Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր առարկաների ուսուցման միջոցով սովորողի մոտ ձեւավորում են սեր հայրենիքի նկատմամբ, պետական եւ ազգային շահերի գիտակցում. Ժաննա Անդրեասյան

Օգոստոս 04,2020 23:07

Այսօր Հանրային խորհրդի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ, երբ քննարկվում էր հանրակրթության չափորոշչի  նախագիծը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ասաց, որ կան մտահոգություններ, որ պետական չափորոշիչների նախագիծը բավարար  չի անդրադառնում ազգային արժեքներին, հայրենիքին պետությանը, ինքնությանը, ուստի նման հարցերը կանխելու համար ասաց, որ ժողովրդավարական եւ քաղաքացիական կարողունակության բարձրացումը իրենց առանցքային պահանջն է դպրոցից: Նիստը հրավիրել էր ՀԽ Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովը:

Տիկին Անդրեասյանի խոսքով, չափորոշչում կարեւորվում է մեդիագրագիտության  եւ մշակութային կարողունակությունը:

Տարբեր առարկաների ուսուցման միջոցով սովորողի մոտ ձեւավորում են սեր հայրենիքի նկատմամբ, պետական եւ ազգային շահերի գիտակցում:

Փոխնախարարի խոսքով, 12-ամյա կրթությունը պետք է բերի վերաիմաստավորում, ոչ թե տարիների մեխանիկական ավելացում: Սակայն ավագ դպրոց գնում են նրանք, որոնք ստիպված են եւ չեն կարող գնալ քոլեջներ ու ուսումնարաններ. «Գյուղացիական համայնքներում ապրող երեխաները սովորում են ոչ թե առանձնացված ավագ դպրոցներում այլ, սովորում են միջնակարգ դպրոցներում եւ զրկված են կրթության նույն պայմաններից, որովհետեւ ավագ դպրոցում հիմնական փոփոխությունը պետք է լիներ խոսքային ուսուցման ձեւով եւ ֆինանսավորման խնդիրներից ելնելով միջնակարգ դպրոցները հոսքային ուսուցում չեն կարողանում ապահովել եւ սա էլ նշանակում է, որ գյուղական համայնքներում բնակվող երեխաները չեն կարողանում ստանալ այն նույն որակի կրթությունը, որը պետք է»:

Անդրադառնալով չափորոշչին, տիկին Անդրեասյանն ասաց. «Փորձել ենք հնարավորինս ընդլայնել դպրոցի եւ ուսուցչի ինքնավարությունը եւ այս սկզբունքից ելնելով՝ հանրակրթական պետական չափորոշիչը չի սահմանում առարկայացանկ, այլ  առարկայացանկի ձեւավորման հնարավորությունը ընձեռում է դպրոցին եւ ուսուցչին: Մենք տալիս ենք հնարավորություն, որպեսզի յուրաքանչյուր դպրոց կարողանա ընտրել ուսումնական պլանը, որը կլինի իր համար լավագույն  ճանապարհը կարողունակություններին հասնելու համար:

Ինքնավարության մեծացումը իրականացվում է նաեւ ավագ դպրոցում, որի շրջանակներում նախատեսվում է, որ աշակերտը կկարողանա ձեւավորել իր սեփական դասացուցակը: Հայոց լեզու, գրականությունը, հայոց պատմություն եւ օտար լեզու պարտադիր առարկաներից բացի, ավագ օղակում սովորողը  կկարողանա ձեւավորել անհատական դասացուցակ եւ այն հնարավոր կլինի իրականացնել նաեւ գյուղական համայնքներում»:

Փոխնախարարի խոսքով, ժամաքանակի կրճատման տեսանկյունից, մտահոգություններ հնչել են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ, սակայն, ըստ նրա, առարկայի ժամաքանակը ավելին է, քան գործող ուսումնական պլանով «Հայոց պատմություն» եւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ժամաքանակները միասին վերցրած. «Որեւէ ձեւով  ժամաքանակի առումով հայագիտական առարկաների  նշանակությունը դպրոցում չենք պակասեցնում, խոսքը գնում է ինտեգրված ուսուցման մասին»:

Նրա խոսքով, առաջարկում են նաեւ 5-6 –րդ դասարանում ներդնել «Ես եւ իմ հայրենիքը» անվամբ առարկան, որը ամբողջությամբ պետք է բարձրացնի  ինքնաճանաչողության խնդիրը, ներկայացվի եկեղեցական եւ ծիսական տոները, ինչպես նաեւ էպոսի միջոցով ուսուցման գաղափարը, որը թույլ է տալիս փոխկապակցել էպոսի միջոցով հասարակագիտական թեմաները:

Տիկին Անդրեասյանն անդրադառնալով «Հայ գրականություն» առարկայի վերաբերյալ քննադատություններին ու մտահոգություններին, ասաց, որ  մտահոգությունը, որ միջնադարյան կարեւոր հեղինակները դուրս են մնացել, չկա. «Մենք նախատեսում ենք, որ ուսուցիչները եւ սովորողները կունենան հնարավորություն գիրք կարդալու, վերլուծելու կարողությունների գործընթացը, որտեղ խնդիրը չի լինի գրականության մեծ ցանկը: Խնդիրն այն է, որ գրականության միջոցով մենք կարողանանք ձեւավորել կարդալու, հասկանալու, վերլուծելու եւ փոխկապակցելու կարողությունը եւ դառնալ ակտիվ ընթերցող»:

Փոխնախարարն ասաց, որ չափորոշչի նախագիծը նախատեսվում է առարկայական չափորոշիչների միջոցով փորձարկել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31