«Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին մեր ժողովրդի եւ քրիստոնեական ինքնության կարեւոր բաղադրիչներից է, իսկ Հայոց եկեղեցու պատմություն առարկան մեր նորանկախ երկրի կրթական ոլորտի կարեւորագույն ձեռքբերումներից է, որի բարերար ազդեցությունը մենք այս տասնհինգ տարիների ընթացքում զգացել ենք: Հայոց եկեղեցու պատմություն առարկայի նպատակն է ազգային ինքնագիտակցության եւ ինքնության ձեւավորումը եւ պատրաստումը, ամբողջացումը ազգային հոգեւոր նկարագրի»,- հանրակրթության չափորոշիչների թեմայով ասուլիսում հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
Հայր սուրբի խոսքերով, առարկան զուտ Ամենայն Հայոց կաթողիկոսների պատմության, կենսագրության շարադրանքը չէ, դասագրքերում կարելի է ծանոթանալ եկեղեցու պատմությանը, ազգային-հոգեւոր սովորություններին, տոներին, ծեսերին, քրիստոնեական արժեհամակարգին, եւ առարկայի շնորհիվ արմատներով հայրենիքին կապված, իսկ գիտելիքի շնորհիվ՝ աշխարհի առաջ բաց սերունդ է դաստիարակվում:
Հայր Զաքարիան փաստեց, որ ծնողների, աշակերտների հետ հանդիպումների եւ դասալսումների ժամանակ միշտ հիացական խոսքեր են լսել, առարկան նույնքան հետաքրքիր է եղել նաեւ ծնողների համար:
«ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաններն անընդհատ պնդում են, որ իրենք ընտրել են առարկայի ինտեգրման ճանապարհը, եւ որ առարկայի ամբողջ նյութը կարող ենք տեսնել տարբեր առարկաներում: Մինչդեռ այս առարկայի ինտեգրումը հնարավոր չէ, որովհետեւ սա միայն պատմության շարադրանք չէ: Դասագրքերում կան բազմաթիվ այլ թեմաներ, որոնք հնարավոր չէ մտցնել «Հայ ժողովրդի պատմության» կամ այլ առարկաների մեջ: Սա նմանվում է մի խեղանդամ մարդու, որի անդամները մասնատել են, ամեն մի անդամը դրել են մի տեղում, մարմնի մասերի որոշ մասն էլ չկա, բայց ասում են՝ երեխան պետք է պատկերացում կազմի այդ մարդու մասին:
Կարդացեք նաև
Ինտեգրման գործընթացում կորել է առաջնային նպատակը, ինտեգրված թեմաները դարձել են երկրորդական, երրորդական, չորրորդական, իսկ առարկայի բուն նպատակը խեղաթյուրվել է»,-ասաց Հայր Զաքարիան, ապա անդրադարձավ առարկայական չափորոշիչներին:
«Հայ եկեղեցու պատմություն» առարկան տարրալուծվել է «Ես եմ իմ հայրենիքը» եւ «Հայոց պատմություն» առարկաների մեջ: Առանձին թեմաներ ոչ քրիստոնեական տեսանկյունից կարող եք գտնել հասարակագիտություն առարկայում, այլ առարկաներում եւս: Բայց սրանք բովանդակային առումով ոչ մի կապ չունեն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ: Ամբողջությամբ դուրս է բերված հինգերորդ դասարանի դասագրքի նյութը, որը ներառում էր Աստվածաշունչ մատյանից վերցված ուսուցողական կրթադաստիարակչական նշանակություն ունեցող պատմությունները, եւ յուրաքանչյուր դասագիրք նաեւ հետեւյալ սկզբունքով էր պատրաստված՝ լրացուցիչ նյութեր եւ ուղեկցող բառարան, ամբողջությամբ այս նյութը չկա:
10-11-րդ դասարանների նյութը նույնպես չկա, 10-րդ դասարանում ուսումնասիրում են քրիստոնեական բարոյագիտության կարեւոր, հիմնարար սկզբունքները, եւ դասընթացի մեջ մեծ տեղ է հատկացված Հայոց եկեղեցու վարդապետների մեկնություններին, հոգեւոր-բարեպաշտական արարողություններին, Սուրբ Պատարագին, ժամերգություններին: 11-րդ դասարանի առարկան նույնպես չկա…»,-տարակուսանք է հայտնում հայր սուրբը՝ ներկայացնելով բոլոր թերությունները:
Ապա արձանագրում է՝ «Հայ եկեղեցու պատմության» 5, 10, 11 -րդ դասարանների նյութն ամբողջությամբ հանված է, շեշտադրումները փոխված, որոշ տոների անուններն աղավաղված, հետեւաբար անհասկանալի է, թե այս ամենով հանդերձ՝ այս չափորոշիչների հիման վրա ինչպիսի դասագրքեր պետք է ստեղծվեն: Անգամ Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոները ներառված չեն:
Ինչ վերաբերվում է «Ես եւ իմ հայրենիքը» առարկաներին, ըստ Հայր Զաքարիայի, պարզվում է՝ տարաբնույթ սխալներ կան, իսկ Վարդան Մամիկոնյանը, որը զորավար էր, ոչ թե զինվոր, ներկայացված է «Սուրբ զինվորներ» թեմայով՝ Սուրբ Գեւորգի եւ Սուրբ Սարգսի հետ, եւ սրբադասված անձինք ներկայացված են իբրեւ մշակութային գործիչներ: Սակայն, ամենամեծ ծուղակը, ըստ նրա՝ վերջնարդյունքներում է, որոնք բնավ կապ չունեն ներկայացված թեմաների հետ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենը սուտ է որակում պաշտոնյաների պնդումները, թե առարկան ամբողջությամբ ներառվել է այլ առարկաների մեջ, որովհետեւ ամբողջ նյութից հազիվ 30 %-ն է պահպանվել: « Այս քայլով փորձ է արվում նսեմացնել 2000-ամյա Հայոց եկեղեցու դերակատարությունը, այն, որ Հայոց եկեղեցին հոգեւոր կառույցից զատ նաեւ ազգային հաստատություն է, որի սահմանները չեն սահմանափակվում Հայաստանի Հանրապետությամբ, այլ ընդգրկում են նաեւ ամբողջ Սփյուռքը»,-հայտարարեց Հայր Զաքարիան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ