«Ամերիկայի ձայն». TikTok հավելվածը միշտ էլ մեծ հետաքրքրություն է վայլել, որը սկսվել է դրա կիրառումից անմիջապես հետո: Հիմնական կիրառողները երիտասարդներն են, սակայն շատ մեծ թիվ են կազմում նաեւ երեխաներն ու մեծահասակները: Սակայն չինական ByteDance ընկերությանը պատկանող այս հավելվածը հայտնվել է Թրամփի վարչակազմի ուշադրության կենտրոնում, այլ` ազգային անվտանգության տեսանկյունից: Մինչեւ դրա կիրառությունն ԱՄՆ-ում արգելելու մասին որոշում կայացնելը Թրամփը, սակայն, ստացավ հեռախոսազանգ «Մայքրոսոֆթ» ընկերության գործադիր տնօրենի կողմից, որը տեղեկացրեց, թե ցանկանում են չինացիներից գնել այդ հավելվածը:
Հավելվածը, որը զետեղում է հումորային կարճ տեսագրություններ, սոցիալական մյուս ցանցերի պես հավաքում է այն կիրառողների տվյալները: Եվ առաջ է եկել մտահոգություն, որ այդ տվյալները փոխանցվում են Չինաստանի կառավարությանը:
Բայց կա նաեւ այլ մտահոգություն, այն, որ այս հավելվածի օգտատերերը դրա ծառայություններն օգտագործել են նաեւ «Սեւամորթների կյանքը կարեւորում ենք» շարժման տարածման համար: Հիշեցնենք, որ Օքլահոմա նահանգում Թրամփի քարոզարշավի համար կազմակերպված հավաքի ժամանակ հունիս ամսին մեծաթիվ աթոռներ մնացին դատարկ նաեւ այն պատճառով, որ TikTok-ի միջոցով օգտատերերը ամրագրեցին մեծ թվով տեղեր ու չներկայացան հանդիպմանը:
Որոշ տեղեկությունների համաձայն TikTok-ը գրաքննում է Չինաստանի կառավարության մասին տեղեկությունները, ինչպես օրինակ Հոնկոնգի ցույցերի վերաբերյալ հաղորդումները:
Կարդացեք նաև
Թրամփն ասել է, թե թույլ կտա դրա կիրառումն ԱՄՆ-ում, եթե մինչեւ սեպտեմբերի 15-ը ստորագրվի այն ամերիկյան որեւէ կազմակերպության վաճառելու մասին պայմանագիր:
Թե ինչ հետաքրքրություն այն կվայելի դրանից հետո, դեռեւս պարզ չէ, հատկապես այն պատճառով, որ «Ֆեյսբուք»-ին պատկանող «Ինստագրամ»-ը պատրաստվում է եկող շաբաթների ընթացքում ներկայացնել TikTok-ին շատ նման իր հավելվածը: