Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նիստը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը։ Քննարկվել են հիմնադրամի գործունեության ռազմավարական ուղղություններն ու ծրագրերը։
Ներկայացվել են Հայաստանի տնտեսական ցուցանիշները, որի զարգացման միտումներն օրեցօր դառնում են ավելի մտահոգիչ։ Կառավարության որդեգրած՝ դիտորդի, իրադարձությունների հետևից գնալու քաղաքականությունը և թույլ տրված կոպտագույն սխալները առաջացրել են լուրջ համակարգային տնտեսական խնդիրներ, օտարերկրյա ներդրումերի բացակայություն։ Բիզնեսի ամբողջական ճյուղեր կանգնած են սնանկացման եզրին։
Այս միտումների շարունակման դեպքում արձանագրվելու է գործազրկության նկատելի աճ։ Համավարակով պայմանավորված էական խնդիրների առաջ են կանգնելու արտագնա աշխատանքի մեկնող տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ, ինչը լրացուցիչ լարվածության էական գործոն է դառնալու։ Կառավարության դանդաղկոտության, տեղ-տեղ՝ բացարձակ անգործության պատճառով մենք կորցնում ենք շատ թանկ ժամանակահատված և, ըստ էության, անպատրաստ ենք լրջագույն մարտահրավերների առջև։
Հայաստանին պետք է ակտիվ, գրագետ, նախաձեռնողական տնտեսական քաղաքականություն։ Մենք վարանելու և անտարբեր մնալու իրավունք չունենք։
Կարդացեք նաև
Վստահ լինելով, որ գրագետ լուծումներով հնարավոր է շտկել վիճակը, մեղմել սոցիալական լարվածությունը, «Հայրենիք» զարգացման հիմնադրամը պատրաստվում է դիմել Հայաստանի առաջատար տնտեսագետներին, կառավարման փորձ ունեցող մի շարք գործիչների՝ հակաճգնաժամային առաջարկներ, տնտեսական քայլերի մշակումներ անելու առաջարկով։
Վստահ ենք, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանում կա բավարար մասնագիտական և կառավարչական ներուժ։
«Հայրենիք» զարգացման հիմնադրամ