Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգիտիմությունն արտոնություն չէ, այլ՝ բարձր պատասխանատվություն

Օգոստոս 05,2020 14:00

Հետեւելով հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական կյանքին, հաճախ հանդիպում ենք լեգիտիմության մասին իշխանությունների մենախոսությանը։ Ընդ որում լեգիտիմության՝ բառի ամենալայն իմաստով, ներառելով անգամ մտքեր, որոնք այս տերմինը բնավ չի արտահայտում եւ պարտավոր էլ չէ։ Ի դեպ, լեգիտիմությունը նույնականացվում է ինչպես օրինականության (լատիներենից ուղիղ թարգմանությամբ՝ legitimus), այնպես էլ ժողովրդականության, անայլընտրանքայնության, անփոխարինելիության, անսխալականության եւ էլի շատ հասկացությունների հետ։ Իսկ մենախոսություն, քանզի գործող ընդդիմությունը խուսափում է ներքաշվել իշխանության լեգիտիմության մասին բանավեճի մեջ, հավանաբար ընդունելով այդ պնդման օբյեկտիվությունը եւ այն վիճարկելու համար բավականաչափ փաստարկների բացակայության փաստը։

Թույլ տվեք, նախքան փորձելը պարզաբանել, ըստ իս, այն կարեւոր ասպեկտը, որ լեգիտիմությունն անխոս անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է արդյունավետ կառավարման, բացահայտել բուն՝ «լեգիտիմ» հասկացությունը, ինչպես նաեւ

ըստ դասական ձեւակերպման, լեգիտիմությունը դա քաղաքական իշխանություն իրականացնելու հաստատված կարգը իբրեւ նորմալ, ճիշտ եւ իրավական գործընթաց ճանաչելն է։ Այն ենթադրում է բնակչության, ինչպես նաեւ միջազգային հանրության կողմից երկրում ձեւավորված քաղաքական կարգը տվյալ ժողովրդի շահերին համապատասխանության փաստացի ճանաչումը։ Հարկ է նշել, որ առանձին իմաստավորում պահանջում են նաեւ այլ, այստեղ բերված եւ քաղաքական լեքսիկոնում ամենօրյա հանդիպող այլ ընդհանրական տերմիններ, ինչպես՝ «միջազգային հանրություն», «տվյալ երկրի ժողովրդի շահերը պահպանելը» եւ այլն, քանի որ հետժողովրդավարության ու հետլիբերալիզմի դարաշրջանում այդ հասկացությունները լուրջ շեղվել են իրենց սկզբնական իմաստից։

Բայց դա այս դիտարկումների առարկան չէ, այդ իսկ պատճառով վերադառնանք քաղաքական իշխանության լեգիտիմությանն ու նրա տարաբնույթ մեկնաբանություններին։ Լեգիտիմությունը նաեւ վստահությունն է ու իշխանության արդարացումը, քանի որ այն սերտորեն կապված է վերջինիս բարոյական գնահատականի հետ։ Քաղաքացիները հավանություն են տալիս իշխանությանը, առաջնորդվելով բարու, արդարության, ազնվության, խղճի եւ այլ բարոյական չափանիշներով։ Դա կարեւոր պնդում է, քանզի հենց ինքը՝ Մաքս Վեբերը, ով «լեգիտիմություն» տերմինը ներմուծել է գիտական շրջանակ, նկատի ուներ ոչ թե իրավական, այլ իշխանության սոցիոլոգիական (վարքականոնային) բնութագիրը։

Հենց այդ հիմքով էր Վեբերն այդչափ կարեւորում իշխանության կողմից բռնության մենաշնորհային կիրառման գործոնը։ Այլ կերպ, լեգիտիմությունն այնքան իշխանության ձեւավորման օրինականությունը չէ, որքան կառավարելու նրա իրավունքը բնակչության կողմից ճանաչելը։ Լեգիտիմ իշխանությունը ժողովրդական զանգվածների կողմից ընդունվում է, ոչ թե նրանց պարտադրվում։ Ժողովուրդը համաձայն է ենթարկվել այդպիսի իշխանությանը, համարելով նրան արդարամիտ ու հեղինակավոր, իսկ գործող կարգը՝ առնվազն ընդունելի երկրի համար։ Այստեղ որեւէ հակասություն չկա, քանի որ քաղաքագիտության մեջ օգտագործվում է նաեւ իշխանության «լեգալություն» տերմինը։ Լեգալությունն ու լեգիտիմությունը նույնը չեն։ Իշխանության լեգալությունը նույն այդ իշխանության իրավաբանական հիմնավորումն է, նրա օրինականության, իրավական նորմերին համապատասխանության ճանաչումը։

Գանք առանցքային եզրահանգմանը. ժամանակակից մեկնաբանությամբ լեգիտիմությունն օժտված չէ իրավական գործառույթներով եւ չի հանդիսանում իրավական գործընթաց։ Ցանկացած, անգամ ոչ ժողովրդական իշխանություն, որն ի վիճակի է ոչ միայն օրենքներ ընդունել, այլեւ ապահովել դրանց իրացումը գործնականում՝ լեգալ է։ Միեւնույն ժամանակ այն կարող է լինել ոչ լեգիտիմ, ժողովրդի կողմից չընդունված։

Հետեւելով այդ տրամաբանությանը, ինչը դժվար է վիճարկել, Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները եղել են լեգալ (իրավական), քանի որ կարողացել են ընդունել օրենքներ ու այլ որոշումներ եւ դրանք կյանքի կոչել։ Կաղում էր հիմնականում հենց լեգիտիմությունը, հանրության մի մասը չէր ընկալում իշխանությունը։ Ասենք այսպես՝ զգալի մասը, որպեսզի չընկնենք մաթեմատիկական հաշվարկների գիրկը, առավելեւս այն ժամանակ անկախ, անաչառ սոցիոլոգիական հետազոտությունների բացակայության պայմաններում։

Ինչպես հայտնի է՝ լեգալությունը լիովին բավարարեց, որպեսզի մինչեւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը վերջին երկու նախագահները լիարժեք մնային պետության ղեկին իրենց երկու օրինական ժամկետով։ Հայաստանի գործող իշխանությանը, որն ընդունված է համարել հեղափոխական, լեգալության մասով գուցե կարող են հարցեր ծագել, բայց ահա լեգիտիմության հարցում ամեն ինչ կարգին է։ Ահա թե ինչում է, իմ կարծիքով, գործող իշխանության առանցքային տարբերությունը նախորդներից։ Կարելի է ասել՝ Հայաստանում ներկայումս յուրօրինակ էքսպերիմենտ է իրագործվում՝ կկոմպենսացնի արդյոք անվիճելի լեգիտիմության գործոնը լեգալության հարցում հավանական կասկածները (խոսքն, իհարկե, վերջին համապետական ընտրությունների մասին չէ, այլ՝ դրան նախորդած իրադարձությունների)։ Առայժմ անվիճելի այո՜։ Սակայն, եկեք հիշենք, որ լեգիտիմությունը ոչ իրավական գործընթաց է, ոչ էլ օժտված իրավական գործառույթներով։ Այն իրենից ներկայացնում է, ըստ էության, կոնսենսուս՝ հիմնված ժողովրդի վստահության, իր եւ իշխանության շահերի ներդաշնակության վրա։ Թվում է համապարփակ իդիլիա, որին հասնելը իրապես մեծ արժեք ունի։ Մյուս կողմից, հենց դրանում է թաքնված գլխավոր վտանգը։ Չէ՞ որ, ըստ էության, օժտելով իշխանությանը լեգիտիմությամբ, ժողովուրդը նրա հետ մտնում է չգրված պայմանագրային հարաբերությունների մեջ՝ մենք վստահում ենք, դուք արդարացնում եք այդ վստահությունը։ Արդարացնել, անկասկած անհրաժեշտ է, իսկ ահա վստահության բանաձեւը դեռեւս ոչ ոք չի ձեւակերպել։ Միայն ենթադրությունների մակարդակով կարելի է դատել, թե հատկապես ինչի՞ վրա է խարսխվում ժողովրդի հավաքական վստահությունը, ի՞նչ ցուցանիշների, չափման ի՞նչ միավորների հանրագումարի, այն կայո՞ւն, թե՞ փոփոխական մեծություն է, եւ այլն։

Նախկին իշխանությունների հանդեպ անվստահությունը բնավ չի երաշխավորում տեւական վստահություն գործողների նկատմամբ։ Ինչպես հայտնի է. հասարակության տարբեր սոցիալական, քաղաքական, հասարակական, տարիքային, գենդերային եւ այլ շերտեր գնահատման իրենց չափանիշներն ունեն, իրենց սպասումները, ինչպես նաեւ չափման իրենց համակարգը։ Անգամ պահանջմունքների նույնականացումը՝ գոնե 60-70 տոկոս ճշտությամբ, բավական բարդ խնդիր է, էլ չասենք՝ դրանք բավարարելու հնարավորությունը, հատկապես բավարար ռեսուրսների բացակայության պարագայում։ Փորձիր միաժամանակ բավարարել եւ այն ծնողների ձգտումները, ովքեր զրկված են երեխային դպրոց գնալու արժանավայել նախապատրաստելու հնարավորությունից, եւ շքեղության բարձրացված հարկը վճարելու ցանկություն չունեցող բազմամիլիոն արժողության առանձնատան սեփականատիրոջ պատկերացումները, եւ որոշ ընկերների խելացնոր մարմաջը, ում ոչ ավել, ոչ պակաս արագ ելք է անհրաժեշտ դեպի ծով, իսկ ավելի լավ է միանգամից երկու ծովեր։ Ընդգծեմ՝ բոլորը եւ միանգամից, քանի որ, երբ ամրագրում ես առաջնահերթությունները, ելնելով պետական կարիքներից ու հնարավորություններից, ցանկացած հետաձգված ծրագիր ծնում է որոշ մարդկանց դժգոհությունը, առաջացնում խտրական վերաբերմունքի զգացողություն։ Դա, բնականաբար, ոչ մեկին դուր չի գալիս, դրա համար չէր չէ՞, որ աջակցեցին իշխանափոխությանը։ Այդ ամենը, ինչպես հասկանում ենք, դիտարկվում է իբրեւ իշխանության կողմից հանրության հետ պայմանավորվածությունների խախտում, իսկ դա նշանակում է՝ քայլ դեպի ապալեգիտիմացում։ Այն տեղի է ունենում զուտ լեգիտիմության աղբյուրի տրամաբանությամբ, այլ ոչ ընդդիմության խնդրանքով, նրանց ինտրիգների, կամ ցանկությունների շնորհիվ։ Այո, հասկանալով, թե որտեղ եւ ինչպես հասցնել կետային հարվածներ, ընդդիմությունը կարող է ինչ-որ կերպ ազդել գործընթացի վրա, բայց ոչ երբեք սրընթաց թափ հաղորդել, որքան էլ որ ցանկանա։ Ամենը, մեծ հաշվով, իշխանության ձեռքում է, որն առնվազն չպետք է փորձի սեփական լեգիտիմությունը մատուցել իբրեւ իր գործողություններում որեւէ սխալի բացակայությունը հաստատող տեղեկանք։ Կարեւորը, ինքը չսկսի դրան հավատալ, որպեսզի չարագացնի դելեգիտիմացման անխուսափելի գործընթացը։ Այն անգամ կապված չէ օրենքով սահմանված կառավարման ժամկետի հետ։

Երկրորդ. չարժե լեգիտիմությունն ուղիղ կապել ժողովրդավարության հետ։ Լեգիտիմությունը վստահություն է, իսկ ժողովրդավարությունը սոսկ կառավարման ձեւ, գործիք։ Ժամանակին լեգիտիմ էին եւ թագավորները, եւ բռնապետերը, քանի որ ժողովուրդը հավատում էր, թե կառավարիչ լինելն իբրեւ շնորհ տրված է ի վերուստ։ Ամեն ինչ լեգալ էր, ամեն ինչ լեգիտիմ է, բայց ամենեւին ժողովրդավարական չէր։ Նման օրինակների պակաս մեր ժամանակներում եւս չի զգացվում։

Հարկ է նշել, որ տերմինների ընկալման հարցում խառնաշփոթով, դրանից բխող թյուրըմբռնմամբ էլ ավելի աչքի է ընկնում ընդդիմությունը, որը, չգիտես ինչու, կարծում է, թե լեգիտիմությունը բացառապես իշխանության գործն ու գլխացավանքն է։ Եթե լեգիտիմությունը, ինչպես պարզեցինք՝ վստահությունն է, ապա ինչի՞ց ելնելով է այն իշխանության մենաշնորհային իրավունքը։ Արդյոք լուրջ հեռանկար ունի՞ այն ընդդիմությունը, որն ակտիվ աշխատում է միայն իշխանության ապալեգիտիմացման ուղղությամբ, բայց քայլ անգամ չի անում՝ սեփական լեգիտիմությունը ձեռք բերելու։ Մեթոդաբանական սխալ է կարծել, թե ընդդիմությունն ապրիորի լեգիտիմ է, սոսկ այն հիմնավորմամբ, որ հռչակված է այդպիսին։ Կարծում եմ դա է պատճառը, որ այն դեռեւս չափազանց հեռու է համակարգային ընդդիմություն դառնալուց, ինչի կարիքն ունեն թե իրենք, թե հասարակությունը, եւ թե իշխանությունը։

Լեգալ եւ արդյունավետ իշխանությունը ժամանակի ընթացքում ձեռք է բերում նաեւ լեգիտիմություն, եթե անգամ սկզբնական շրջանում առանձնապես ժողովրդականություն չէր վայելում։ Ճիշտ է, դա բավական երկար գործընթաց է, իսկ ահա, երբեմնի սիրեցյալ իշխանության ապալեգիտիմացումը կարող է տեղի ունենալ բավական սրընթաց, եթե գործունեության արդյունավետությունն ակնհայտ չէ։

Աշոտ ԱՆՏԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31