Հոգեբանի խորհուրդները ծնողներին
«Մա′մ, գոնե այսօր իջնեմ բակ, էլի». այս արտահայտությունը կարանտինային ամիսներին շատ ծնողներ են լսել ու դեռ շարունակում են լսել: Ծնողների մի մասը երեխաներին հիմա էլ, երբ Հայաստանում COVID-19 համավարակը քիչ-քիչ նահանջում է, դեռ թույլ չի տալիս բակում խաղալ ընկերների հետ, մյուսները փորձում են չափավոր կերպով երեխային դուրս բերել կարանտինային առօրյայից:
Մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարանտինը լուրջ հետևանքներ է թողել երեխաների հոգեբանության, ծնող-երեխա հարաբերությունների վրա և դրա բացասական արդյունքները դեռ առաջիկա ամիսներին, տարիներին կշարունակեն ավելի վառ տեսանելի լինել:
Aravot.am-ի հետ զրույցում կլինիկական հոգեբան Եվա Օհանյանը նշեց, որ այս շրջանում իրեն շատ են դիմել ծնողներ, որոնց երեխաները դարձել են ագրեսիվ, ինքնամփոփ, օրինակ՝ շատ հանգիստ խառնվածքով 10-11 տարեկան դեռահաս աղջիկը դարձել է ինքնամփոփ, ծնողի հետ կոնֆլիկտներ ունի:
Կարդացեք նաև
Հոգեբանն ասաց, որ երեխաների՝ նման վարքագծի պատճառը ոչ միայն «տանը չորս պատի մեջ փակված» մնալն է, այլ նաև այն, որ ծնողների տագնապն ու վատ տրամադրությունը փոխանցվում է երեխաներին: Իսկ այս ամենի պատճառն անորոշությունն է. «Երեխաները զգում են ծնողների ագրեսիան, տագնապն ու վախը, և դա անմիջապես փոխանցվում է նրանց: Եթե իրենք մինչ կարանտինը ունեին հնարավորություն դուրս գալ, շփվել, իրենց ագրեսիան պարպել, հիմա զրկված են այդ հնարավորությունից: Մանավանդ գիտենք, որ ունենք տարիքային ճգնաժամեր երեխաների մոտ՝ 3, 7, 14, դեռահասության ճգնաժամ: Տանը փակված լինելով՝ երեխաները հնարավորություն չունեին շփվելու, միջանձնային հարաբերություններ կառուցելու, վազվզելու, տարածքային փոփոխության: Իսկ քանի որ այդ ամենը չկա, երեխաները դառնում են անկառավարելի, ագրեսիվ, ավելի կամակոր են: Մի քիչ ավելի հմուտ ու պատրաստված ծնողներն ինչ- որ ճանապարհներ են փնտրում, ելքեր գտնում երեխաներին զբաղեցնելու համար, իսկ ում նյարդային համակարգը դրան չի դիմանում, դա վերածվում է նրան, որ երեխան անկառավարելի, անտանելի է դառնում»:
Ինչպե՞ս աջակցել երեխային հաղթահարել COVID-19-ի հետևանքները
Եվա Օհանյանին խնդրեցինք որոշ խորհուրդներ տալ ծնողներին՝ ինչպե՞ս աջակցեն իրենց երեխաներին, ինչպե՞ս «լեզու գտնեն» նրանց հետ: Նա ասաց. «COVID-19-ն արդեն լուրջ հետևանքներ է թողել երեխաների և ծնողների վրա: Ծնողը պետք է հասկանա, որ իր երեխան ծնողի կարիքն ամենաշատն ունի այն ժամանակ, երբ ինքն անկառավարելի է, ագրեսիվ: Այս ժամանակ երեխային չպետք է ծնողն ագրեսիայով պատասխանի ու միևնույն ժամանակ չգնա ամենաթողության ճանապարհով»:
Հոգեբանն առաջարկում է ծնողներին ինչպես դիետայի պարագայում են անում, կարանտինից էլ երեխաներին դուրս բերել «չափավոր և դոզավորված». «Երեխային չպետք է թողնել, որ ողջ օրը դրսում լինի, շատ շփումներ ունենա: Ամեն ինչ չափի մեջ պիտի լինի: Ծնողը պիտի կարողանա դա կառավարել և, ամենակարևորը, կառավարի իր զգացմունքներն ու հույզերը, երեխային ցույց չտա իր տագնապը, այլ անընդհատ պիտի ցույց տա, թե երեխան ինչքան պետք է իրեն, ինչքան կարևոր ու սիրված է»:
Բակ չիջնելու «կորուստը» և դրա հետևանքները
Հոգեբանը ծնողներին առաջարկում է այդ՝ այսպես կոչված դատարկությունը երեխայի մոտ լցնել ինչ-որ նոր հմտությունների տրամադրմամբ. «Դա կորսված մանկության զգացողությունն է: Կարելի է հասկանալ, թե երեխան ինչ ձգտումներ ունի և փորձել լցնել այդ այսպես կոչված դատարկությունը, քանի որ չիջնել բակ, դա երեխայի մոտ էքզիստենցիալ դատարկություն է առաջացնելու»:
Ըստ հոգեբանի՝ մեր հասարակությունում ծնողներից ոչ բոլորն են ճիշտ ճանապարհով գնում. «Մարդիկ փորձում են աշխատել իրենց վրա, բայց քանի որ համավարակն անսպասելի էր և սոցիալապես շատ մեծ ազդեցություն ուներ մարդկանց վրա. շատերը կորցրին աշխատանք, ուղղակի վախեցան վարակվելուց, ոչ բոլորը կարող են ինքնատիրապետել և կառավարել իրենց ու իրենց զգացողությունները: Շատ դեպքերում դա բերում է կոնֆլիկտների, մտածում են, թե իրենց երեխայի հետ ինչ-որ բան այն չէ և նոր դիմում են մասնագետի: Իսկ մասնագետն արդեն սկսում է աշխատել, և խնդիրը լուծվում է, մանավանդ՝ այս փուլում արտ-թերապևտիկ գործունեությունը շատ լավ ազդում է և ներքին բոլոր խնդիրները դուրս բերում:Բայց մեր հասարակությունում ծնողների 60 տոկոսը մնաց այդ խնդրի մեջ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ