Արաբագետ Արմեն Պետրոսյանը, «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով Բեյրութում տեղի ունեցած պայթյունին, նշեց, որ այն կարելի է պայմանավորել Լիբանանի սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքում եղած արատավոր երևույթներով, «որոնք անցած տարվա հոկտեմբեր ամսից հանգեցրել են այդ երկրում լուրջ ճգնաժամի»:
Նրա խոսքով` Լիբանանում առկա քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամին այս տարի գումարվել էր նաև առողջապահական ճգնաժամը. «Արատավոր երևույթները, անփութությունը, որը կար այդ երկրի քաղաքական համակարգում, պետական կառավարման համակարգում, նաև դրսևորում ստացավ նման համակարգում` ցավալիորեն դառնալով մարդկային և նյութական կորուստների պատճառ»:
Արաբագետի համոզմամբ` Լիբանանում տարիներ շարունակ խորքային համակարգային խնդիրներ են եղել. «Հայտնի է, որ այդ պայթուցիկ նյութերը մի քանի տարի է՝ առգրավված են եղել և պահվել են Բեյրութի նավահանգստի պահեստներում, իսկ նման անփութություն դրսևորելը հանցավոր է և հանգեցրեց նման դրսևորման: Տարբեր փորձագետների գնահատմամբ՝ այս պայթյունը հավասարազոր է մոտավորապես 4.5 բալանոց երկրաշարժի»:
Արաբագետը չի բացառում, որ մեծ ներհոսք կլինի նաև Հայաստան և պնդում է, որ մեր երկիրը պետք է նախաձեռնի անհրաժեշտ ծրագրեր՝ ներհոսքը խթանելու համար:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: