Դերասան Սերգեյ Դանիելյանը 2012 թվականին դեմ էր արտահայտվում Մաշտոցի պուրակի տարածքում կրպակների տեղադրմանը և պայքարում էր Մաշտոցի պուրակի պահպանման համար։
Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այժմ ևս դեմ է, որ Մաշտոցի պուրակում ծառեր են հատվում, տարածքը բետոնապատվում է․ «Սա հին, նախկին պայմանավորվածություններ են կոռուպցիոն, Տարոն Մարգարյանի, իսկ այս իշխանությունը բացարձակ ոչ մի գնահատական չտվեց հներին, և ոչ մի հին՝ կոռուպցիոն պայմանագիր կլինի, պայմանավորվածություն կլինի, չի հերքել․ հեղափոխություն չարեց, ուղղակի տեղավորվեց իրենց աթոռներին։ Դրա համար հին խուժանությունը հիմա կատարվում է, այդքան բան»։
Հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ է գործողություններ կատարել՝ ուղղված Մաշտոցի պուրակի պաշտպանությանը, նա պատասխանեց, որ պատրաստվում է միայն հարցազրույցներ տալ և դրա մասին ծրագիր կպատրաստի․ «Ես արդեն հոգնել եմ իշխանության երեսին թքելուց՝ թե՛ հների, և թե՛ նորերի։ Ես հոգնել եմ արդեն, ես միայն կարող եմ ասել, որ շատ եմ ցավում, որ ոչ մի պայմանավորվածություն չի հերքվել։ Եվ բոլոր կոռուպցիոն ստոր պայմանագրերը, ստորությունները, որոնք հակահասարակական են և մեր իրավունքը ոտնահարում են, ոչ մի բան չի հերքվել իշխանության կողմից։ Դա շատ ամոթ է, շատ վատ, և վատ են ավարտելու ուղղակի, եթե ամեն ինչ նույնն է մնացել, այդ դաշտում վաղը կարող է պարզվի, որ մի անասուն վաղուց առել է կամ Օպերայի հրապարակում մեկը որոշել է իր հոր արձանը դնի, և դա առել և սեփականաշնորհել է։ Սա շատ վատ է, սարսափելի վատ է, ես կարծում էի, որ սրանք որևէ բան կանեն, ասենք՝ կհերքեն կոռուպցիոն պայմանագրերը, որոնք ժամանակին կնքվել են»։
Սերգեյ Դանիելյանը կարծում է, որ տարածքի սեփականատիրոջն է պետք գտնել․ «Պարզ է, որ նորմալ մարդ չէր կարող առնել ոչ մի բան։ Երևի, իրենցից է, հներից է, այսպես ասած, էդպես շարունակվում է։ Քանի որ սրանք օրենք-օրենք են ասում, ուզում եմ հիշեցնել՝ 1915 թվականին հայերին Թուրքիայում օրենքով մորթեցին։ Օրենք են հանել պառլամենտում, հերներս անիծել են, հիմա նույնն էլ՝ օրենք են հանել, ու հերներս անիծում են»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ