Կարդացեք հոդվածաշարի 1-ին մասը այստեղ
Հաջորդ տասնամյակում պատմությունը, սակայն շարունակում է զարգանալ կայսրությունների, պետությունների՝ իրենց ազգային կենսական շահերի պաշտպանության համար միմյանց դեմ մղվող պայքարի, ինչպես նաև ճնշված ազգերի՝ իրենց իրավունքների վերականգման ու դրանց համար ազգային-ազատագրական պայքարի տրամաբանության մեջ։
Հայության գաղափարախոսության մեջ միասնականությունը պահպանվում է ևս մեկ տասնամյակ։ Այս տասնամյակը բնութագրվում է երկու կայսրություններում գործունեություն ծավալող հայկական կուսակցությունների, հատկապես ՀՅԴ կողմից հայության իրավունքների վերականգնման համար անհաշտ, ընդհուպ մինչև զինված պայքարով։ Դաշնակցությունն ամենաակտիվ մասնակցությունն է ունենում թե Ռուսական առաջին հեղափոխության 1905-07թթ, թե Օսմանյան կայսրությունում 1908թ. երիտթուրքական հեղաշրջմանը աջակցելու, թե 1905-11թթ իրանական հեղափոխությունը կազմակերպելու հարցում։ Արդյունքում հայությունը նույնիսկ իր ներկայացուցիչներն է ունենում ինչպես Ռուսական պետական դումայում, այնպես էլ Օսմանյան պառլամենտում։ Սակայն ներկայացված լինելով իրար հետ հակամարտող կայսրությունների օրենսդիր մարմիններում, հայկական կուսակցությունների ներկայացուցիչները փորձում էին ներկայացնել հայության ազգային շահերը, ձգտելով հնարավորինս ներկայացնել կայսրությունների հայ բնակչությունը։
Ազգային գաղափարախոսությունը կրող կազմակերպությունների համար աշխարհաքաղաքական կողմնորոշման առումով ամենամեծ փորձությունն, անշուշտ, առաջին Համաշխարհային պատերազմն էր։ Պատերազմի անմիջապես նախօրյակին կայացած իր Ընդհանուր ժողովում կուսակցությունը կայացնում է հնարավոր ամենահավասարակշռված որոշումը՝ թշնամի կայսրությունների կազմում ապրող հայ ազգաբնակչությունը պետք է կատարի իր քաղաքացիական պարտականությունները իր պետության նկատմամբ։
Կարդացեք նաև
Ակնհայտ էր սակայն, որ հայության ազգային ինքնության պահպանման ու ազգային կյանքի կազմակերպման հնարավորությունների առումով Ռուսական կայսրության կազմում պայմաններն անհամեմատ բարվոք էին, իսկ թուրքերն էլ լավ էին հասկանում, որ հայկական հարցից ձերբազատվելու միակ ճանապարհը արևմտահայության ֆիզիկական ոչնչացումն էր։
Թուրքերի հրեշավոր ոճրագործության իրագործումից հետո, չնայած կրած անդառնալի կորուստներին, աշխարհաքաղաքական իրավիճակը կարծես փոխվում էր ի նպաստ հայության։ Չնայած երկու դաշինքների կրած հսկայական կորուստներին՝ Անտանտի երկրները, նաև Ռուսական կայսրությունը, անվիճելի առավելություն ունեին, իսկ Առանցքի երկրները, առաջին հերթին՝ Օսմանյան կայսրությունը, կանգնած էին անխուսափելի պարտության եզրին։
Եվ այս իրավիճակում Ռուսական կայսրությունում երկու հեղափոխությունների արդյունքում իշխանության է գալիս վերազգային, եթե կուզեք՝ ապազգային գաղափարախոսության կրող քաղաքական ուժ՝ Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցությունը, որի գործողություններից ակնհայտ է դառնում, որ նրանք չեն առաջնորդվում ռուսական ազգային շահերով, այլ նրանց համար աշխարհաքաղաքական առաջնահերթություն է հեղափոխության և իրենց գաղափարախոսության «արտահանումը» հնարավորինս մեծ թվով երկրներ, իսկ վերջնարդյունքում՝ համաշխարհային նոր աշխարհակարգի հաստատումը։
Այս ծանրագույն պայմաններում, կորցնելով աշխարհաքաղաքական ավանդական դաշնակցին, հայության ազգային ուժերը ստիպված էին միայնակ դիմակայել մի կողմից հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը ավարտին հասցնել փորձող, հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրությանը, մյուս կողմից՝ նորաստեղծ, իրենց ազգային շահերը հետապնդող վրացական ու ադրբեջանական քաղաքական ուժերի հակահայ կեցվածքներին, իսկ հետագայում նաև, պատմության մեջ առաջին անգամ բախվել ազգությամբ հայ, բայց քաղաքական դիրքորոշումների ու գաղափարախոսությամբ հայության հետ կապ չունեցող, ավելին, հանուն իրենց կուսակցության վերազգային իդեալների իրագործման մեր ազգային շահերը զոհաբերելու պատրաստ հայ բոլշևիկների հետ։ Այս պայմաններում ուժերի գերագույն լարումով և հերոսական պայքարի արդյունքում ստեղծված պետականության ու անկախության պահպանումը գործնականում անհնար էր և 1920-ին Հայաստանում ազգային ուժերը հաջորդ 70 տարիներին իշխանությունը զիջում են Ռուսաստանի, հետագայում ՍՍՀՄ բոլշևիկյան ուժերի հայկական ստորաբաժանմանը, որը ձեռնամուխ է լինում այդ մեծ երկրի այս հատվածում բնակվող ժողովրդի տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական և այլ, բայց ոչ ազգային խնդիրների լուծմանը։ Հայկական ազգային գաղափարախոսության կրող կուսակցությունները իրենց գործունեությունը շարունակում են Ցեղասպանության արդյունքում ձևավորված Հայկական Սփյուռքում։
(շարունակելի)
Բագրատ ԵՍԱՅԱՆ
ՀՅԴ անդամ