Փաստաբանը, պաշտպանելով իր պաշտպանյալին, ստիպված է հաճախ լինում պաշտպանել նաեւ քրեակատարողական հիմնարկին, քանի որ պետերը, որոնք աշխատում են դատապարտյալների հետ, չեն կարողանում պաշտպանել իրենց դրական բնութագրերը:
Վերաքննիչ քրեական դատարանին դիմած պաշտպանը գտնում էր, որ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի պետի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման, իսկ այն մերժելու վերաբերյալ դատարանի կողմից կայացված դատական ակտը ենթակա է բեկանման:
ՀՀ Սահմանադրական դատարանը, 2008թ. փետրվարի 5-ի որոշմամբ անդրադառնալով պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություններին, իրավական դիրքորոշում էր արտահայտել այն մասին, որ մարդասիրության սկզբունքի դրսեւորման ձեւերից է նաեւ դատապարտյալին պատժից ազատելու քրեաիրավական ինստիտուտը։ Այդ ինստիտուտի էությունը կայանում է նրանում, որ հանցագործության համար դատապարտված անձը, քրեական օրենքով նախատեսված հիմքերով, կարող է դատարանի կողմից փաստացիորեն ազատվել պատժի հետագա կրումից: Պատժից ազատելու համար նյութական հիմք է հանդիսանում պատիժը կրելու աննպատակահարմարությունը կամ անհնարինությունը, հաշվի առնելով տվյալ դատապարտյալի՝ հանրորեն վտանգավոր լինելու հանգամանքի վերացումը, դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման փաստը կամ քրեական իրավունքի փոփոխությունը:
Առողջական վիճակի վատթարացման փաստի փոփոխության եւ այլ հիմքերով էլ դատարան էր ներկայացվել Կարինե Սոբչենկոյի գործը:
Կարդացեք նաև
Հունիսի 10-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Կարինե Սոբչենկոյին Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015թ. հունիսի 26-ի դատավճռով նշանակված պատժի մնացած մասը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը: ՀՀ ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան, Սոբչենկոյի պաշտպան Գայանե Գրիգորյանը վերաքննիչ բողոք էր բերել, տեղեկացնելով, որ ԱՆ քրեակատարողական ծառայությանը եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ, մայոր Ա. Ս. Գոյունյանի կողմից 2019թ. դեկտեմբերի 18-ի հաստատված զեկույցով՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կարինե Սոբչենկոյի վերաբերյալ համարվել է դրական:
ՀՀ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետ Գ. Սիմոնյանի կողմից 2019թ. դեկտեմբերի 26-ի զեկույցը համարվել է դրական, այսինքն, համաձայն դրա, նպատակահարմար է գտնվել դատապարտյալ Կարինե Սոբչենկոյի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացնելը դատարան:
Այդ հիմքով էլ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Ա. Մարտիրոսյանը դեկտեմբերի 30-ին կայացրել էր թիվ 195 որոշումը՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կարինե Սոբչենկոյի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնել դատարան: Գայանե Գրիգորյանը վերաքննիչ դատարանի ուշադրությունն էր հրավիրել, որ Կարինե Սոբչենկոյի վերաբերյալ երկու զեկույցները դրական են: ՔԿՀ-ը, որտեղ այս ամբողջ ժամանակահատվածում պատիժը կրել է Կարինե Սոբչենկոն եւ առավել, քան որեւէ այլ պետական մարմին տեղեկացված է պատիժը կրելու ընթացքում Կարինե Սոբչենկոյի ցուցաբերած վարքագծի, վերջինիս ուղղման, նոր հանցանքներ կատարելու հավանականությունը գնահատելու արդյունքում գտել են, որ նպատակահարմար է Կարինե Սոբչենկոյի պայմանական վաղաժամկետ ազատումը:
Կարինե Սոբչենկոյի մոտ առողջական խնդիրներից մեկի ախտորոշումը՝ բրոնխիալ ասթմա, համարվում է շնչառական համակարգին առնչվող հիվանդություն, ինչը նշանակում է, որ Կ. Սոբչենկոն գտնվում է ռիսկային խմբում, եւ կորոնավիրուսային վարակի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկ եւ դրանով վարակվելը վերջինիս կամ ՔԿՀ-ում գտնվող այլ անձանց համար կհանգեցնի ծանր հետեւանքների:
«Առավոտ»-ին Գ. Գրիգորյանը երեկ ասաց. «ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հունիսի 10-ի որոշումը կայացվել է նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի մի շարք խախտումներով, որոնց արդյունքում թույլ տրված դատական սխալը ծանր հետեւանքներ կարող էր առաջացնել Կարինե Սոբչենկոյի համար, ինչպես նաեւ նման դատական ակտով խաթարվում է արդարադատության բուն էությունը»:
Դատարանը իր վիճարկվող դատական ակտի պատճառաբանություններում նշել էր. «Թեեւ պատժի կրման ընթացքում Կարինե Սոբչենկոն չի խրախուսվել, կարգապահական տույժի չի ենթարկվել, քրեական ենթամշակույթի վերաբերյալ ունի բացասական վերաբերմունք, մասնակցել է հիմնարկում իրականացվող մարզական եւ լուսավորչական միջոցառումներին, այդուհանդերձ, դատարանը գտնում է, որ նշվածը չի կարող հիմք հանդիսանալ Կարինե Սոբչենկոյի պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համար»:
Ըստ դատարանի պատճառաբանության, Կարինեն նախկինում եղել է 3 անգամ դատապարտված, առկա է դատավճռով սահմանված դատական ծախս, որը մուծված չէ, այսինքն, պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքերը բացակայում են:
Փաստաբանն ասում է` «Եթե քրեակատարողական ծառայության եւ պրոբացիայի ծառայության զեկույցները դրական են, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում եւ յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան»:
Իսկ վկայակոչված ՀՀ Սահմանադրական դատարանի 2008 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-733 որոշման համաձայն էլ. «Մարդասիրության սկզբունքի դրսեւորման ձեւերից է նաեւ դատապարտյալին պատժից ազատելու քրեաիրավական ինստիտուտը։ Այդ ինստիտուտի էությունը կայանում է նրանում, որ հանցագործության համար դատապարտված անձը, քրեական օրենքով նախատեսված հիմքերով, կարող է դատարանի կողմից փաստացիորեն ազատվել պատժի հետագա կրումից: Պատժից ազատելու համար նյութական հիմք է հանդիսանում պատիժը կրելու աննպատակահարմարությունը կամ անհնարինությունը, հաշվի առնելով տվյալ դատապարտյալի՝ հանրորեն վտանգավոր լինելու հանգամանքի վերացումը, դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման փաստը կամ քրեական իրավունքի փոփոխությունը: Պատժից ազատելու ինստիտուտի նշանակությունը կայանում է նրանում, որ թույլ տալով անտեսել քրեական հարկադրանքի միջոցները, խթանում է դատապարտյալի վերադաստիարակումը, նպաստում է նրա ընտելացմանն իրավակարգի պահանջներին, սոցիալական վարքագծի կանոններին, ինչպես նաեւ բացառում է պատժի կիրառումն այն դեպքերում, երբ պատժի կիրառման նպատակներին հասնելը դառնում է ոչ իրական»:
Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմը հայտնեց, որ ՔԿՀ-ն, որտեղ պատիժը կրել է Կարինե Սոբչենկոն, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայությունը անդրադառնալով Կ. Սոբչենկոյի պատժի կրման ընթացքում դրսեւորած վարքագծին, գտել են, որ վերջինիս պատիժը կրելը շարունակելը այլեւս աննպատակահարմար է, նման եզրահանգման համար վերջիններս հաշվի են առել այն փաստը, որ վերացել է դատապարտյալի հանրորեն վտանգավոր լինելու հանգամանքը, բացի դրանից, Կ. Սոբչենկոն ունի նաեւ առողջական լուրջ խնդիրներ, որոնք ներկայիս համավարակի պայմաններում վտանգում են Կ. Սոբչենկոյի կյանքը եւ առողջությունը, քանի որ առողջական խնդիրները այնպիսին են, որոնք իրենց բնույթով հանդիսանալով համավարակին ուղեկցող հիվանդություններ, անդառնալի հետեւանքներ կարող են առաջացնել դատապարտյալի համար:
Գ. Գրիգորյանի տեղեկացմամբ, Հայաստանի Հանրապետությունը վաղաժամկետ ազատելու հարցը որոշելու համար որդեգրել է, այսպես կոչված, հայեցողական ազատման համակարգը, որն առկա է նաեւ եվրոպական շատ երկրներում: Այդ համակարգի բնորոշ առանձնահատկություններից ելնելով է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434, 437, 438 հոդվածներով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114, 115 եւ 1151 հոդվածներով, ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 24-ի թիվ 1304-Ն որոշմամբ, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի 2006 թ. հուլիսի 31-ի թիվ ՆՀ-163-Ն հրամանագրով սահմանվել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգերը:
Ըստ նրա, «ՀՀ գործող օրենսդրության համեմատական վերլուծությունը վկայում է, որ պարզորոշ ու հստակ սահմանված չեն պայմանական վաղաժամկետ ազատելու համար պահանջվող չափանիշները: ՀՀ քրեական օրենսգրքի դրույթների, քրեական դատավարության օրենսգրքի ու քրեակատարողական օրենսգրքի` քննության առարկա դրույթների ու դրանց փոփոխությունների, համապատասխան ենթաօրենսդրական ակտերի համեմատական վերլուծությունը վկայում է, որ իրավաչափ կլիներ, որպեսզի պատժի պայմանական վաղաժամկետ ազատման ողջ գործընթացը (այդ թվում` ժամկետները, չափանիշները, պետական մարմինների գործունեության կարգը եւ հայեցական լիազորությունների շրջանակը)` ՀՀ կողմից որդեգրված կոնկրետ կարգի շրջանակներում, առավել հստակ սահմանվեր օրենսդրությամբ»: Մինչդեռ, Եվրոպայի խորհուրդը նախապատվություն է տալիս պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորություներին՝ ի տարբերություն համաներումներին, հավաքական ներումներին եւ այլն պատճառաբանելով, որ վաղաժամկետ պայմանական ազատումը պետք է համարվի առավել արդյունավետ եւ կառուցողական միջոցներից մեկը, որը ոչ միայն կրճատում է բանտարկության տեւողությունը, այլ նաեւ էականորեն նպաստում է իրավախախտի ծրագրավորված վերադարձին համայնք:
Եվրոպայի խորհրդի՝ «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն» (ԽԿԿ) Կորոնավիրուսի (COVID-19) համավարակի համատեքստում 2020 թվականի մարտի 20-ին հրապարակել է զեկույց` սկզբունքների ժողովածու CPT/Inf(2020)13, որոնք վերաբերում են անազատության մեջ գտնվող անձանց: Զեկույցում մասնավորապես նշված է՝ «…Հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր համապատասխան իրավասու մարմինները պետք է համակարգված ջանքեր, միջոցներ ձեռնարկեն ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար: Այս մոտեցումը առաջնահերթ պարտադիր է անազատության մեջ պահելու վայրերի գերծանրաբեռնվածության իրավիճակներում: Ավելին՝ իրավասու մարմինները պետք է ավելի լայնորեն կիրառեն կալանավորման այլընտրանքային միջոցները, պատիժների կրճատումը, վաղաժամկետ ազատման եւ փորձաշրջանի սահմանման հնարավորությունները»:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Վարդանյանի որոշմամբ օրեր առաջ բավարարվել է պաշտպանի վերաքննիչ բողոքը, Կ. Սոբչենկոյին դատարանն ազատել է պատժի չկրած մասը` 2 տարի 2 ամիս 1 օր ժամկետով ազատազրկումը կրելուց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.08.2020