Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայա Պլիսեցկայա՝ Շանելի ծանոթուհին եւ Պիեռ Կարդենի մուսան

Օգոստոս 05,2020 13:00

Ինչու էր ազդագրերում բացակայում նրա բեմական զգեստները ստեղծած Պիեռ Կարդենի անունը

Բալետի ականավոր պարուհի եւ խորեոգրաֆ Մայա Պլիսեցկայան  ոչ միայն բալետային լեգենդ էր, այլեւ նրբաճաշակության էտալոն:

Նրա ծնողները բռնատիրության զոհեր էին, ու ծնողների ճակատագրի պատճառով մի շրջան պարուհին չէր կարող  դուրս գալ ԽՍՀՄ-ից, բայց դա չէր խանգարում գեղեցիկ զգեստներ ձեռք բերել ու արժանապատիվ ներկայանալ այն ժամանակվա բարձրաշխարհիկ երեկույթներին:

kulturologia.ru-ի փոխանցմամբ, Մայա Պլիսեցկայան անձամբ ծանոթ էր Կոկո Շանելի եւ Պիեռ Կարդենի հետ, հատկապես վերջինիս մուսան էր համարվում:

Նա կարեւորություն էր տալիս մշտապես խնամված լինելուն եւ գեղեցիկ հագնվելուն, զգեստների  մեծ մասը ձեռք էր բերում վերավաճառող առեւտրականներից:

Պլիսեցկայան համաձայնում էր հանդես գալ  անգամ գավառական ակումբներում, միայն թե գումար աշխատեր՝ թանկարժեք կոշիկներ, հագուստներ ու խնամքի պարագաներ գնելու համար:

Երբ վաթսունականներին Մայա Պլիսեցկայան շատ կարճ զգեստով հայտնվում է Մեծ թատրոնի բեմում՝ Կարմենի կերպարով, այդ ժամանակվա մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցեւան հանդիմանում է արտիստուհուն եւ պահանջում երկար փեշ հանգնել: «Մայա, այդ բաները մեզ օտար են, դա չէ մեր ճանապարհը»,-ասել էր նախարարը:

Իսկ երբ մի անգամ կաշվե կտորներով ու կարակուլե մուշտակով հայտնվում է հասարակության մեջ,  Պլիսեցկայայի հետեւից փսփսում են, թե նա մեղք է «ծորում»:

Յոթանասունականների սկզբներին Մայա Պլիսեցկայային վերջապես թույլատրեցին արտասահմանյան ուղեւորություններ ունենալ, եւ նա  կարողացավ երես առ երես հանդիպել Պիեռ Կարդենի հետ: Աշխարհահռչակ դիզայների հետ մտերմությունը շարունակվեց մի քանի տասնյակ տարի: «Ճայի», «Աննա Կարենինայի», «Շնիկով տիկնոջ» եւ  այլ գլուխգործոցներում Պլիսեցկայայի զգեստները հենց Պիեռ Կարդենն է ստեղծել: Ասում են՝ դիզայները ցանկացել է, որ բալետի պարուհին այդ զգեստները կրի իր «մաշկի» նման, եւ դրանք իրեն չխանգարեն բեմում ելույթ ունենալիս:

Խորհրդային տարիներին մշակույթի նախարարությունն ամեն ինչ արել է, որպեսզի արտասահմանցի դիզայների անունը չերեւա ներկայացումների ազդագրերում: Չնայած դրան՝ Պիեռ Կարդենն անվճար էր ստեղծում Պլիսեցկայայի  բեմական եւ առօրյա զգեստները: Երկաթյա  վարագույրի անկումից հետո 1983թ. բալետի թագուհին ձեւը գտավ երախտագիտություն հայտնելու  դիզայներին եւ Կրեմլում կազմակերպեց «Նորաձեւությունն ու պարը» խորագրով բացառիկ շոու:

Նրա տաղանդով եւ գեղեցկությամբ հիացած էր մեկ այլ հանրահայտ դիզայներ՝ Իվ  Սեն Լորանը, որն էլ ստեղծեց ֆրանսիացի խորեոգրաֆ Ռոլան Փետիի բեմադրած  բալետի համար՝ Պլիսեցկայայի զգեստները: Պարուհին համագործակցել է նաեւ Ռոյ Հալսթոնի եւ Ժան-Պոլ Գոթյեի հետ: Նրա լուսանկարները հայտնվել են տարբեր ամսագրերի, այդ թվում՝  Vogue-ի շապիկին: Արտասահմանյան մի ուղեւորության ժամանակ էլ ծանոթացել է Կոկո Շանելի հետ, որն արդեն ութսուն տարեկան էր: Հատուկ Պլիսեցկայայի համար Շանելը ցուցադրություն էր կազմակերպել եւ առաջարկել ընտրել  ցուցադրված թանկարժեք հավաքածուից զանկացած նմուշ: Պարուհին ընտրել էր ոսկե կոճակներով զարդարված մետաքսե մի սարաֆան, որը հագնում էր առանձնահատուկ առիթների ժամանակ:

Ասում են՝ Պլիսեցկայան առաջին կինն էր ԽՍՀՄ-ում, որ սպիտակ սամույրից մանթո էր կրում, նաեւ  հագնում էր նեղ անդրավարտիք: Ամեն դեպքում, պարուհու ամեն զգեստը տեսնելուց հետո շատերը սկսում էին նրա նման հագնվել: Պլիսեցկայան ճաշակ էր թելադրում:

Հավելենք, որ Մայա Պլիսեցկայան հյուրախաղերով շրջել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կանադայում եւ այլուր, իսկ 1957-ին մի քանի դերապարով հանդես է եկել Երեւանում:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
04.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31