Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բնավ չեմ ափսոսում». Մարիա Կարապետյանը՝ թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցի և իր հասցեին հնչող մեղադրանքների մասին

Օգոստոս 04,2020 17:41

Aravot.am-ը որոշ պարզաբանումներ ստացավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանից՝ կապված իր՝ 2018-ի մայիսի 2-ին թուրքական TRT հեռուստաընկերության ուղիղ եթերում հարցազրույցի շրջանառության և իր հասցեին հնչող մեղադրանքների մասին: Հիշեցնենք՝ տեսանյութն իր էջում էր տեղադրել ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Այվազյանը: Նա նշել էր, թե Մարիա Կարապետյանը «զեկուցում է Հայաստանում իրականացվող պետական հեղաշրջման մասին»:

-Տիկին Կարապետյան, այս օրերին համացանցում Ձեր՝ թուրքական TRT հեռուստաընկերության ուղիղ եթերում հարցազրույցն է շրջանառվում, որտեղ Դուք ներկայացնում եք, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում: Կասե՞ք ինչպես ստացվեց, որ Դուք 2018-ին թուրքական հեռուստաընկերությանը հարցազրույց տվեցիք, կներկայացնե՞ք նախապատմությունը:

-TRT World հեռուստաընկերությանը հարցազրույց տալու առաջարկով առաջին անգամ ինձ դիմել է TRT World հեռուստաընկերության լրագրող, Կանադայի քաղաքացի Թանյա Գուդսուզյանը 2018 թվականի ապրիլին։ Ապրիլի 19-ին ևս երկու հայազգի վերլուծաբանների հետ պանելային քննարկման ենք մասնակցել, որը վարել է TRT World հեռուստաընկերության լրագրող, ԱՄՆ քաղաքացի Անդրեա Սանկեն։

Այդ օրերին Հայաստան էր ժամանել TRT World հեռուստաընկերության լրագրող, Ուելսի քաղաքացի Իոլո ափ ԴաՖիդը, ում հարցազրույց եմ տվել մայիսի առաջին օրերին։ Իմիջիայլոց, այս նույն լրագրողին 2018 թվականի մայիսի 8-ին հարցազրույց է տվել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

Շատ կարևոր եմ համարում, որ թե՛ թավշյա հեղափոխության օրերին, թե՛ այսօր աշխարհը Հայաստանի մասին ճշգրիտ տեղեկատվության տիրապետելու հնարավորություն ունենա։

-Ինչպե՞ս կգնահատեք Ձեր հասցեին հնչող մեղադրանքները, թե Դուք թուրքասիրություն եք դրսևորել և հակահայկական քայլ կատարել, զեկուցել եք թուրքական հեռուստաընկերությանը պետական հեղաշրջման մասին:

-Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը որպես «պետական հեղաշրջում» տեսնող անձը այնքան սխալ պատկերացում ունի Հայաստանի և նրա քաղաքացիների հավաքական շահերի մասին, որ իմ այդ հարցազրույցը կարող է որպես «զեկույց» ընկալել թուրքական հեռուստաընկերությանը։

Պատգամավոր դառնալուց թե՛ առաջ, թե՛ հետո ես համարում եմ, որ աշխարհի բոլոր՝ մեր նկատմամբ բարյացակամ կամ ոչ բարյացակամ քաղաքականություն վարող երկրների հանրությունները պետք է ունենան հնարավորություն լսելու մեր դիրքորոշումները։

-Այս ամենից հետո հնարավո՞ր է փոշմանել եք թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի համար:

-Բնավ չեմ ափսոսում։

https://www.facebook.com/hayk.ayvazyan77/videos/2525897567520456/?t=0

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31