Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե նրանք գան՝ կեղծիքը կբացահայտվի». ՊՊԾ գնդի գործով միջնորդվեց հարցաքննել փորձագետներին

Օգոստոս 05,2020 14:08

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի (Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան եւ մյուսներ) գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրյալների պաշտպաններից Տիգրան Եգորյանը ներկայացրեց գնդի գրավման օրերին մահացած ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքների առնչությամբ իրականացված փորձագիտական եզրակացությունը լրացուցիչ՝ համալիր անցկացնելու վերաբերյալ միջնորդություն: Այն հարցադրումները, որոնց, ըստ Եգորյանի, պետք է պատասխանի նշանակվելիք համալիր փորձաքննությունը, հետեւյալն են.

-Ի՞նչ անկյուն է կազմում ենթադրյալ կրակոցի կետը՝ Տեփանոսյանի մեքենայի տեղի հետ:

-Հնարավո՞ր է, որ կրակոցի վայրից արձակված գնդակն այնպիսի ուղղությամբ շարժվեր, որ առաջացներ Տեփանոսյանի մեքենայի հետեւի ապակու մուտքային անցքը:

-Յուրի Տեփանոսյանի վերաբերյալ դատարանում ներկայացված փորձագիտական եզրակացությունների միջեւ առկա՞ է ներքին հակասություն, որը դուրս է մնացել կատարված փորձաքննությունների դիտարկման շրջանակից:

 

Հիշեցնենք, որ ոստիկան Յուրի Տեփանոսյանը մահացու հրազենային վնասվածքով գտնվել էր ոստիկանական ծառայողական մեքենայում: Նրա մահվան համար մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը, իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հայտարարել է՝ ոստիկանին դիտավորյալ են սպանել, որ ոստիկաններին հրահրեն իրենց դեմ: Իսկ Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, պնդում է, որ որդուն ոչ թե գունդը զավթածներն են սպանել, այլ ոստիկանները:

«Շահագրգիռ ենք մահվան հանգամանքների լիարժեք բացահայտմամբ, քանի որ դա ուղղակի վերաբերում է իմ պաշտպանյալին»,-համոզմունք հայտնեց Տիգրան Եգորյանը, որն այդ թվում Սմբատ Բարսեղյանի պաշտպանն է:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց՝ նշյալ միջնորդությամբ բարձրաձայնված հարցերի մի մասն արդեն պատասխաններ ստացել են այն փորձագիտական եզրակացություններում, որոնք արդեն իսկ հրապարակվել են դատաքննության ընթացքում. «Հարցերի մյուս մասի առնչությամբ դատարանն ընդգծում է, որ դրանք պարունակում են առավելապես խորհրդատվական տեղեկություններ ստանալու ակնկալիք, ինչը քրեադատավարական տեսանկյունից անթույլատրելի է՝ փորձաքննության նշանակման, իսկ այնուհետեւ՝ դրա պատասխանը որպես ապացույց գնահատելու համար»:

 

Այս հիմքով Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքների առնչությամբ համալիր փորձաքննություն իրականացնելու միջնորդությունը մերժվեց:

Ապա Տիգրան Եգորյանը միջնորդեց դատարան հրավիրել ու հարցաքննել ՊՊԾ գնդում մահացած երեք ոստիկանների՝ Յուրի Տեփանոսյանի, Գագիկ Մկրտչյանի եւ Արթուր Վանոյանի մահվան հանգամանքների փորձագիտական եզրակացությունները կազմած փորձագետներին: Հիշեցնենք, որ նախորդ նիստում Եգորյանը միջնորդել էր մյուս երկու ոստիկանների մահվան հանգամանքների առնչությամբ եւս համալիր փորձաքննություն նշանակել, սակայն միջնորդությունները մերժվել էին:

Ոստիկան Գագիկ Մկրտչյանի առնչությամբ արված միջնորդությանը՝ փորձագետին դատարան հրավիրելու կապակցությամբ, միացավ նաեւ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը. «Ճիշտ է, Եգորյանի միջնորդությունները մերժվել էին, բայց հարցերը մնացել են, ուստի պետք է փորձագետներին հրավիրել դատարան»:

Մեղադրյալներ Արեգ Կյուրեղյանն ու Արմեն Բիլյանը (լուսանկարում) միացան միջնորդություններին՝ շեշտելով, որ նախկին ռեժիմի ժամանակ ապացույցներ են կեղծվել:

Դատավոր Մեսրոպ Մակյանն այս դեպքում էլ արձանագրեց. «Տիգրան Եգորյանի հարցադրումների վերաբերյալ դատարանն արդեն դիրքորոշում արտահայտել է եւ մերժել: Հիմա նույն հարցերը բարձրաձայնվում են փորձագետներին հարցաքննելու շրջանակում: Նախկինում այդ հարցերին բավարար հիմնավորումներ տրվել են, իսկ փորձագետներին կանչելն ու հարցաքննելն առարկայազուրկ է»: Այս հիմնավորմամբ դատարանը մերժեց փորձագետներին հարցաքննելու միջնորդությունը:

Մեղադրյալ Սմբատ Բարսեղյանը հայտարարեց. «Կեղծարարությունն ի վերջո բացահայտվելու է, եւ փորձագետներին այստեղ կանչելը կնպաստեր դրան: Դատարանը նկատի է ունեցել, որ կեղծիքները կբացահայտվեն, եթե փորձագետները գան: Ուստի ես գտնում եմ, որ դատարանի որոշումը նպատակ ունի նպաստելու բռնապետական ռեժիմի կեղծած քննությանը»:

Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանն էլ դժգոհեց՝ դատարանը ոչ քննիչներին է համաձայնում դատարան հրավիրել հարցաքննության, ոչ էլ փորձագետներին, եւ դա չի նպաստում արդարության վերականգնմանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31