«Կարծում եմ, որ ՀՀ-ում եւ ԱՀ-ում թուրք-ադրբեջանական տանդեմի հնարավոր վտանգների հստակ աշխարհաքաղաքական հաշվարկների կողքին չեն թերագնահատում նաեւ Էրդողանի պոպուլիզմն իր անկանխատեսելի դրսեւորումներով»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը:
– ՀՀ Տավուշի սահմանային հատվածում ոտնձգության արդյունքում առաջացած ադրբեջանա-հայկական հուլիսյան զարգացումներում ԱՀ դիրքորոշումն ու գործելակերպը ինչպե՞ս կբնութագրեք:
– ՀՀ-ն եւ ԱՀ-ն գտնվում են ինչպես արտաքին սպառնալիքների, այնպես էլ բարձր անվտանգությունը, որպես գերխնդիր առաջնահերթող միասնական միջավայրում, հետեւաբար հակազդման միջոցառումների գործիքակազմն էլ միասնական է, սա աքսիոմատիկ է՝ նույնիսկ այս իրողությունը չընդունող հակառակորդ պետության ներքին քաղաքական դիսկուրսում: Կարծում եմ, որ ՀՀ-ում եւ ԱՀ-ում թուրք-ադրբեջանական տանդեմի հնարավոր վտանգների հստակ աշխարհաքաղաքական հաշվարկների կողքին, չեն թերագնահատում նաեւ Էրդողանի պոպուլիզմն իր անկանխատեսելի դրսեւորումներով:
Անկախ ընթացող ռազմաքաղաքական գործընթացներից՝ ՀՀ եւ ԱՀ զինված ուժերը գտնվում են մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա: ԱՀ ՊԲ-ն էլ իր հերթին պլանային եւ ընթացիկ միջոցառումներ իրականացրեց՝ հուլիսի 27-29-ը անցկացվել են հրամանատարական հավաքներ, որի ամփոփիչ խորհրդակցությանը ԱՀ նախագահի ելույթն իր շեշտադրումներով ռազմաքաղաքական կողմնորոշիչ ազդակների տիրույթում էր. ԱՀ նախագահը մասնավորապես հատկանշել էր, որ լայնածավալ պարտադրված պատերազմի վերսկսման մշտական վտանգի գործընթացներին հայկական երկու պետությունները հակազդել են սպառազինությունների կատարելագործման եւ համալրման շարունակական աշխատանքով: Նշվել էր, նաեւ, որ ՀՀ եւ ԱՀ կենսունակության ցուցիչը սեփական զինված ուժերի օգնությամբ սեփական ժողովրդի անվտանգության ապահովումն է:
Կարդացեք նաև
– Հայկական միջավայրում շատ քննարկվեց Թուրքիայի նախագահի հայտարարությունները լուրջ կամ անլուրջ ընդունելու, դրանից բխող սպառնալիքները հաշվարկելու հարցը: Թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու մեխանիզմների մասին Դուք ի՞նչ կասեք:
– Ադրբեջանում հստակ պետք է գիտակցեն, որ Թուրքիայի կողմից Ադրբեջանի՝ գործիքից կցորդի վերածվելու քաղաքականություն է հասունանում, որի ճանապարհային քարտեզում Նախիջեւանում թուրքական ռազմական ներկայություն ապահովելը առաջին քայլերից մեկը կարող է լինել: Բայց հստակ է, որ նույնիսկ ադրբեջանական հասարակական տրամադրություններում կա ակնհայտ անվստահության տարր թուրքական քաղաքականության հարցում: Իսկ ադրբեջանական քաղաքական փորձ ունեցող շրջանակներում պետք է գործնական օրինակները հաշվի առնեն. անհրաժեշտության դեպքում Թուրքիան երբեւէ չի խորշել ցույց տալու, որ թուրքական եւ ադրբեջանական արտաքին քաղաքական առաջնահերթությունները կարող են տարբերվել:
Հակազդման մեխանիզմների հարցում առայժմ հաշվարկները բացառապես փորձագիտական մակարդակում են: Ըստ այդմ՝ որպես հակազդման միջոց կարող են լինել Թուրքիայի ագրեսիվ արտաքին քաղաքականությունից տուժած կամ դրա սպառնալիքի տակ գտնող պետությունների հակաթուրքական դաշինքների ստեղծումը: Այս պահին այն ընդհանուր տրամադրությունների եւ քաղաքական ժեստերի մակարդակում է, բայց անգամ դրա քարոզչական տեղեկատվական մակարդակը կարող է որոշակի զսպող դերակատարություն ունենալ: Տարածաշրջանում էսքիզային մակարդակում են մասնավորապես ՀՀ-Իրան-Ռուսաստան ընդհանուր հետաքրքրությունների միավորումը, հակաթուրքական դաշինքներում կարող են ներգրավված լինել նաեւ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Լիբիան, Հունաստանը եւ Կիպրոսը:
– Կարծիք կա, որ Թուրքիան փորձում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը, հետեւաբար դրանով էլ պայմանավորված է ադրբեջանա-հայկական հուլիսյան էսկալացիայի ֆոնին Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն է, որը մշտապես հանդես է գալիս Ադրբեջանի շահերի պաշտպանության դիրքերից: Ադրբեջանա-հայկական հուլիսյան էսկալացիայի նոր փուլում Թուրքիայի դիրքորոշումն առանձնացել է ակտիվությամբ, եւ եթե նախկինում Թուրքիայի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության միջնորդության անուղղակի կոչեր էին արվում, ապա այժմ այն բացահայտ սադրելու եւ հրահրելու հռետորաբանություն էր: Հակամարտության սրումը թուրքական կողմը դիտում է որպես տարածաշրջանային դերակատարության վերաթարմացման միջոց: Հատկանշական է, որ թուրքական գործելաոճն ու դիվանագիտական լեզուն միաբեւեռ էր:
– Հայկական վերլուծական-փորձագիտական դաշտում առանձնացվեց Նախիջեւանում կայացած թուրք-ադրբեջանական զորավարժությունների քաղաքական բաղադրիչը. ի՞նչ եք կարծում, որքանով այն արտահայտվեց եւ ի՞նչ ազդեցություն ունեցավ տարածաշրջանային զարգացումների վրա:
– Խնդրի էությունն այն է, որ այսօր թուրք-ադրբեջանական զորավարժությունները դիտարկվում են մի կողմից որպես թուրքական ագրեսիվ բազմավեկտոր արտաքին քաղաքականության դրսեւորում, մյուս կողմից՝ տավուշյան եւ հետտավուշյան քաղաքական զարգացումներով պայմանավորված զարգացումներ: Փաստ է, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք սովորաբար ամեն տարի անցկացվում են մայիս կամ հունիս ամիսներին, այժմ տեղավորվում են հետտավուշյան ռազմաքաղաքական զարգացումներում: Թուրքական հնարավորությունների գնահատումը հայաստանյան ուղղությամբ էքսպանսիայի հարցում թույլ են տալիս կանխատեսել, որ այս փուլում նա կբավարարվի իր քաղաքական դերակատարության ակտիվացմամբ:
Իհարկե, տարածաշրջանային մակարդակում բոլոր պետություններն էլ զգուշանալու առիթներ ունեն: Թերեւս դա է պատճառներից մեկը, որ տարածաշրջանում ուժի ցուցադրության շղթայական ռեակցիա է սկսվել զորավարժությունների տեսքով: Սեպտեմբերին Ռուսաստանը նախատեսում է «Կովկաս-2020» լայնածավալ զորավարժությունները, որի քաղաքական բաղադրիչը եւ ենթատեքստը հստակ է:
Զրույցը՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
05.08.2020