանրապետության մի շարք քաղաքներում զուգահեռ տարվող դիտարկումներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել այլ հանգստյան տներում։ Հիմնական թերությունները եղել են տեղում շտկման ենթակա, ինչի վերաբերյալ և տնտեսավարողներին տրվել է խորհրդատվություն և դրանք վերացնելու ցուցում։
ԱԱՏՄ մասնագետներն այսօր դիտարկումներ են անցկացրել նաև Երևանում գործող մի շարք խոշոր հյուրանոցներում։
Ստուգայցերի ընթացքում դիտարկվում է համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանված անվտանգության կանոնների պահպանումը։ Տվյալ դեպքում ուշադրության են առնվում հյուրանոցային համալիրների ողջ տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանումը, սահմանված կանոնների կիրառման համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը, ինչպես նաև ախտահանման, աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների վարման գործընթացը։
Կարդացեք նաև
Դիտարկվում է այցելուների շրջանում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ իրազեկման ընթացքը, ներառյալ՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցված լինելը։
Տեսչական մարմինը հորդորում է խստագույնս կատարել անվտանգության բոլոր կանոնները, որոնց համակցված պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել համավարակի տարածման կասեցումը։
ՀՀ կառավարություն