Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիրքը գաղտնի են պահել, դա դավաճանություն է հայագիտության հանդեպ». Արտակ Մովսիսյանը Լիլիթ Մկրտչյանի հետ քննարկելու բան չունի

Օգոստոս 04,2020 22:11

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների մշակման խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտչյանն օգոստոսի 3-ին News.am-ի հետ զրույցում մեկնաբանել էր «Ես և իմ հայրենիքը», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների առարկայական չափորոշիչների վերաբերյալ պատմաբանների քննադատությունները՝ այդ թվում նշելով, որ ավագ դասարանների դեպքում ժամանակագրությունը չեն խախտել, ինչպես քննադատողներն են նշում: Լիլիթ Մկրտչյանը նաեւ խեղաթյուրում է որակել քննադատող պատմաբանների պնդումը, թե Հայկական լեռնաշխարհ, Արևմտյան Հայաստան տեղանունների փոխարեն գործածվել են թուրքական տերմիններ՝ Արևելյան Անատոլիա կամ Կովկաս: Մկրտչյանի խոսքով՝ նրանք մանիպուլյացիայի են դիմել:

Aravot.am-ը ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանին խնդրեց նախ մեկնաբանել ավագ դասարաններում հայոց պատմություն առարկայի վերաբերյալ Լիլիթ Մկրտչյանի պնդումները: Մեր զրուցակիցը նշեց. «Խնդիրը երկու շերտ ունի: Նախ, մեր եւ համաշխարհային պատմության ամբիոնի, Մանկավարժական համալսարանի երկու ամբիոնների հայտարարությունում հանգամանալից ներկայացրել ենք այդ չափորոշիչների սխալ լինելու փաստը: Երկրորդ, ողջ խոսակցությունը հիմա փորձում են շեղել եւ տանել այլ ուղղությամբ: Շատ հստակ եղավ բացահայտում, որ Լիլիթ Մկրտչյանը եւ մի շարք այլ անձինք աշխատել են քաղաքացիական հասարակության ինչ-ինչ կազմակերպությունների հետ եւ թուրքերի հետ ուղեցույց մշակել, իսկ մշակող խմբի անդամներից երկուսը հիմա չափորոշիչները կազմող խմբի անդամ են: Սա արդեն քաղաքական հարթություն է, ազգային դավաճանություն: Սա արդեն ուրիշ հարց է: Մենք բավականին երկար ենք քննարկել եւ ասել մեր կարծիքը, որ այդ չափորոշիչները խոտան են»:

Ապա` Արտակ Մովսիսյանն անդրադարձավ այն փաստին, որ տարիներ առաջ Մկրտչյանը թուրքերի հետ համատեղ հեղինակել է “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») աշխատությունը: «Լիլիթ Մկրտչյանի հետ ես հիմա չեմ կարող նստել եւ որեւէ բան քննարկել: Իրենց արած գիրքն է աչքիս առաջ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է դավաճանություն: Դավաճանություն անող մարդու հետ որեւէ չափորոշիչ չեմ կարող քննարկել: Եւ այս ամենից հետո իրենք են մանիպուլյացիա բառը սիրում օգտագործել: Ի՞նչ քննարկել, երբ այդ մարդը թուրքերի հետ միասին գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է եւ որում հայերը եկվոր են…Լիլիթ Մկրտչյանի հետ չունեմ ոչինչ քննարկելու, թեեւ ինքն իմ ուսանողն է եղել, իրեն շատ սիրել ենք եւ աջակցել: Բայց այն, որ նա գաղտնի 2017-2019թթ.-ին այդ դավաճանական բաների է մասնակցել եւ հիմա փորձում է տանել ինչ-որ քննարկումների դաշտ…չունեմ ցանկություն քննարկելու»,-շեշտեց Մովսիսյանը:

Երեկվա հարցազրույցում Լիլիթ Մկրտչյանը նաեւ ասել էր. «Ու շատ վատ է, որ հայ տղամարդ պատմաբանները թիրախավորել են մի երիտասարդ կնոջ, գիտեք սա էլ է պատմության կեղծում ու խեղաթյուրում»: Արտակ Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Դա հիմար պատճառաբանություն է: Թուրքերի հետ այդ գիրքը կազմելուն մասնակցել են նաեւ ԱԺ ներկայիս երկու պատգամավոր՝ Մարիա Կարապետյան եւ Սոս Ավետիսյան, ուստի ի՞նչ կապ ունի այստեղ կին-տղամարդը…Սոս Ավետիսյանն արդարացավ, թե 2017թ.-ին ինքն ԱԺ պատգամավոր չի եղել, բայց 2019թ.-ին, երբ այդ գիրքը վերահրատարակվել է, ինքն արդեն պատգամավոր էր: Գիրքն առանց հեղինակի համաձայնության չի վերահրատարակվում: Հայկ Բալասանյանի անունն էլ կա, բայց նա հայտարարեց, որ իր անունն օգտագործել են եւ ինքը դատարան է դիմելու: Այլ անուններ էլ կան, այդ թվում՝ տղամարդու, ուստի ի՞նչ է նշանակում, թե տղամարդիկ իրեն թիրախավորել են…յոթ հոգու մասին է խոսքը, որոնց թվում կանայք եւ տղամարդիկ կան, սեռն ի՞նչ կապ ունի այստեղ, երբ մարդը դավաճանական կոնցեպցիաներով գիրք է գրում»:

Արտակ Մովսիսյանի խոսքով՝ գիրքը գաղտնի են պահել. «Լիլիթ Մկրտչյանը տեսակապերից մեկի ժամանակ ասաց, որ, այ եթե իմ գործընկերներն այն ժամանակ ինձ օգնեին, դիտողություններ անեին, 2019թ.-ին այդ գիրքն ավելի լավը կլիներ…Դա սուտ է: Մինչեւ այսօր «Երիտասարդ պատմաբանների ասոցիացիայի»(որը ղեկավարում է Լիլիթ Մկրտչյանը.-խմբ.) կայքում այդ գիրքը չկա: Այդ ասոցիացիայի մեջ մտնում են մեր նախկին եւ ներկա շատ լավ ուսանողներ, որոնք եւս տեղյակ չեն եղել այդ գրքից, հասկանո՞ւմ եք: Եւ հիմա, երբ դա, այդ գաղտնիքը, խայտառակությունը բացահայտվել է, փորձում են ինչ-որ հեքիաթներ ասել, թե տղամարդիկ հարձակվել են կնոջ վրա: Իսկ Մարիա Կարապետյանը բացեիբաց գրեց, որ այո, հինգ տարի աշխատել են այդ գրքի վրա»:

Դառնալով հայոց պատմություն առարկայի չափորոշիչներին՝ Արտակ Մովսիսյանը վստահեցրեց, որ ըստ ԵՊՀ-ի, Մանկավարժական համալսարանի եւ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայտարարության՝ դրանք խոտան են. «Երկրորդ, բացահայտվել է մի խումբ հայ մարդկանց անձանց դավաճանական արարք հայագիտության դեմ, որի համար իրենք պետք է պատասխան տան, եւ այդ պատճառով ես ցանկություն չունեմ այդ մարդկանց հետ գիտամանկավարժական հարց քննարկելու»: Հիշեցնենք՝ Լիլիթ Մկրտչյանն այս օրերին քննադատությունների առանցքում է, քանի որ թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի է մասնակցել, եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որտեղ օրինակ, Հայկական լեռնաշխարհը Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս է անվանվում: Այսօր տեսակոնֆերանսի ժամանակ նա հաստատեց, որ իսկապես թուրք պատմաբանների հետ մի ծրագրի մասնակից է եղել եւ պարզաբանումներ ներկայացրեց: «Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին ու նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե, երբ 2019 թ-ին, երբ լույս է տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք»,-այդ թվում ասել էր նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի պարզաբանումը՝ այստեղ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31