Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազան. «Կառավարության կողմից կա երկխոսության չգնալու հստակ մոտեցում»

Օգոստոս 05,2020 16:21

Հանրակրթության, առարկայական չափորոշիչների եւ Հայ եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեց իր դիրքորոշումը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ այդ թեմայով բազմաթիվ լուսաբանումներ են եղել, հետեւաբար լրագրողները ներգրավված են եղել այդ գործընթացներում: Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը ղեկավարում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը առիթ ունեցել է հրապարակելու հանրակրթության չափորոշչի շուրջ Մայր աթոռի դիրքորոշումը:

Տեր Վահրամը հավելեց, որ այժմ բոլորի ուշադրությանն են հանձնվում երկու փաստաթղթեր, որոնցից առաջինը ներկայացնում է հանձնախմբի՝ Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների, իսկ երկրորդը՝ համապատասխան ենթահանձնախմբի դիրքորոշումը՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ:

Միքայել Սրբազանը շեշտեց, որ արդեն բազմաթիվ անգամներ հնչեցրել է, թե ինչպես է անցյալ տարի հունվարին վարչապետի ցանկությամբ ստեղծվել հանձնախումբ՝ կառավարության անդամներից եւ Մայր աթոռի ներկայացուցիչներից բաղկացած, որը պետք է քննարկեր ոչ միայն կրթական ոլորտին վերաբերվող հարցեր, այլ բոլոր այն հարցերը, որ գոյություն ունեն պետություն-եկեղեցի հարաբերությունների շրջանակից ներս: Այդ հանձնախումբն էլ իր հերթին մանր հանձնախմբեր էր ստեղծել, որոնցից մեկն էլ կրթական հանձնախումբն է:

«Անցյալ տարի փետրվարին Մայր աթոռի հիմնած հանձնախմբում ես էի, Արշակ սրբազանը, Հայր Զաքարիան եւ երկու աշխարհականներ՝ Շահեն Կարամանուկյանն ու Վարդան Ղանդիլյանը: Այս հինգ հոգով պատրաստակամություն հայտնեցինք հանդիպելու եւ քննարկելու կրթական ոլորտին վերաբերվող բոլոր հարցերը, ոչ թե միայն այն, ինչ այսօր է քննարկվում»,-նշեց Միքայել Սրբազանը:

Նրա խոսքով, անցյալ տարվա հունիսին եղել է միակ հանդիպումը՝ նախկին փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի հետ, որից հետո իրենք առաջարկ են ներկայացրել, որ կառավարության կողմից ենթահանձնախումբ ձեւավորվի, որպեսզի կարողանան զուգահեռ աշխատել, սակայն ենթահանձնախումբը այդպես էլ չձեւավորվեց, քանի որ փոխնախարարը փոխվեց, մինչեւ նոր փոխնախարար նշանակվեց՝ ժամանակ անցավ, հետո համավարակը սկսվեց, եւ այդպես շարունակ:

«Մայիսի 12-ին բազմաթիվ փորձերից հետո վերջապես կարողացա հանդիպել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, դարձյալ դրեցի այդ հարցն իրենց առջեւ, որ ձեւավորեք ենթահանձնախումբ, որպեսզի աշխատենք, այլապես մեր ենթահանձնախմբի միայնակ աշխատանքն աբսուրդ է: Մենք չէինք ստեղծվել ինքնուրույն գործելու համար, այլ ստեղծվել էինք պետական հանձնախմբի հետ զուգահեռ աշխատելու համար, եւ առայսօր պարապուրդի մեջ ենք …

Մայիսի 12-ի մեր հանդիպումը տիկին փոխնախարարը ներկայացրել էր իբրեւ համագործակցության օրինակ, մինչդեռ դա նույնիսկ քննարկում չէր, այլ պարզ զրույց: Դրանից հետո մենք էլի սպասում ենք ենթահանձնախմբի ձեւավորմանը, որը սակայն չի ձեւավորվել կամ գուցե ձեւավորվել է, ուղղակի մենք տեղյակ չենք: Հունիս ամսին կարծես թե շշուկներ եղան, որ կառավարությանը հաստատել է ենթահանձնախմբի կազմը, սակայն չիմացանք, թե ովքեր են այնտեղ ընդգրկված:

Հընթացս այս ամենի՝ ասպարեզ բերվեց թեզը, որ Հայ եկեղեցու պատմությունը պիտի հանվի իբրեւ առանձին առարկա, բարձրագույն մակարդակով այդ մասին հայտնվեց: Հետո հանրակրթության չափորոշիչները դրվեցին ընդհանուր քննարկման, որը չավարտված՝ դրվեցին նաեւ առարկայական չափորոշիչները: Հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ եկեղեցին ժամկետի մեջ ներկայացրեց իր դիտողությունները, որոնց վերաբերյալ պատասխան չի եղել, թեեւ վերջերս տիկին փոխնախարարն ասել է, որ այդ պատասխանը պատրաստ է: Բայց պատրաստ լինելն այն է, որ ստացողը պետք է ստանա, իսկ մենք ոչինչ չենք ստացել»,- հայտնեց Միքայել սրբազանը:

Շեշտեց՝ քանի որ առարկայական չափորոշիչների մասին մինչեւ այս պահը եկեղեցու կարծիքը հաշվի չի առնվում կառավարության պատկան մարմնի կողմից, ուրեմն ամեն առարկայի չափորոշչին առանձին անդրադառնալն անիմաստ է, դրա համար ներկայացնում են՝ ընդհանուր կարծիք առարկայական չափորոշիչների վերաբերյալ: Ինչ վերաբերում է Հայ եկեղեցու պատմություն առարկային, այդ փաստաթուղթն արդեն պատրաստվել է Մայր աթոռի կողմից:

«Ես իբրեւ այս ենթահանձնախմբի ատենապետ՝ այնքան մտահոգ չեմ մեր պատասխանի բովանդակությամբ կամ մեր այս փաստաթղթեր բովանդակությամբ, որքան երկխոսության բացակայությամբ: Երկու տարի է՝ մենք գոյություն ունենք, որպեսզի աշխատենք կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն չենք աշխատում:

Մենք պատրաստակամ ենք եղել ցանկացած օր, ցանկացած ժամի այդ հանդիպումը ունենալ, սակայն հանդիպումը չի կայանում: Իմ անձնական կարծիքով ՝ Կառավարության կողմից կա հստակ մոտեցում երկխոսության չգնալու, իսկ եթե երկխոսության չգնալու այս մոտեցումը պետք է շարունակվի, մենք էլ պետք է սկսենք մենախոսություններ անել եւ մեր կարծիքը հրապարակային հայտնել՝ մեր հույսը դնելով հասարակական կարծիքի ձեւավորման վրա:

Մենք իբրեւ եկեղեցականություն, որպես եկեղեցի՝ որեւիցե մասնավոր, ճղճիմ նպատակադրում եւ շահ չունենք այս ամենի մեջ: Մեր նպատակը հայ սերնդի լիարժեք, հայ ինքնությանը համապատասխան կրթություն ստանալն է: Մեր նպատակն է, որ սերունդը կրթվի ազգային դպրոցներում, աշխարհիկ դպրոցներում՝ հայկական քրիստոնեական ինքնությանը համապատասխան: Ընդ որում, աշխարհիկ չի նշանակում աթեիստ, մենք աթեիստական դպրոց տեսել ենք յոթանասուն տարի, աշխարհիկ նշանակում է՝ ուղղակի եկեղեցին չի խառնվում դպրոցի ներքին կյանքին եւ չի վերահսկում կրթությունը, բայց կրթության նկատմամբ եկեղեցին ունենում է իր տեսակետը եւ հեղինակավոր կարծիքը, որովհետեւ հայ դպրոցի արարողը, ստեղծողը, պահողը այդ նույն եկեղեցին է եղել»,- ընդգծեց Շիրակի թեմի առաջնորդը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31