Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթները

Օգոստոս 05,2020 17:37

«Տեսալսողական մեդիայի մասին» և «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթները (այսուհետ՝ Օրենքներ) Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020 թվականի հուլիսի 20-ին:

Հանրապետության նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է Օրենքները, քննարկումներ կազմակերպել Ազգային ժողովի, տվյալ ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ այլ անձանց հետ, և համապատասխան վերլուծություն ներկայացրել Հանրապետության նախագահին:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը նպատակաուղղված է՝ ապահովել հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը, երաշխավորել կարծիքների արտահայտման իրավունքը, տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների անկախությունը, ինչպես նաև նպաստել տեսալսողական հաղորդումների բազմազանության զարգացմանը:

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքներով նախատեսված փոփոխություններն ի թիվս այլ հարցերի կարգավորում են նաև ընդերք-օգտագործման ոլորտում պոչամբարների անվտանգ կառուցման, ջրերի ռացիոնալ և շրջանառու համակարգերի ներդրման կիրառման օրենսդրական հիմքերը, որոնք նվազեցնում են շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերը նոր նախաձեռնությունների դեպքում:

Օրենքների լիարժեք կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է դրանց անցումային դրույթներով նախատեսված միջոցառումներն (համապատասխան միջկառավարական պայմանագրերի կնքում, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում) իրականացնել նախանշված ժամկետներում՝ ինչը բխում է և՜ գործարար միջավայրի, և՜ պետական, և՜ կառավարության կողմից վարվող քաղաքականության շահերից:

Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների իրացման և պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնց համաձայն տնտեսվարողները շահագրգռված կլինեն կամավորական սկզբունքով հետևել առաջարկվող կարգավորումներին:

Ըստ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և վերլուծությունների՝ Օրենքներն առերևույթ սահմանադրականության խնդիր չունեն:

Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքները:

Ստորագրելով Օրենքները՝ Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31