Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկունյաց բնաշխարհի հարստությունը

Օգոստոս 05,2020 12:30

Հայկական լեռնաշխարհում 4200 բուսատեսակներ կան, որոնցից միայն  300-ն են դեղաբույսեր

Հայտնվել եմ Ծաղկունյաց լեռների բնաշխարհում, ու չորս կողմից հրաշագեղ, բազմագույն ծաղիկները կանչում  են՝ ի՛նձ նայեք, ի՛նձ նայեք: Անհարմար եմ զգում, որ իմ ծաղկեփնջից մի քանի ծաղիկների անունը չգիտեմ: Զգում եմ, թե որքան տարբեր են նրանք ոչ միայն իրենց տեսքով, այլեւ էությամբ, ու ինչքան սեր է ներդրել Աստված այս բույսերը ստեղծելով, նրանց օժտել իրենց գեղեցկությամբ գրավելու մեղուների ուշադրությունը, եւ մեղուների սիրո դիմաց վարձատրելով  անուշաբույր նեկտարով: Ու մեղուները չգիտեն, որ դա արու եւ էգ վարսանդների համար ընդամենը հրապուրելու միջոց է՝ իրենց սերմերի միախառնումը՝ հեշտանքը եւ պտղակալումը իրականացնելու համար: Մի քանի անծանոթ երփներանգ ծաղիկներ եւս քաղեցի, մտածելով, որ Ծաղկաձորում կլինեն գիտակներ, որոնք կպատմեն դրանց որպես դեղաբույս օգտակարության մասին:

Այս մտքերի մեջ խորասուզված ու հայոց բնաշխարհի գեղեցկությամբ հմայված հանդիպեցի 60-ին մոտ ամրապինդ մի մարդու, որը ուշադրությամբ բույսերն էր զննում:

– Բարեւ ձեզ, -դիմեցի ես, – տեսնում եմ, որ դուք բույսերի գիտակ եք, ուզում եմ այս բույսերի անունները ճշտել: Իմ գրքի հերոսը դեղաբույսերի մասնագետ է, նրա մասին գրելու համար պետք է իմանամ, թե ինչ էր ապրում դեղաբույսեր հավաքելիս:

– Սիրով, գլուխը բարձրացնելով բազմանշանակալի ժպտաց նա, – նախ՝ ծանոթ լինենք. Աշոտ Օհանյան, մասնագիտությամբ տնտեսագետ եմ, Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: Երկու տասնամյակ է, ինչ զբաղվում եմ բուսաշխարհի ուսումնասիրությամբ: Հրազդանցի եմ ու Ծաղկունյաց լեռների բուսաշխարհին լավ ծանոթ: Իսկ ձեզ ես լավ գիտեմ: Ձեր ծաղկեփնջի մեջ եղերդակ կա, որը հայտնի դեղաբույս է: Կոնկրետ այս վայրից կարող եք որպես դեղաբույս հավաքել երիցուկը, վայրի դաղձը: Հայկական լեռնաշխարհում 4200 բուսատեսակներ կան, որոնցից միայն 300-ն են դեղաբույսեր: Այդ բույսերից 200-ը էնդեմիկ են ու միայն հայկական լեռնաշխարհում են հանդիպում:

– Ուրեմն այս հրաշագեղ ծաղիկները, որոնց կերտման համար մեծ սեր է ներդրել Ստեղծողը, որպես դեղաբույս չի՞ նախատեսել, թե ուղղակի այդ մասին հայտնի չէ մարդկությանը:

– Այո, մարդկանց որպես դեղաբույս միայն 300-ն է հայտնի: Բայց դրանց լիարժեք օգտագործումը բավարար կլինի մարդկությանը առողջ ապրելու համար: Հայաստանն այս իմաստով դրախտային երկիր է, բնությունը տվել է այս հարստությունը, բայց արի տես, որ հիվանդությունների տարածման տեսանկյունից մեր ժողովուրդը ամենավատ վիճակում է հայտնվել: Մեր լեռնաշխարհի դեղաբույսերի ըստ նպատակի օգտագործման դեպքում հնարավոր է կանխել բազում հիվանդություններ: Սակայն մեզ մոտ օգտագործվում է վայրի բուսաշխարհի օգտակար ռեսուրսների միայն 2-3 տոկոսը:

– Հնում մարդիկ միայն դեղաբույսերով էին բուժվում, – ասացի ես:

– Այո, հենց Արտաշես արքայի հեքիմապետը Սիս եւ Մասիս  լեռների միջեւ գոգավորությունից հավաքած դեղաբույսերով էր բուժում պատերազմներին զինվորների ստացած վերքերը: Հայոց բնաշխարհի օգտակար ռեսուրսների ուսումնասիրման ոլորտում անգնահատելի է միջնադարի հայ բնագետ եւ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացու «Անգիտակից Անպետ» աշխատությունը, որը համարվում է  միջնադարի բժշկական բառարան եւ ընդգրկում է լիարժեք տեղեկատվություն հայոց լեռնաշխարհի բույսերի օգտակար եւ բուժիչ հատկությունների մասին: Հայաստանում բուսաբուժության զարգացման ու տարածման գործում մեծ դերակատարում են ունեցել միջնադարի մեր հեղինակներից Գրիգոր Մագիստրոսը, Մխիթար Հերացին, Գրիգորիսը եւ այլ գործիչներ: Բուսաշխարհի մեր ռեսուրսները կարեւոր են նաեւ շուրջ  տասը խոշոր ճյուղային արտադրություններ կազմակերպելու իմաստով, որոնցից են՝ սնունդ եւ սննդամթերք, ըմպելիքներ եւ թուրմեր, բույսերի, մրգերի եւ հատապտուղների հավաքածուներ, դեղագործական նշանակության արտադրանք, բուսայուղեր, եթերայուղեր, եւ քսուկներ, չորացված եւ վերամշակված բույսեր ու հատապտուղներ, պահածոներ եւ խտանյութեր, օծանելիքներ, շինարարական արտադրանք, մեղվաբուծություն: Դրանք կապահովեն շուրջ 30 հազար աշխատատեղ:

-Իսկ գլխավոր արդյունքը՝ բնակչության առողջությունը, -հաստատեցի ես: -Որպես հաստատումն ձեր ծրագրի, նշեմ հենց արցախյան «ժենհյալով հացի» ֆենոմենը: Շուրջ տասը վայրի բույսերի համադրումով, նաեւ այդ հացի օգտագործումով է բացատրվում արցախցիների երկարակեցության ֆենոմենը: Սակայն գանք  դեղաբույսերին: Իմ նոր պատմավեպի հերոսներից մեկը՝ Ջամասպ արքայից արքան, որը գործել է 5-րդ դարի վերջին, իր էությամբ դեղաբույսերի մասնագետ էր եւ բժիշկ: Նա եւս հիացած էր Հայաստանի բուսաշխարհով: Նա ինքնակամ թողնում է իր գահն ու տեղափոխվում Հայաստան:

– Կոնկրետ ո՞ւր է գալիս:

– Արցախ, իր ընտանիքով Որոտանի վրա Բաղակաշատ ամրոցում էր ապրում:

-Այդ ամենը չափազանց հետաքրքիր է, -ասաց գիտնականը, -Հայկական լեռնաշխարհը գտնվելով երկու կենսաաշխարհագրական գոտիների՝ իրանյան չորային եւ կովկասյան խոնավ կլիմայի կցման տեղամասում, յուրահատուկ ու եզակի բուսաշխարհ է ձեւավորվել: Կարեւոր է նաեւ չորս հիմնական սնուցիչների՝ հողի, ջրի, օդի եւ արեւի ազդեցությունը բույսերի ձեւավորման ու աճի վրա: Հին ժամանակներից մեզ են հասել Հայաստանի կենսականորեն մաքուր, բուժիչ ու բուրումնալի բույսերից եւ ծաղիկներից թեյի անուշաբույր ըմպելիքների պատրաստման գաղտնիքները:  Ծաղկունյաց լեռները, որտեղ այժմ գտնվում ենք մենք, նրա բարերար արեւը, մաքուր օդը եւ ալպիական մարգագետինների կուսական  միջավայրը հնարավորություն են ստեղծում կազմել օգտակարությամբ յուրահատուկ եւ անկրկնելի բուսական թեյի փնջեր: Դրանք ուղղված են ամենատարբեր հիվանդությունների, ինչպիսիք են իմունային համակարգի կոփման, նյութափոխանակման, արյան շրջանառության  կարգավորմանը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ, մաքրում օրգանիզմը վնասակար նյութերից, նպաստում տարբեր հիվանդությունների կանխարգելմանը:

– Բայց այդ ամենը պետք է մատուցել բնակչությանը, համապատասխան աշխատանք տանել  լրատվամիջոցներով, -ասացի ես, – ի վերջո, այդ ամենը կարելի է քաղաքակիրթ աշխարհին ներկայացնել որպես ազգային բրենդ եւ ներկայացնել, մատուցել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները  համաշխարհային շուկայում:

– Ահա Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տան տնօրեն Մովսես Մանուկյանի նախաձեռնությամբ ստեղծել ենք  Ծաղկունյաց լեռների խոտաբույսերի բուժիչ թեյերի չորս փունջ, որոնք եւ առաջարկում ենք մեր ժողովրդին: Բոլոր դեղաբույսերը չէ, որ կարող են ներդաշնակել իրար հետ: Ակտիվ եւ պասիվ բույսերի միասնական փունջը կարող է վնասել առողջությանը: Մեր կողմից առաջարկվող   փնջերը ներառում են առույգացնող, կազդուրող, մաքրող եւ հանգստացնող  չորս բալասան: Սակայն դրանց  տարածմանը նպաստող քարոզչության պակասը խանգարում է մեր բնաշխարհի բարիքներից ժողովրդին օգտվելու հնարավորությունից: Տարօրինակն այն է, որ ասենք, չափից դուրս քաղաքականացված լրատվամիջոցները  խուսափում են այդ քարոզչությունից:

– Պարոն Օհանյան, այսօրվա համացանցը լիուլի հնարավորություն է ստեղծում լրացնելու այդ բացը:  Ի վերջո, պետական համապատասխան ոլորտներին պետք է փորձել համոզել այս խնդրի կարեւորության մասին: Երկար տարիներ աշխատելով զանգվածային լրատվամիջոցներում, ինքս էլ եմ զբաղվել մեր հարուստ բուսաշխարհի հնարավորությունների  քարոզչությամբ:

– Այո, խորհրդային տարիներին այս բնագավառը գիտական եւ արտադրական որոշակի զարգացում էր ապրում, սակայն հեղափոխությունից հետո այն կանգ առավ եւ 30 տարի շարունակ պետական հոգածությունից դուրս թողնվեց:  Առայժմ մենք համապատասխան ռեզերվներ ունենք հայաստանյան բուսաշխարհի հիման վրա այդ անգնահատելի հարստության արդյունաբերական արտադրություններ հիմնելու համար, որի գործարկման համար կպահանջվի 5-7 տարի:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31