Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել սրբազան. «ԽՍՀՄ-ի տարիներին էլ դասագրքերում եկեղեցականներ կային, ուրեմն «Հայ եկեղեցու պատմությո՞ւն» էր դասավանդվում»

Օգոստոս 05,2020 18:39

«Մայր Աթոռ  Սուրբ էջմիածինն անընդունելի է համարում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից եւ սպասում է, որ պետական լիազոր կրթական մարմինը հարգի նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ առարկայի որպես առանձին բաղադրիչ դասավանդման առնչությամբ, եւ հաշվի առնվեն բոլոր այն մասնագիտական կարծիքները, որոնք մինչ այս պահը արտահայտվել են, եւ ըստ այդմ ՝ վերանայի իր մոտեցումը՝  տարրալուծելու «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլ առարկաների մեջ»,- թեմայի վերաբերյալ ասուլիսն ամփոփելով՝ Մայր Աթոռի դիրքորոշումը ներկայացրեց  Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ Քահանա Մելիքյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝  իրենց մտահոգությունների մասին վերջին անգամ ե՞րբ են հայտնել  ԿԳՄՍ նախարարությանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կրկին շեշտեց, որ մայիսի 12-ին է հանդիպել փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ. «Մայիսի 12-ից անցել է երեք ամիս, մի՞թե երեք ամսվա ընթացքում կառավարությունն ի վիճակի չէ  ենթահանձնախումբ ձեւավորելու… Եվ ինչո՞ւ պետք է մենք ի հեռաստանե խոսենք իրար հետ: Երբ  մայիսի 12-ին հանդիպել եմ փոխնախարարին, ես փոխանցել եմ իմ հեռախոսահամարը, ինքը՝ իր հեռախոսահամարը, եւ մենք որոշել ենք, որ ուղիղ  կապի մեջ պետք է լինենք մինյանց հետ, սակայն ուղղակի կապի  մեջ լինելու փոխարեն, տիկին փոխնախարարը իր հայտարարություն արեց, որ մենք իբր լիարժեք համագործակցում ենք, մինչդեռ կարող էր այդ հայտարարությունից առաջ ինձ հետ զրուցել եւ ընդհանուր հայտարարի գալուց հետո  ինչ-որ բան հայտարարել, բայց դա չեղավ եւ դրանից հետո բացարձակապես անհրաժեշտ չհամարեցի զանգահարել իրեն եւ ինչ-որ բացատրություն խնդրել… Ինձ հետ կապվելու խնդիր ոչ փոխնախարարը, ոչ էլ որեւիցե մեկը առայսօր չի ունեցել, եթե ես լրատվամիջոցի համար հասանելի եմ, փոխնախարարի ու նախարարի համար առավել եւս հասանելի եմ, եւ իմ բոլոր ելույթներից հետո իրենք կարո՞ղ էին ուղղակի կամ անուղղակի անդրադարձ ունենալ,  մինչդեռ որեւէ կապ հաստատելու փորձ չի եղել; Սա երկխոսությունից խուսափելու ջանք եւ ճիգ է»:

Սրբազանն ասաց, որ հանրակրթության  չափորոշիչների վերաբերյալ  իրենց դիրքորոշումն ուղարկել են, եւ պատասխանը չստացած՝ ասպարեզ են բերվել առարկայական չափորոշիչները, որոնցից  երեւում է, որ իրենց ուղարկած ոչ մի դիտողություն հաշվի չի առնվել: «Մենք տեխնոլոգիական դարում ենք ապրում, երբ իրար հետ կապ պաշտպանելը  պարզագույն բան է, ի՞նչ խնդիր կա ինձ հետ կամ Հայր Զաքարիայի հետ հարաբերվելու: Ինչու պետք է հարաբերվենք համացանցով… Մենք օտար կառույց չենք, Եվրախորհուրդ չենք, որ գտնվում ենք Ստրասբուրգում, ոչ էլ ՄԱԿ-ի գրասենյակ ենք, կից ապրող գործող, 2000  տարի  գործող կառույց ենք, ամենաերկար գործող կառույցը՝  հայ իրականության մեջ: Արդյոք պետք է մեզ հետ հարաբերվել  համացանցո՞վ, առավել եւս, որ վարչապետի ցանկությամբ է եղել, որ հանձնախմբերը ձեւավորվեն եւ  աշխատեն, երեւի իրենք փոշմանել են, որ այդպիսի որոշում են կայացրել»,-ասաց սրբազանը:

Պատասխանելով մեկ այլ լրագրողի հարցի՝  Մայր աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Զաքարիան էլ նշեց, որ չկա որեւէ առարկա, որը խնդիրներ չունի, որոշ խնդիրներ կան  նաեւ Հայ եկեղեցու պատմություն առարկայի հետ կապված, բայց խնդիրները լուծելու փոխարեն, ԿԳՄՍ նախարարությունը առանց քննարկելու, մասնագիտական կարծիքները լսելու, առարկան պարզապես հանում է. «Երկու տարի առաջ, ես իբրեւ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն՝ հանդիպեցի  ԿԳՄՍ նախարարի հետ, մեկուկես  ժամ պարզ անկեղծ զրույց  ենք ունեցել, եւ ես հետեւյալն եմ ասել, ոը կարող եմ բարձրաձայնել հիմա՝ Մայր աթոռ Սուրբ էջմիածինը պատրաստակամություն է հայտնում  ներկա դասագրքերի վերախմբագրմանը եւ ուսուցիչների վերապատրաստությանը… Ցավով եմ նշում, որ մեր բոլոր առաջարկները համագործակցության եւ երկխոսելու՝ պարզապես ձայն բարբառո անապատի են մնացել»:

Հայր սուրբն ընդգծեց, որ անընդունելի է այս առարկայի տարրալուծումը մյուս առարկաների մեջ,  եւ դա ոչ թե հակառակություն է, այլ  իրենց հստակ համոզումն է, որ այս առարկան իր ներկա վիճակով, նպատակներով եւ գաղափարաբանությամբ կարեւոր է մատաղ սերնդի դաստիարակության եւ կրթության համար: Նաեւ հավելեց, որ միշտ բաց են համագործակցության համար:

Միքայել սրբազանը ցավով նշեց, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում խորթ երեխայի կարգավիճակում է հայտնվել,  եւ համապատասխան հանձնաժողովի ստեղծման շնորհիվ այն դուրս կբերվեր այդ վիճակից, սակայն, ԿԳՄՍ նախարարությունը չի ցանկանում երկխոսել. «Նույնիսկ իր թերություններով հանդերձ՝ առարկան կայացել է, սիրվել է, վնաս չի տվել, եւ եթե կա ձեռքբերում, ուրեմն ինչո՞ւ քանդել այն եւ վերադառնալ սովետական դպրոցի սկզբունքին»:

Սրբազանը տարակուսանք է հայտնում՝ խորհրդային տարիներին էլ դասագրքերում բազմաթիվ եկեղեցականներ կային. «Ուրեմն ի՞նչ՝ սովետական ժամանակներում  «Հայ եկեղեցու պատմությո՞ւն» էր դասավանդվում, իհարկե՝ ոչ, դասավանդվում էր աթեիզմ եւ հակակրոնություն, բայց անխուսափելի էր անցնել, օրինակ, այբուբենի ստեղծումը եւ չանդրադառնալ Մաշտոցին, իհարկե չէր ասվում, որ նա վարդապետ է, հոգեւորական»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31