Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարիք չկար, որ վարչապետն այդ մանրամասների մեջ մտներ». Արա Պապյանը՝ Նիկոլ Փաշինյան-Մարգարիտա Սիմոնյան բանավեճի մասին

Օգոստոս 04,2020 22:50

«Եթե  ես այդ ամբողջ իրավիճակը կառավարեի, իհարկե կպատասխանեի Մարգարիտա Սիմոնյանի գրառումներին՝ շատ համառոտ եւ վարչապետի գրասենյակի կողմից: Բոլորովին կարիք չկար, որ վարչապետն այդ մանրամասների մեջ մտներ: Բայց, պետք է հաշվի առնել, որ Փաշինյանը լինելով լրագրող, սիրում է նման բանավեճեր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» փորձագիտական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Արա Պապյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Մարգարիտա Սիմոնյան վեճին:

Հիշեցնենք, օրեր առաջ, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում քննադատել էր ՀՀ իշխանություններին՝ տավուշյան դեպքերի առիթով ՌԴ-ից ակնկալիքների համար, ինչը շատ քննարկվեց թե Հայաստանում, թե ՌԴ-ում:

Ի դեպ, Մարգարիտա Սիմոնյանի քննադատություններին անդրադարձել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում: Հեռակա «բանավեճը» շարունակվեց. երեկ Մարգարիտա Սիմոնյանը հերթական գրառումն էր կատարել՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի՝ 2005 թվականին գրած հոդվածից մի հատված :

«Եկեք դադարենք գովել մեր նախնիներին և մի շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են մեզ ժառանգել մեր նախնիները, ի՞նչ են թողել իրենցից հետո: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետև «ոչինչը» դա այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք չգիտեմ որ մինուսից, քանի որ մեր նախնիները մեզ թողել են ընդամենը ցեղասպանություններ, ստորացումներ, դավաճանություններ և անբարոյականություն, ինչը հաղթահարելը, պարզվում է, դժվար է, շատ դժվար:

Ես դատապարտում եմ մեր նախնիներին, անիծում եմ նրանց, քանի որ նրանք ոչինչ չեն արել, որպեսզի մենք այսօր ավելի արժանապատիվ և ավելի հպարտ ապրեինք: Մեր նախնիները հոգ չեն տարել իրենց սերունդների մասին գոնե այնպես, ինչպես բնազդաբար հոգ են տանում կենդանիները: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովում են մեր նախնիներին»,- Նիկոլ Փաշինյանի հոդվածից այս մեջբերումն անելուց հետո, Մարգարիտա Սիմոնյանը հիշել է ցեղասպանությունը վերապրած իր նախատատին խիստ քննադատության սլաքն ուղղել Նիկոլ Փաշինյանի կողմը. «Իմ ոսկե նախատատիկ, ցեղասպանությունը վերապրած և պատմության մեջ աննախադեպ արյունալի կոտորածի զոհերի հիշատակի նկատմամբ ինձ ակնածանքով դաստիարակած, լավ է, որ դու սա չես տեսնում, հարազատս: Չգիտես, որ Հայաստանին ղեկավար են նշանակել մի մարդու, որը քեզ, իմ տատիկ, քեզ, ում աչքի առաջ յաթաղանով կոտորել են ամբողջ ընտանիքին, և միայն ավագ քույրդ է ինքնուրույն խեղդվել, որպեսզի ողջ բաժին չհասնի ենիչերիներին, նա ՔԵԶ, սրբին, մեղադրում է «ցեղասպանության և անբարոյականության» համար:

Հիմա ես հասկանում եմ, թե ինչու էր իմ գրառումն այդքան աղմուկ բարձրացրել Հայաստանում: Ես իրոք այն հանրության մասը չեմ, որը կարող է ուրախանալ այն մարդու իշխանությամբ, որն արհամարհում է հայոց մեծն պատմությունը, անիծում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը:

Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ: Ամոթ»:

Մարգարիտա Սիմոնյանի, Անդրանիկ Միհրանյանի եւ համանման այլ անձանց կողմից արվող հայտարարությունները, Արա Պապյանը դիտարկում է Կրեմլի որոշ շրջանակների քաղաքականության դրսեւորում: Այն շրջանակների, որոնք իր համոզմամբ, սերտորեն համագործակցել են եւ համագործակցում են մեր երկրի  նախկին իշխանությունների հետ, կորցնելու բան ունեին եւ կորցրել են ու այս կերպ փորձում են օգտակար լինեն իրենց նախկին ընկերներին, նախկին «սպոնսորներին» եւ Նիկոլ Փաշինյանին ներքաշում են նման բանավեճի մեջ:

Թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը սիրահոժար տրվում այդ բանավեճին, Արա Պապյանը բացատրություն ունի. Նիկոլ Փաշինյանը չունի բավարար կառավարման եւ կյանքի փորձ: «Ինքը երբեք նման բաների մեջ չի եղել, երբեք չի մշակել նման խնդիրներ՝ ո՞նց ուրիշին ներքաշել, ո՞նց պատասխանել եւ այլն: Դրա համար էլ ասում եմ՝ մարդը պետք է ունենա համապատասխան կրթություն եւ համապատասխան փորձ, ինչպես շատերը չունեին իրենից առաջ, բայց նրանք գոնե փորձում էին  ներգրավվել մարդկանց, ովքեր կարող էին իրենց փոխարեն այդ խնդիրները լուծել: Նիկոլ Փաշինյանը սիրում է հանդես գալա մենակատարի ձեւով: Իր սիրած ժանրը մենախոսությունն է, երկխոսությունը չի, ինքն էլ լուծում է խնդիրներն այնպես, ինչպես տարիներ շարունակ լուծել է»:

Թե արդյունքում ի՞նչ ունենք, Արա Պապյանն այսպես է նկարագրում. «Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որը երկրի համար բնավ ցանկալի չէ. վարչապետը եւ Սահմանադրությամբ երկրի իրական իշխանավորը ներքաշվել է ինչ-որ բանսարկությունների մեջ՝ Մոսկվայում նստած մի լաչառ կնոջ հետ: Ունենք այն, որ հանրապետությունում որոշումների կայացման հստակ մեխանիզմներ չկան: Տեսնում ենք՝ սկսած պաշտոնական նշանակումներից մինչեւ տարբեր քայլեր, ոչ մի հիմնավորում չի ներկայացվում, ոչ մի տրամաբանական գծի մեջ չեն դրանք: Օրինակ, տրամաբանությունը պիտի հուշեր, որ Ամուլսարի շուրջ Նիկոլ Փաշինյանն այսօր նման իրավիճակ չպետք է ստեղծեր: Գոնե մինչեւ սեպտեմբերի վերջ պետք է սպասեին, այդքան սպասել էին: Բայց ինքն անում է բաներ, որոնք իրավիճակն ավելի են սրում եւ վատացնում է իր անձնական իրավիճակը: Միգուցե հատուկ ծրագրի օղակներն են, որ ինչ-որ մարդիկ իրականացնում են, բայց ինքը պետք է հասկանար եւ դրան չգնար: Բայց գնում է»:

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Հարգելի Պապյան,
    ես դիտել եմ ռուսական ՌԲԿ ալիքին Փաշինյանի տված հարցազրույցը և ցանկանում եմ հակադարձել Ձեզ այն առումով, որ Փաշինյանը չի ներքաշվել այդ “լաչառ կնոջ” բանավեճին, այստեղ Դուք աղավաղում եք փաստերը: Ավելին, երբ ռուս լրագրողը հարցրեց, արդյո՞ք կարդացել եք Սիմոնյանի գրառումը, Փաշինյանը պատասխանեց, որ ոչ: Իսկ հետո նա պատասխանեց ռուս լրագրողի հարցերին, որոնք բարձրացրել էր տխրահռչակ կինը: Ընդամենը այսքանը: Ի դեպ, օգտագործելով առիթը, նա շատ ցանկալի դիտարկումներ ներկայացրեց ռուս-հայկական հարաբերությունների վերաբերյալ: Պատասխանը շատ կոռեկտ էր, իմաստալից և տղամարդուն վայել մեծահոգությամբ շնչող: Մնացած Ձեր դիտարկումների մասին, թե նա ինչ է սիրում և նախընտրում, կարելի է վիճել, բանախոսել, համաձայնվել կամ չհամաձայնվել, սակայն այդ ամենին կա համապատասխան բացատրություն: Եվ ինչպես ասում էր Նիցշեն “…facts is always stupidest….”, ամեն ինչ լցվում է իմաստով երբ դիտարկում ես փաստերը հանգամանքների և նրբերանգների ներքո:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31