Այս պահին Ամուլսար տանող ճանապարհին, այսպես ասած, երկրորդ «պոստի» մոտ, մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված: Նշենք, որ բողոքի ցույցը շարունակվում է երեկվանից : Այսօր էլ մի խումբ բնապահպան-ակտիվիստներ, հարակից բնակավայրերի բնակիչներ Ջերմուկի «տաքսիների հրապարակից» ժամը երեկոյան հինգին, ի նշան բողոքի, ավտոերթ կազմակերպեցին դեպի Ամուլսարի տարածք: Նրանց վրդովեցրել էր, որ նախորդ գիշեր «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցները հանել էին Ամուլսարի պահապանների տնակներն ու դրանց փոխարեն տեղադրել իրենցը, որից հետո Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները կոչ էին արել հավաքվել Ամուլսարում։ Այսօր երկրորդ օրն է, որ Ամուլսարում կրքերը չեն հանդարտվում:
Ցույցի մասնակիցները պահանջում են դադարեցնել հանքի շահագործումը, կառավարությանն էլ կոչ են անում լուծում տալ այս հարցին:
«Ամուլսարը սար է», «Մենք ենք տերը մեր սարի» վանկարկումներով բնապահպանները փորձում էին մոտենալ հանքի պահակակետին, սակայն, ոստիկանները պատ կազմած՝ ցույցի մասնակիցներին թույլ չէին տալիս մոտենալ հանքի տարածքի պահակակետի վագոն-տնակին: Ոստիկանները հորդորում էին Ջերմուկ տանող գլխավոր ճանապարհն ազատել եւ սոցիալական հեռավորություն պահել: Ի պատասխան ցույցի մասնակիցները կատակում էին՝ եթե սոցիալական հեռավորություն պահենք, մեր ցույցը մինչեւ Երեւան կհասնի: Նրանք վանկարկում էին՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «Ամուլսարն առանց հանքի»:
Հիշեցնենք, որ երեկ Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առիթով վարչական ձերբակալման է ենթարկվել 10 անձ: Բացի դրանից, ըստ Ոստիկանության պարզաբանման՝ բերման է ենթարկվել «Լիդիան Արմենիայի» պահնորդական ընկերության թվով 4 աշխատակից:
Քիչ առաջ էլ «Լիդիան Արմենիա» ընկերությունը կրկին հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես նշված է.
«Ամուլսարի մատույցներում ապօրինություն իրականացնողների խմբավորումը երեկ քաշքշուկ սադրելու համար առիթ էր սարքել «Լիդիանի»՝ օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում ապօրինի գտնվող տնակների հեռացումը եւ «Լիդիանի» տնակների տեղադրումը։ Այս արիթով հարկ ենք համարում վերահաստատել։
Կարդացեք նաև
Զավեշտը՝ Երկու տարի շարունակ մի խումբ անձինք ապօրինաբար ներխուժել են «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածք, ընկերությանը պատկանող տարածքում տեղադրել են իրենց վագոն-տնակները՝ փակելով օրինական բոլոր թույլտվություններն ունեցող խոշոր ներդրողի մուտքը սեփական տարածք։ Երկու տարի այս տնակները շարունակել են ապօրինի գտնվել ճամփեզրին` «Լիդիանի» տարածքում, և ոչ ոք չի անհանգստացել ո’չ ապօրինությամբ, ո’չ այդ տնակների տեղադիրքով։ Հիմա, երբ «Լիդիանը» սեփական տարածքից հեռացրել է ապօրինի տեղադրված տնակները և նույն տեղադիրքում՝ ընկերությանը պատկանող տարածքում տեղադրել է շինարարական տնակներ, ապօրինություն իրականացնողները մեջբերում են ինչ-որ օրենք, որն իբր արգելում է ճամփեզրին տնակներ դնել: Փաստորեն երկու տարի այս մարդիկ չէին նկատում, որ իրենց՝ ապօրինի տեղադրված տնակները գտնվում էին ճամփեզրին։ Որքան կարելի է հասկանալ այդ տրամաբանությունից, ըստ ապօրինություն իրականացնողների՝ այլ ընկերությանը պատկանող տարածքում ճամփեզրին ապօրինի տեղադրված տնակները օրինական են, իսկ նույն վայրում օրինական տիրապետողի տնակները՝ ոչ։ Այս աբսուրդին նույնիսկ զավեշտալի է անդրադառնալ։
Օրենքը՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն
Ընդհանուր օգտագործմանավտոմոբիլային ճանապարհներիպաշտպանական գոտիների հողերը գտնվում են հողի սեփականատերերի տնօրինության տակ՝ տվյալ դեպքում՝ «Լիդիան Արմենիայի»։ Այսինքն՝ սեփականատերը իրավասու է անարգել իրականացնելու իր սեփականության իրավունքը, այդ թվում՝ Տեղադրել կամ կառուցել աշխատանք կատարողների համար ժամանակավոր վարչական գրասենյակներ։ Այսպիսով՝ թե’ օրենքի, թե’ տրամաբանության տեսանկյունից այս անհեթեթ շահարկումը համարում ենք փակված»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ