Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարի տարածքում այս պահին լարված իրավիճակ է. կան բերման ենթարկվածներ

Օգոստոս 04,2020 19:45

Այսօր ժամը 17-ին Ջերմուկի «տաքսիների կանգառ» կոչվող հրապարակից ավտոերթը շարժվեց դեպի Ամուլսար:

Մինչ երթի մասնակիցները տեղ կհասնեին, մարզային ոստիկանները դեպի հանք տանող ճանապարհին պատ էին կազմել՝ թույլ չտալով, որ ցույցի մասնակիցները մտնեն տարածք: Ոստիկանների ներկայությունը որեւէ կերպ չէր զսպում հավաքվածներին, նրանք սպառնալիքներ էին հնչեցնում Ամուլսարի պահնորդական ընկերության աշխատակիցների հասցեին, ամոթանք տալիս, որ մասնակից են դառնում Ամուլսարի շահագործմանը: Ոստիկանության մարզային ստորաբաժանման պետ Գեւորգ Ազիզյանը փորձում էր կրքերը հանդարտեցնել: Տարածք էր ժամանել նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: Նրա խոսքով, այս հարցում այլ կարծիք չի կարող լինել եւ պետք է հաշվի առնել «ժողովրդի կամքը»:

Պարոն Աբովյանն ասաց, որ այստեղ գտնվելու պատճառներից մեկն էլ, որ թույլ չտան բախում, քանի որ կրքերը թեժացած են: Մի պահ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ, մի քանի երիտասարդների ոստիկանները բերման ենթարկեցին:

Ամուլսարի պահապաններին ու բնապահպաններին զայրացրել էր «Լիդիան Արմենիա»-յի հայտարարությունը, թե 15 ակտիվիստ թույլ չեն տալիս հանքը աշխատի: Նրանք ավելի մեծ թվով մարդկանցով եկել էին հանքի տարածք՝ ապացուցելու, որ իրենց թիվը շատ ավելի մեծ է եւ իրենց են միացել նաեւ ջերմուկցիները եւ այլ համայնքների բնակիչները:

Քաշքշուքի ընթացքում որոշ մարդկանց ինքնազգացողությունը վատացավ: «Ջուր, ջուր»,-բղավում էին ցույցի մասնակիցները: Ոստիկանները թույլ չէին տալիս, որ Ջերմուկ տանող գլխավոր ճանապարհը փակեն, հորդորում էին ցույցն իրականացնել մայթերին, սակայն ցույցի մասնակիցները չէին ենթարկվում: Նրանք կառավարությունից պահանջում էին լուծել խնդիրը եւ թույլ չտալ, որ Ջերմուկն ու հարակից համայնքները վտանգի տակ հայտնվեն: Ցուցարարները ոստիկաններից պահանջում էին բաց թողել բերման ենթարկած իրենց ընկերներին եւ միայն այդ պայմանով ճանապարհը կբացեն: Ոստիկանների գործողություները ղեկավարող պաշտոնյան քաղաքացիների հարցերին ի պատասխան՝ թե ինչո՞ւ են իրենց ընկերներին բերման ենթարկել, ասաց, որ նրանք ոստիկանի օրինական պահանջին չեն ենթարկվել: Բերման ենթարկվածների թվում էր նաեւ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամ Վահագն Վարագյանը: Ուշագրավ է, որ ոստիկանները Հանքի տարածքից բերման ենթարկեցին նաեւ պահնորդական կազմակերպության արտահագուստով մի քանի քաղաքացու:

Aravot.am-ի հետ զրույցում «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանն ասաց, որ բնապահպան-ակտիվիստները խոսում են Ջերմուկ համայնքի բոլոր բնակիչների անունից, բայց Ջերմուկում բնակվում է մոտ 5000 բնակիչ, իսկ Ամուլսարի տարածքում այս պահին քիչ թվով ջերմուկցիներ են ցույց անողները. «Ես այս պահին հետեւում եմ լրատվականներից մեկի ուղիղ եթերին եւ այնտեղ 50-ից ավել մարդ չեմ տեսնում, մի գուցե շփոթվում եմ, սխալվում եմ 20-30 հոգու հաշվարկով, բայց այնտեղ ակնհայտ է, որ այդքան մարդ չկա եւ ակնհայտ է, որ ոստիկանների թիվը շատ ավելի շատ է: Ի՞նչ համայնքի մասին է խոսքը: Իրենք 2 տարի ապօրինի, շրջափակել են «Լիդիան Արմենիա»-յի աշխատակիցների մուտքը «Լիդիան Արմենիա»-ի տարածք, այսինքն՝ այն ընկերության տարածք, որի գործունեությունը որեւէ իրավական ակտի, որեւէ պետական մարմնի որոշմամբ կամ դատական ակտով սահմանափակված չի եղել: Իսկ այդ մարդկանց գործողություններով վերջիններս սահմանափակել են, խոչընդոտել են աշխատակիցների մուտքը տվյալ տարածք»:

Պարոն Նասիբյանն ասաց, որ այդ գործողություններն իրենց կողմից գնահատվել են ինքնիրավչություն, ինչի հետ կապված դատարանի որոշմամբ կա հարուցված քրեական գործ. «Քննվում է մի խումբ անձանց գործողությունների որակման հարցը՝ ինքնիրավչության եւ խուլիգանության հանցակազմերի շրջանակներում: Այսինքն՝ երբ մի անձ իր ենթադրյալ իրավունքների խախտմանը ձեռնամուխ է լինում անձամբ պաշտպանության եւ ոչ թե պատկան մարմիների՝ ոստիկանության ներգրավմամբ, այլ ինքը որոշում է, որ իր իրավունքը խախտվել է եւ ինքը փորձում է ինքնադատաստանի միջոցով հարցերը լուծել»:

Հիշեցնենք նաեւ, որ «Լիդիան Արմենիա» ընկերության 100-ից ավել աշխատակիցներ դիմել են  վարչական դատարան՝ ընդդեմ ոստիկանության անգործության:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31