Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դուք՝ պատգամավորներդ ու պաշտոնյաներդ, պարտավոր եք, գոնե ձեր մանդատից, հանրային շահի պաշտպանության պարտականությունից ելնելով, կանգնել այս երկրի ու ողջ տարածաշրջանի կենսական շահերը պաշտպանող համայնքների կողքին. ՀԲՃ

Օգոստոս 05,2020 14:20

Ամուլսար դիրքավորման պահանջ կառավարող ուժից

Հարգելի Ազգային ժողովի պատգամավորներ և կառավարության անդամներ,

Այս նամակը բողոքի հայտարարություն է Ամուլսարում ընթացող երկարատև պայքարի և վերջին օրերի գործընթացների նկատմամբ դրսևորած ձեր անտարբերության ու անգործության դեմ։

Երեկ՝ օգոստոսի 5-ի առավոտյան, Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է դիմադրական կետերից և փոխարենը իրենը դրել` դուրս գալով իր լիազորություններից և կատարելով ՀՀ իրավապահ մարմինների գործառույթ։ Այսպիսով, մտնում ենք մի կրիտիկական փուլ, որում ձեր՝ մինչ օրս դրսևորած հարմարվողականությունն անհապաղ պետք է փոխարինվի հստակ դիրքավորմամբ։

Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչները ոչ թե մեկ, երկու ամիս, այլ ուղիղ երկու տարի բաց երկնքի տակ, բռնություններին ու սադրանքներին դեմ հանդիման տեր են կանգնում առողջ միջավայրում ապրելու և իրենց ապագան տնօրինելու իրավունքին։ Նրանցից ոչ պակաս անձնազոհ և իրավատեր են դիմադրությանը մասնակցող մյուս մարդիկ՝ բնապահպանները, Վայոց Ձորի մարզի մյուս բնակիչները։ Մարդիկ թողել են իրենց տունը, աշխատանքի հնարավորությունը և իրենց կյանքն են դրել այս պայքարի մեջ 700 օր անընդմեջ՝ նյարդերի գերագույն լարումով, առողջության, ժամանակի, կյանքի որակի, անձնական հարաբերությունների գնով։ Դուք՝ պատգամավորներդ ու պաշտոնյաներդ, պարտավոր եք, գոնե ձեր մանդատից, հանրային շահի պաշտպանության պարտականությունից ելնելով, կանգնել այս երկրի ու ողջ տարածաշրջանի կենսական շահերը պաշտպանող համայնքների կողքին։ Ամուլսարի խնդրի մասին Հայաստանի հասարակության 53%-ը հստակ կողմնորոշում ունի՝ դեմ է հանքի շահագործմանը, իսկ եթե հարցին պատասխանելուց հրաժարվողներին չներառենք, ապա 74%-ը։ Հայաստանի ճնշող մեծամասնության՝ 80%-ի համար բնության պահպանությունը գերակայություն է (Կովկասյան Բարոմետր 2019, ՀՌԿԿ-Հայաստան): Մինչդեռ պետությունը, ձեր մեղսակից անտարբերությամբ, հանքի դեմ պայքարողներին տառացիորեն լքել է, թողել միայնակ ընդդեմ մասնավոր կորպորացիայի՝ իր անգործությամբ հովանավորելով շարունակվող ապօրինություններն ու տեղի բնակիչների կամքի և իրավունքների ճնշումը։ Վերջիններս անորոշության մեջ շարունակում են դիմադրել մի այնպիսի ծրագրի, որի ստեղծողը ոչ թե իրենք են, այլ այն պետությունը, որի իրավահաջորդությունը ընդունում եք դուք, և այն ռեժիմը, որի գործած ապօրինի, հակաժողովրդական և կեղեքիչ ընթացքը կասեցնել-շրջելու խոստումով ու մանդատով եք հայտնվել պետության պատասխանատու ղեկին։

Հունիսի 30-ի լուսադեմին Ամուլսարում հայտնվեցին զինվորական համազգեստով, հրազենով և մահակներով զինված Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները։ Առաջին անգամ նման նախադեպ ստեղծվեց, որ մասնավոր ընկերությունը կարող է հրազենով խումբ բերել ու կանգնեցնել տուրիստական քաղաքի հիմնական ավտոճանապարհի երկայնքով: Ինչպե՞ս եք հանդուրժում այս շատ վտանգավոր նախադեպը, երբ մասնավոր ընկերությունը միլիտարիզացված ձևով «գրավում» է որոշակի տարածք, դա անում է ցուցադրաբար և դաժանությամբ ուղեկցված: Ոչ բռնի պայքարի միջոցներով իշխանության եկած պաշտոնյաները զարմանալիորեն չեն խոսում ու գրում, որ սա անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում։ Ավելին, կան նաև օրենքի խախտումներ՝ պահնորդների և ընկերության անունները չկային համազգեստների վրա, նրանց վկայականների առկայությունը և հարկային թափանցիկ գործունեությունը դեռ հարցականի տակ են. այս ամենի մասին բողոք է գրվել ոստիկանությանը։

Հանրային արձագանքի կարիք ունեցող մյուս հրատապ հարցն այն է, որ Լիդիանի վարձած մեկ այլ ընկերություն՝ Վայքում հիմնադրված «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն, հաշվեհարդարներ է սկսել: Ամուլսարի պահպանության գործում այս տարիների ընթացքում հատկապես ակտիվ մի քանի ջերմուկցիներ ու գնդեվազցիներ ծեծի են ենթարկվել այս ընկերության աշխատողների կողմից, այդ թվում՝ էլեկտրաշոկերով հարվածներ կրել: Նույն կամ հաջորդ օրը Սարավան գյուղի մոտակայքում գտնվող ճանապարհով տարածք են մտել այս ընկերության մի քանի աշխատակիցներ, որոնք մինչ օրս այնտեղից դուրս չեն եկել և ասում են, թե վերանորոգման աշխատանքներ են անում: Այս մասին գրված է նաև ՎԶԵԲ-ի Ծրագրերի հաշվետվողականության անկախ մեխանիզմի (ԾՀԱՄ) հուլիսի 31-ի զեկույցում: Կառավարության անդամների և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կողմից դարձյալ՝ 0 արձագանք: Ինչպե՞ս մեկնաբանել դա, եթե ոչ որպես ձեր կողմից կանաչ լույս՝ ընկերության՝ գնալով ագրեսիվ ու հարձակողական դարձող քայլերին։

Այս ամենի, ինչպես նաև Լիդիանի սնանկացման, այնուհետ վերակազմավորման, ձեռնարկած նոր լրատվական գրոհի, քաղաքական ուժերի հետ գործարքների մասին լուրերի և այլ կարևոր խնդիրների մասին Ջերմուկ համայնքի բնակիչներն ու բնապահպանները անդադար ահազանգում են վերջին ամսվա ընթացքում: Սակայն քար լռություն է կառավարությունում և ԱԺ-ում։

2019-2020թթ. սնանկությունից պաշտպանվելու գործընթացում Լիդիանն Օնտարիոյի դատարանում զրպարտում էր ՀՀ կառավարությանն ու պետական մարմիններին և սուտ ցուցմունքներ տալիս։ Այս մասին ահազանգել են բնապահպանները, մասնավորապես՝ Հայկական բնապահպանական ճակատը նամակներ էր ուղարկել բոլոր պատգամավորներին: Սակայն դարձյալ՝ տոտալ անգործություն։

2018-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումները խախտումներ արձանագրեցին, որոնց արդյունքում ընկերությանը հանձնարարվեց նաև զերծ մնալ Ամուլսարի տարածքում որևէ գործունեություն ձեռնարկելուց: Լիդիանը բողոքարկեց տեսչության ակտը, իսկ «վերևից» միջամտության արդյունքում փոխված ղեկավարով տեսչությունը անգամ դատերին չներկայացավ. արդյունքում կայացվեց Լիդիանի շահերից բխող վճիռ, որն այժմ բողոքարկման երկարատև փուլում է հայտնվել: Նույն տեսչական մարմնի բացահայտած այլ խախտումների մասով պետական մարմիններն անգործության են մատնված: Ի՞նչ եղավ, օրինակ, ապօրինի ընդերքօգտագործման մասին գործի հետ: Կարմիրգրքյան բուսատեսակների և միջատների բացահայտումը հեգնանքի առարկա դարձավ, և նախկին Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը տեսչության վարչական ակտին պատասխանեց անհամաչափ իրավական ուժ ունեցող որոշումով, ինչի արդյունքում այս ապօրինությունը մարսվեց: Ո՞վ է պատասխանատու պետական գործառույթների և պարտավորությունների իրականացման այս շարունակական խափանման համար։

Երբ բողոք ներկայացվեց Գնդեվազում հողերի վաճառքի գործընթացում կոռուպցիայի և չարաշահումների մասին, այդ հողերի ընդամենը 1/10-ի մասին գործ հարուցվեց, և անգամ այդ գործով դատախազությունը չափազանց թերի է վարում գործը: Մնացած հողերի մասին տարբեր դիմումներին ընթացք չի տրվել, իսկ արխիվային նյութերը հանրությանը չեն տրվում։ Նմանապես Ամուլսարի հարցում չարաշահումներ թույլ տված նախկին պետական պաշտոնատար անձանց վերաբերյալ գործ-ի մասին որևէ հրապարակված տեղեկություն չկա:

Ոչ մի իրավական հետևանք չունեցավ նաև քննչական կոմիտեում Ամուլսարի հարցով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի ազգակցական կապերի և շահերի բախում ունենալու մասին բացահայտումը:

ELARD-TRC-ի փորձագետների հետ անցկացված տեսակոնֆերանսից հետո, երբ թվում էր՝ արդեն ամեն ինչ հստակ է, և բնապահպանության նախարարը պետք է հիմնավորում գրի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու մասին, վերջինս ներկայացրեց մի լղոզված փաստաթուղթ, որը դարձյալ ստուգումներ էր հանձնարարում, այն էլ այնպիսի պետական մարմնի, որը անհրաժեշտ ստուգումներ անելու լիազորություն չուներ: Մինչ օրս այս հարցը ևս հանգուցալուծում չի ստացել: Ի վերջո, ինչի՞ն ծառայեց պետական բյուջեից ԷԼԱՐԴ-ին տրված $400,000-ը։

Պատգամավորների միջնորդությամբ 2019թ-ին Կառավարության հետ անցկացված հանդիպումները նույնպես ապարդյուն անցան: Այն շրջանում, երբ Լիդիանը վերակազմավորման փուլում էր, և չսնանկանալու համար ընկերությանը պետք էր տարածք մտնել ու առնվազն ինչ-որ գործ անելու պատրանք ստեղծել, կառավարության ու տեսչությունների ներկայացուցիչները փորձում էին համոզել բացել ճանապարհները և թույլ տալ Լիդիանին աշխատել։ Խախտումների դեպքում, պնդում էր Փաշինյանը, պրոյեկտը կարելի կլինի կասեցնել: Բայց մենք տեսել ենք պետության կողմից բնապահպանական այլևայլ խախտումներին ի պատասխան տրված թույլ, անհամաչափ և իրականում անարդյունք արձագանքները։ Իսկ այլ ռազմավարությունների քննարկումը չէր հետաքրքրում կառավարությանը:

Անձամբ վարչապետ Փաշինյանը և փոխվարչապետ Ավինյանը բարձր պետական մակարդակով սկսեցին մանիպուլյացիաներ ու զրպարտություններ տարածել բնապահպանների ու ջերմուկցիների մասին՝ վերարտադրելով Լիդիանի ներկայացուցիչների և 168 ժամի նման լրաղբամիջոցների, հետո նաև Արամ Սարգսյանի նման դաշնակիցների բառամթերքն ու մոտեցումները։

Այսպես, խոստումների դրժման, բազմաթիվ փաստերի խեղաթյուրման, պետական մարմինների անգործության, հարցի լուծման ռեալ հնարավորությունների չկիրառման, Ամուլսարի պահապանների և բնապահպանների հասցեին զրպարտությունների, վերջիններիս՝ Լիդիանի դիմաց ամբողջովին մենակ թողնելու պայմաններում, վերջին շրջանում ականատես ենք լինում ընկերության կողմից ձեռնարկվող կոշտ քայլերի, որոնք միտված են իր դիրքերի բարելավմանը։ Հարվածները դարձյալ իրենց վրա են վերցնում Ամուլսարի պահապանները միայն, այդ թվում՝ ֆիզիկապես։

Ձեր լռությունն ու անգործությունը չեն կարող չեզոքություն համարվել այս պայմաններում։

Դուք պետք է հանրայնորեն դիրքավորվեք Ամուլսարի խնդրի վերաբերյալ. հենց հիմա։

Ձախ դիմադրություն

http://leftresistance.am/

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31