Լրահոս
Օրվա լրահոսը

Հետհեղափոխական հավելումներ

Օգոստոս 05,2020 10:00

Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վեպում հեղափոխականները ձեւակերպում են «նոր պետության» պատվիրանները, որոնց միջոցով ոտքի են հանում ֆերմայի կենդանիներին: Այդ պատվիրաններով բոցավառված բոլոր կենդանիները պայքարի են դուրս գալիս տերերի դեմ եւ, ի վերջո, կարողանում են քշել նրանց: Իշխանափոխությունից հետո հեղափոխական վերնախավը` խոզերը, շարունակում են այդ պատվիրանները քարոզել կենդանիների շրջանում, բայց իրենք այդ պատվիրաններով չեն ցանկանում ապրել, ուզում են ապրել նախկին տերերի (մարդկանց) նման:

Եվ ահա գալիս է պահը պատվիրանների մեջ այնպիսի «հավելումներ» անելու, որոնք 180 աստիճանով փոխում են դրանց իմաստը: Օրինակ, հեղափոխական պատվիրաններից մեկն էր՝ «կենդանին չի քնում անկողնում», բայց քանի որ նոր տերերը սկսեցին քնել նախկին տերերի անկողիններում, արվեց հետեւյալ «հավելումը»՝ «սավանների տակ»: Կամ՝ «կենդանին ալկոհոլ չի օգտագործում» պատվիրանին ավելանում է հետեւյալ «ճշտումը»՝ «մինչեւ ուշագնացություն»: «Կենդանին չի սպանում մյուս կենդանուն». հավելում՝ «առանց պատճառի»: Եվ ամենահայտնին՝ «բոլոր կենդանիները հավասար են». հավելում՝ «բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մյուսները»: Վերջապես, քանի որ խոզերը սկսել էին քայլել երկու եւ ոչ թե չորս ոտքով, հեղափոխության գլխավոր կարգախոսը՝ «չորս ոտքը լավ է, երկուսը՝ վատ» փոխվեց հետեւյալի՝ «չորս ոտքը լավ է, բայց երկուսը՝ ավելի լավ»:

Օրուելը խոսում է համընդհանուր օրինաչափությունների մասին, որոնք կիրառելի են բոլոր ժամանակների, բոլոր հասարակությունների համար: Եթե փորձենք «հետհեղափոխական հավելումների» մեխանիզմը կիրառել Հայաստանի համար, ապա կստացվի մոտավորապես հետեւյալ պատկերը:

Արագաչափերը եւ փողոցային տեսախցիկները չարիք են. հավելում հեղափոխությունից հետո՝ եթե տուգանքները գնում էին Սաշիկի գրպանը: Սաշիկը չարիք է. հեղափոխությունից հետո՝ եթե պարբերաբար չի մուծվում պետական գանձարան:

Օլիգարխները չարիք են. հավելում՝ եթե իշխանությանը հավատարմության երդում չեն տալիս եւ իշխանության հետ առնչվող հիմնադրամներ գումարներ չեն փոխանցում:

Դատարանները պետք է անկախ լինեն. հավելում՝ եթե ընդունում են իշխանությանը հաճո որոշումներ:

Պաշտոնյաների ճոխ կյանքը դատապարտելի է. հավելում՝ եթե նրանք չեն ներկայացնում ժողովրդի իշխանությունը:

Ընդդիմադիրներին հետապնդելը դատապարտելի է. հավելում՝ եթե նրանք կապված չեն նախորդ հանցավոր ռեժիմի հետ:

Խորհրդարանում «կայուն մեծամասնությունը» վատ է. եթե այն ընտրված չէ ժողովրդի կողմից:

Փողոց փակելը լավ է. հավելում՝ եթե դա մենք ենք կազմակերպում: Մաշտոցի պուրակում սրճարան կառուցելը վատ է. հավելում՝ եթե քաղաքապետը սիրված դերասան չէ:

Անգլիացի գրողը նկարագրում էր ոչ միայն ռուս բոլշեւիկների հեղափոխությունը՝ նրա վեպը մարդկային էության մասին է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ օլիգարխ պատկերող այն ձնեմարդը, որը քաղաքացիական ակտիվիստները 2012-ին պատրաստել էին Մաշտոցի պուրակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Վահիկ says:

    Պարոն Աբրահամեան
    սռանից մոտ քառասուն տառրի առջ Իրանի հայկական դպրոցներից մեկի տեսոչ Սամսոն առաքելեան նշւած գիրքը թարգմանել էր գեղեցիկ և հայերէն վերնագրով, իսկ ցաւոք քներորդ անգամւա համար ԱՌԱՒՈՏում կարդում եմ անհասկանալի և խորթ Անասնաֆերմ ոչ հայերէն ոչ անգլերէն վերնագիրը․

    Շնորհակալուփիւն,
    Վահիկ

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Գրաքննություն (լատ.՝ censura ֊ «խիստ քննադատություն»), պետական վերահսկողության ձև…(Толковый словарь Ожегова):
    Այստեղ կատարվեց հակառակը. «Առավո՛տը» գրաքննության ենթարկեց վարչապետի խոսքը, որ հրապարակված է ինչպես գրքի միջոցով (Երկրի հակառակ կողմը), այնպես էլ՝ էլեկտրոնային տարբերակով (https://armtimes.com/hy/article/18467): Հասկանում եմ, որ զուտ էսթետիկական առումով ձեր էջում, և ընդհանրապես էլ, չէր նայվի: Բայց հո ինքն անընդհատ աչքերիս առա՞ջ է:

    • Մենք էլ ենք հասկանում, հարգելի պրն Զեյթունյան: Այնուամենայնիվ, «Առավոտում» կան հրապարակման կանոններ, որոնք թերեւս չկան Ձեր մատնանշած ստեղծագործության պարագայում:

      • Սարգիս Զեյթունյան says:

        …ոչ մի խնդիր: Ես չէ, որ պիտի ասեմ «թագավորը մերկ է»: Ինքը դա ինձանից շատ ավելի լավ է անում: Շնորհակալություն արձագանքելու համար:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31