Արդեն մի քանի ժամ է` ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ներխուժել են M Group ընկերություն: Ընկերությունը բազմաբնույթ գործունեություն է ծավալում, այժմ առավելապես շինարարական: Պաշտպաններին պաշտոնական որեւէ պարզաբանում չի տրվել ներխուժման նպատակի մասին, նյութերի նախապատրաստման ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել, քրեական գործ հարուցված չէ: Օրենքը նախատեսում է, որ դատարանի որոշմամբ կարելի է մուտք գործել որեւէ տարածք՝ խուզարկության, սակայն այս մասին ընկերության փաստաբանների բոլոր բացատրություն ստանալու փորձերն ապարդյուն են անցել:
«Բացահայտ հափշտակում են փաստաթղթերը եւ իրենց հույսը նրա վրա է, որ իրենք պետություն են ներկայացնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության փաստաբանական խմբի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը: Նրա բնորոշմամբ, «զննություն քողարկված գործողության» անվան տակ կատարվել է խուզարկություն: Ընկերության աշխատակցուհին պատմել է, որ ոստիկանության աշխատակիցները մտել են եւ պահանջել են, որ դարակներում գտնվող հաշվապահական եւ այլ փաստաթղթերը դրվեն սեղանին: Թե ինչո՞ւ՝ Ամրամ Մակինյանը բացատրում է. «Օրենքն արգելում է դարակներում գտնվող փաստաթղթերը, իրերը եւ այլ պարագաներ, վերցնել, տեսնել, զննել: Մինչեւ փաստաբանների ներկայանալը, աշխատակիցները չիմանալով իրենց իրավունքները, բոլոր հաշվապահական եւ այլ փաստաթղթերը, ոստիկանության աշխատակիցների ցուցումով, խառը լցրել են սեղաններին: Դրա տեսանյութերը եւ լուսանկարները կան: Դա կատարվել է նրա համար, որ քողարկված խուզարկությունը, ինչը կատարվում է ոստիկանության աշխատակիցների լիազորությունների գերազանցմամբ, հնարավոր լինի տեղավորել օրենքի սահմաններում»:
Փաստաբանների ներկայանալուն պես, երբ աշխատակիցների իրավունքները պաշտպանվում են, ոստիկանությունը սկսում է ուժ գործադրել՝ հրմշտելով նաեւ փաստաբաններին. «Ես ներկայացնում եմ M Group ընկերության շահերը, ինձ չի թույլատրվել մուտք գործել եւ իրավաբանական օգնություն ցույց տալ, պաշտպանել ընկերության եւ աշխատակիցների շահերը: Ես արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել: Պաշտպաններին ասվել է՝ դեպքի վայրի զննություն է, բայց փաստաբաններին թույլ չեն տվել մասնակցել որեւէ գործողության»: Դեպքի վայր են հրավիրվել ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները: Բայց մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսելն արդեն, Ամրամ Մակինյանն ավելորդ է համարում, քանզի պաշտպաններին թույլ չեն տալիս մուտք գործել եւ մասնակցել քննչական գործողություններին:
Ամրամ Մակինյանը տարակուսում է, որ այս ոստիկանությունը պետք է հանցագործություններ բացահայտի, հանցագործի ձեռք բռնի: Նրա դիտարկմամբ, մեր ոստիկանությունը 1937 թվականից էլ է ներքեւ իջել՝ Եժովի ու Բերիայի ժամանակաշրջանում է հայտնվել: Փաստաբանական խմբի անդամներից մեկը հիշեցրեց, որ այդ ժամանակներում հետո նրանց էին գնդակահարում:
Կարդացեք նաև
Ամրամ Մակինյանն այս ամենից շատ վատ հոտ է առնում. «Ինչո՞ւ են այսքան վստահ ոստիկանները: Որովհետեւ իրենք գիտեն՝ իրենց ցուցում է տրվել՝ արեք ամեն ինչ եւ ոչ մի խնդիր դուք չունեք: Իմ գիտակցական կյանքում այսպիսի քննչական գործողության ականատես չեմ եղել: Այստեղ, բոլորիս աչքի առաջ, հանցանքների շարք կատարվեց: Տեսանյութերն առկա են»:
Փաստաբանը զգուշացնում է՝ նման գործելաոճը սպառնում է բոլորին, նույնիսկ այն ոստիկաններին, ովքեր այսօր ներգրավված են այս գործողության մեջ, չի բացառվում, որ վաղը նույն տարբերակով նրանց տներում խուզարկություններ իրականացվեն:
Ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանն էլ կատարվողն ուղղակի անօրինականություն որակեց. «Իմ անձնական տարածքում իմ տեղաշարժը խոչընդոտվում է, որեւէ քրեական գործ չկա, որեւէ բան չկա»:
Ավելի ուշ ոստիկանության ներկայացուցիչները փաստաբանին եւ ընկերության տնօրենին հրավիրեցին՝ մասնակցելու քննչական գործողությանը՝ հավաստիացնելով, որ այն չի ավարտվել: Վերջիններս նախ հրաժարվեցին, քանի որ վստահ են, որ ոստիկանությունը կամայական գործողություններ է իրականացրել եւ միայն ինչ-որ մի պահից է հարկ համարում, որպեսզի կողմին հրավիրի: Ապա որոշեցին ներս մտնել եւ արձանագրել, որ գործողությանը ներկա են եղել 12.33-ից սկսած:
Քիչ անց Ամրամ Մակինյանը դուրս եկավ եւ հայտարարեց, որ իրեն չի թույլատրվել ծանոթանալ այն արձանագրությանը, որը կազմվել է՝ չբացատրելով, թե ինչ հիմքով: Իրեն ասվել է, որ լավ են անում, դիտմամբ են անում: Այդ զրույցների տեսանյութերը, փաստաբանի հավաստմամբ, առկա են: Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ կատարվողը կրկես է, ինչին ինքը հրաժարվում է մասնակցել եւ հետամուտ է լինելու, որ մեղավորները պատժվեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ