Լրահոս
Օրվա լրահոսը

Նազելի Վարդանյան. «Ժամանակն է, որ ջերմուկցիները հայցով դիմեն ՄԻԵԴ»

Օգոստոս 05,2020 17:09

«Վերջին մեկ ամսում տեղի ունեցած գործընթացները ցույց տվեցին, որ «Լիդիան Արմենիան» ֆինանսական նոր միջոցներ է ձեռք բերել վերակազմավորման արդյունքում՝ նոր տերերն, ամենայն հավանականությամբ, ֆինանսական նոր միջոցներ են տրամադրել ինչ-որ գործողություններ անելու համար»,-այսօր այս մասին «Հոդված 3» ակումբում ասաց Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանն՝ Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող գործընթացների եւ երեկ հանք տանող ճանապարհին տեղի ունեցած բախումների մասին:

Երեկ «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայության աշխատակիցների եւ բնապահպանների միջեւ բախումներ են եղել, այն բանից հետո, երբ հանքարդյունաբերական այս ընկերությունը հանք տանող ճանապարհից հեռացրել է Ամուլսարի պահապանների տնակները, տեղում տեղադրել իրենց տնակները: Լեւոն Գալստյանի կարծիքով՝ սադրանքները սկսվել են հունիսի 30-ին, ընկերության համար ծառայություն մատուցողները ներխուժեցին տարածք, շան ձագեր սպանեցին. «Նրանք զինված էին մահակներով, ուժի ցուցադրություն իրականացվեց: Մենք հայտարարեցինք, որ դա սադրանք է եւ հանքի շահագործմանը դեմ արտահայտվող քաղաքացիներին հունից հանելու, բախումներ ստեղծելու համար է: Սադրանքները շարունակվեցին մեկ ամսվա ընթացքում՝ պահնորդները գալիս էին ճանապարհի եզրին կանգնում, կոնֆլիկտի մեջ մտնում տեղացիների հետ: Իսկ գիշերով տնակների տեղափոխումը մարդկանց հունից հանեց»: Պարոն Գալստյանն ասաց՝ ի վերջո կառավարությունը պետք է իր դիրքորոշումն արտահայտի՝ կամ հաստատում է տեղացիների կարծիքը՝ հանքը չի շահագործվելու, կամ գնում է հակառակ ճանապարհով: Բնապահպանը հիշեցրեց՝ այս խնդիրը ծագել է դեռ 2008 թվականից, երբ տեղացիները մասնակցություն չեն ունեցել հանքի շահագործման թույլտվությանը, եւ այս 10 տարիների ընթացքում խնդիրը խորացել է, ուստի պետք է նման հանգրվանի հասներ:

Քննարկման մեկ այլ մասնակից, ազդակիր Գնդեվազ համայնքի բնակիչ, բնապահպան Թեհմինե Ենոքյանն էլ պատմեց, թե երեկ ինչ է տեղի ունեցել: Նա վստահեցրեց՝ Լիդիանի պահնորդական ծառայության աշխատակիցները հայհոյանքներ էին տեղում տեղացիների հասցեին, բնակիչները տեղի չտվեցին այդ սադրանքներին: Թեհմինե Ենոքյանը նաեւ ասաց, որ ոստիկանության ներկայացուցիչները մոտեցել էին պահնորդներին եւ նրանց միջեւ հրմշտոց տեղի ունեցավ. «Հարվածներ եղան Վայոց ձորի ոստիկանապետի նկատմամբ, չնայած նա ասաց, որ նման բան չի եղել, բայց տեսնողներ եղել են»:

Ըստ տիկին Ենոքյանի, գնդեվազցիները չեն հանդուրժելու հանք իրենց բնակավայրում. «Մեր պահանջն է՝ ՇՄԱԳ փաստաթղթի ուժը կորցրած ճանաչել: Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ անելիք չունի այս գործում, մինչդեռ այս նախարարության ներքո է խնդրի լուծումը»:

Փաստաբան Նազելի Վարդանյանն էլ քննարկման ժամանակ ասաց՝ երկու տարի է դատական գործեր են բացվում այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր դեմ են հանքի շահագործմանը, սա արվում է, որպեսզի ճնշեն մարդկանց: «Ջերմուկի եւ Գնդեվազի բնակիչները երկու տարի է տեռորի մեջ են ապրում: Մինչդեռ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում է դա՝ մարդու կյանքի անձեռնմխելիությունը: Պետությունը պետք է ստեղծի եւ ապահով մարդու կյանքի անձեռնմխելիությունն ու ցանկացած միջամտությունից: ՄԻԵԴ նախադեպեր կան, եւ արդեն ժամանակն է, որ ջերմուկցիները հայցով դիմեն ՄԻԵԴ, իրենց իրավունքները խախտվել են, դիմեն եւ պետությունից պահանջեն փոխհատուցում ՝ ոչ նյութական ազդեցությունից, նաեւ նյութական վնասներ են կրել»:

Տիկին Վարդանյանը վստահեցրեց՝ «Լիդիան Արմենիան» խախտել է բնապահպանական եւ ոչ բնապահպանական գրեթե բոլոր օրենքները, նաեւ՝ միջազգային կոնվենցիաներն են այս ծրագրով խախտվել. «Ես հարցադրումներ եմ արել, որ ծրագրում կոռուպցիոն ռիսկ կան, իրավապահ մարմինները պետք է քննեն, մինչ օրս որեւէ պատասխան չկա: Հակառակը, իմ նկատմամբ դատական գործ է բացվել եւ առանց իմ ներկա լինելու Լիդիանը շահել է»:

Նազելի Վարդանյանն ասաց, որ իր ծավալուն ուսումնասիրության եւ եզրակացության փաստաթղթում հարցադրումներ է արել, եւ ամեն մի հայտարարությունը հանցագործության մասին է, մինչդեռ պետությունը ոչինչ չի անում այդ ուղղությամբ. «Ինչո՞ւ էին հրավիրել ԷԼԱՐԴ-ին, ինչպե՞ս ներգրավվեց ԷԼԱՐԴ-ը, դա էլ կարող է կոռուպցիոն ռիսկ ունի, քանի որ նա մասնագետ չուներ: Տեսչական մարմնի հայցը՝ չի ներկայացել դատական նիստերին եւ վերջում ի վնաս իրենց, որոշում է կայացվել:

«Լիդիան Ինթերնեյշնլը» պետք է դիմեր արբիտրաժային դատարան, այս գործով, ինչպես տիկին Վարդանյանն ասաց, ոչ մի տեղ ընկերությունը չի հասել. «Այդ ժամանակ ես հայտարարեցի, որ նրանք դիմելու իրավունք չունեն, որովհետեւ Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի հետ ՀՀ-ի կնքված համաձայնագրերում օֆշորային գոտու մասին խոսք չկա: Հետեւաբար դա չի տարածվում օֆշորային գոտում գրանցված ընկերությունների վրա: Հետո իրենք Լոնդոնում եւ Տորոնտոյում դուստր կազմակերպություն ստեղծեցին, որոնք ՀՀ կառավարությանը հայտ են ներկայացրել միջազգային արբիտրաժ դիմելու համար: Այսինքն` ազգային կառույցներ են ստեղծվել արբիտրաժ դիմելու համար: Բայց իրենք այս պայմաններում իրավունք ունեն դիմելու, բայց հավանականություն չկա, որ կշահեն: Իսկ այն, որ 400 միլիոն են ծախսել, այս մասով չեն կարող պահանջ ներկայացնեն, քանի որ այն ժամանակ իրենք գոյություն չեն ունեցել: Թույլ են իրենց հիմքերը: Իրենք անցյալ տարի սեպտեմբերին կարող էին դիմել, չեն անի մինչեւ այն պահը, մինչեւ կառավարությունն իրենց թույլ չտա: Այս ամենի նպատակը այն է, որ իրենք ցույց տան միջազգային հանրությանը, որ իրենք ներդրում են արել ու պահանջում են այդ փողերը: Այսօր «Լիդիան ինթերնեշնլը» ոչ մի ակտիվ չունի, ամբողջը փոխանցվել է բանկերին, իրավական առումով էլ Ջերսիի դատարանի սնանկացման գործընթացում է: Այսինքն, եթե հիմնադիրը սնանկացման գործընթացում է, նրա 100%-ով ստեղծված մյուս ընկերությունը նույնպես սնանկացման գործընթացում պետք է լինի: Ուստի աբսուրդ է, որ ՀՀ կառավարությունը նրանց ինչ-որ կորուստներից է խոսում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31