«Ամենեւին, գաղտնի չեմ պահել այդ աշխատությունը, որի հետ կապված հետո նաեւ քննարկումներ են տեղի ունեցել, ներկայացվել է հետազոտության բովանդակությունը, վերլուծությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների մշակման խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ այդ թվում «Հայոց պատմություն» եւ «Համաշխարհային պատմություն» առարկաների չափորոշիչների քննարկման շրջանում պատմաբանների մի մասը քննադատեց այն փաստը, որ չափորոշիչների մշակման խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը եւ մի քանի այլ հայ հեղինակներ տարիներ առաջ թուրք մասնագետների հետ համատեղ հեղինակել են “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») աշխատությունը:
Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը երեկ համոզմունք էր հայտնել, որ գիրքը գաղտնի է պահվել:
«Գաղտնի չի եղել, ավելին՝ «Հոդված 3» ակումբում հանդիպումներ են տեղի ունեցել, իսկ event-ը բաց դրված է եղել»,-մեկնաբանեց Լիլիթ Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Արտակ Մովսիսյանի գնահատականին, որ գրքում Հայկական լեռնաշխարհն Արեւելյան Անատոլիա թուրքական եզրույթով անվանելը դավաճանություն է հայագիտության եւ պետության հանդեպ, Լիլիթ Մկրտչյանը պարզաբանեց. «Նման մոտեցումներ եւ վերլուծություններ գրքում չկան, երկու տարբեր բաներ են խառնում… Իրականում աշխատության մի բաժինը թուրքական դասագրքերի վերլուծությունն է, այսինքն՝ ներկայացված է, թե թուրքերն իրենց պատմության դասագրքերում ինչպես են ներկայացրել հարցերը: Մյուսը հայկական պատմության դասագրքերի վերլուծությունն է, ուստի աշխատությունում որեւէ նոր գաղափար ներմուծված չէ»:
Արտակ Մովսիսյանը մեզ հետ զրույցում վկայակոչելով գրքի գաղտնի պահվելը՝ նաեւ ասել էր, որ Լիլիթ Մկրտչյանի ղեկավարած «Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի» կայքում այն տեղադրված չի եղել: Այս առիթով էլ Լիլիթ Մկրտչյանը հայտնեց, որ «Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի» կայքը լավը չէ եւ նորմալ չի աշխատում, ի տարբերություն ասոցիացիայի «ֆեյսբուքյան» էջի, եւ կայքում առհասարակ որեւէ բան չկա տեղադրված. «Ես երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների, մեկ մենագրության, յոթ-ութ ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ եմ, բայց ասոցիացիայի կայքում որեւէ բան չեք գտնի դրված: Բացի այդ, «Երիտասարդ պատմագետների ասոցիացիան» այդ ծրագրի կազմակերպիչը չի եղել, այլ հրավիրված է եղել որպես մասնակից, իսկ ծրագրի կազմակերպիչը կոնֆլիկտների հաղթահարման «Իմեջին» կենտրոնն է, որը մեզ հրավիրել էր մասնակցելու, հետեւաբար՝ ասոցիացիային չի պատկանում գրքի հեղինակային իրավունքը: Եթե մենք լավ կայք ունենայինք, կարծում եմ՝ կազմակերպիչը դեմ չէր լինի, որպեսզի աշխատությունը մեր կայքում էլ դնեինք, բայց քանի որ չենք ունեցել կայք, չենք դրել: Իսկ գիրքը լույս է տեսել ոչ թե տպագիր, այլ էլեկտրոնային տարբերակով, եւ ֆինանսավորողն անմիջապես այն տեղադրել է իր կայքում: Հետեւաբար, գաղտնի լինելու մասին խոսք չկա»:
Լիլիթ Մկրտչյանը նաեւ շեշտեց՝ ծրագրի ֆինանսավորողն աշխատությունը գնահատման է ուղարկել երկու հեղինակավոր մասնագետի՝ սփյուռքի եւ Հայաստանի մեկական պատմաբանի. «Այնպես որ, աշխատությունն անցել է բոլոր փուլերով: Շատ կարեւոր է շեշտել, որ ժամանակին երկու գիտնական կարծիք են տվել աշխատության վերաբերյալ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լիլիթ Մկրտչյան , կարելի՞ է Հիմա, Ներկայումս , Այժմ ․․․ծանոթանալ այդ կարծիքների հետ , որոնք “․․․ժամանակին երկու գիտնական կարծիք են տվել աշխատության վերաբերյալ»: Միգուցե այդ կարծիքները կարդալով դուք ազատվեք անհարկի մեղադրանքներից՞։ Ներկայացրեք և ֆինանսավորողի անունը և հեղինակավոր 2 կարծիքներ հայտնողների ։ Այլապես միայն դուք եք արժանանում հասարակության պարսավանքին ։ Եվ դա դեռ հարց է, թե “հեղինակավոր ” անձինք ինչպիսի ՞ ազգադավ կարծիք են հայտնել , որը դուք չ՛ընդունելով , չեք հրապարակում ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/08/05/1127695/
© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից
սուտ է խոսում։ օրինակ՝ իրենք հայ պատմաբանների “Հայկական լեռնաշխարհը” փոխարինել են թուրքահաճո “Կովկաս և Անատոլիայով” /History education…, էջ 52/։