Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասաց, որ պարետատունը առաջնահերթ ուշադրություն է դարձրել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա։ Եվ արդեն մշակել են մոդելներ, թե ինչպես են վերաբացելու հանրակրթական օջախները, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Այսօր տեղի է ունեցել առաջին քննարկումը, և մինչև օգոստոսի 10-ը վերջնական ծրագիրը կներկայացնեն։
«Ընդհանուր առմամբ, նմանատիպ ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար՝ դեռևս փակ։ Ուզում եմ նշել, որ չնայած որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել, նաև էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված։ Մասնավորապես՝ վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների հարցը, վերանայվելու են հատուկ ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումներ, վերանայվելու են հանրահավաք անցկացնելու հարցերը, վերանայվելու են հանրային միջոցառման հարցերը։ Եվ այս բոլոր հարցերի փաթեթը, իհարկե՛, կախված համաճարակային իրավիճակից և ընդհանուր, եթե այս բարելավվող միտումը, եթե պահպանվի, որը միանշանակ կախված է մեր վարքագծից, որ միանշանակ ուղիղ կապ ունի, թե արդյոք մենք պահպանում ենք այն կանոնները, որոնք որ սահմանվել են պարետատան կողմից, դրանք մեզ թույլ կտան, իհարկե՛, վերանայել այն բոլոր սահմանափակումները, որոնք որ փաստացի առկա են արտակարգ դրության ռեժիմով սահմանված կառավարության որոշման նախագծում։ Եվ այդ նախագծով օգոստոսի 12-ին հնարավորություն կունենանք էականորեն բարելավել որոշ ուղղություններով մեր սահմանափակումները»,- ասաց նա։
Տիգրան Ավինյանը հայտնեց, որ երևի թե սա կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը, որից հետո Ազգային ժողովում կքննարկեն արտակարգ իրավիճակներով պայմանավորված օրենքներում փոփոխությունների իրականացման հարցը․ «Եթե շարունակաբար կրկին մենք պահպանենք կանոնները, և համաճարակային իրավիճակը շարունակի դրական այս միտումը, մենք գնալով ավելի ու ավելի կվերադառնանք մեր բնականոն կյանքին։ Եվ օգոստոսի 12-ին արդեն վերջնական ամբողջական լուծումները և՛ ոլորտային վերաբացումների հետ կապված, և՛ հանրային միջոցառումների հետ կապված, և՛ հանրահավաքների հետ կապված, և՛ օտարերկյա քաղաքացիների մուտքի հետ կապված, և՛ մեր քաղաքացիների, որոնք որ պետք է մեկնեն արտագնա աշխատանքի, նրանց խնդիրների հետ կապված, կարծում եմ՝ մենք բոլոր լուծումները կհայտարարենք»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ