Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք էլ ենք մարդ, այն 10 տղաները, որոնք մահացել են, ես իրենց չեմ սպանել… ինչ է՝ մտածում եք մենք մարտի 2-ին հանգիստ քնե՞լ ենք». Յուրի Խաչատուրովի ելույթը՝ դատարանում

Օգոստոս 04,2020 17:30

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստն է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց Խաչատուրովի նկատմամբ խախտված իրավունքները վերականգնելու վերաբերյալ: Նա ասաց, որ մեղադրանքը Խաչատուրովի համար պարզ չի եղել, քանի որ իմանալով, որ նա ռուսերեն է հասկանում, հայերեն չի կարողանում կարդալ, նյութերը տրամադրել են հայերեն: Նա ասաց, որ շուտով Խաչատուրովին դատարանում հարցնելու են՝ իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, բա չիմանա՞ ինչում է մեղադրվում:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանն ասաց, որ զարմանում է՝ անգամ խափանման միջոցի որոշումը թարգմանված չեն տրամադրել:

Մեղադրող դատախազն ասաց, որ Խաչատուրովը դրա համար փաստաբան ունի:

Դատավորն ասաց, որ դատարանում առաջին նիստից սկսած՝ Խաչատուրովը պատշաճ ապահովված է եղել թարգմանչի ծառայություններով: Նա մերժեց Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունը՝ ասելով, որ դատական այս փուլում նման իրավունքի խախտումը հաստատելու ընթացակարգ նախատեսված չէ: Բացի այդ, նա ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավորված չի եղել Խաչատուրովին ներկայացնել ամբողջ գործի նյութերը թարգմանված վիճակում: Իսկ պաշտպանը չի մատնանշում, թե կոնկրետ որ փաստաթղթերն է ցանկացել ստանալ Յուրի Խաչատուրովը, որ չեն տրամադրել:

Միեւնույն ժամանակ դատավորն ասաց, որ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը Խաչատուրովին կտրամադրի թարգմանված: Դատավոր Աննա Դանիբեկյանն ընդգծեց, որ պետության հաշվին Խաչատուրովին թարգանիչ են տրամադրել ու թարգանիչը կարող է Խաչատուրովին օգնել ծանոթանալու նյութերին բանավոր կարգով: Կարող է թարգմանչի հետ ցանկացած աշխատանքային օր ու ցանկացած ժամի ներկայանալ դատարան, քրեական գործի նյութերի բնօրինակները կտրամադրեն, կթարգմանի իր համար: Միհրան Պողոսյանն արձագանքեց, որ դատարանն այս անօրինական որոշմամբ զրկում է Խաչատուրովին քրգործի նյութերին գրավոր ծանոթանալու իրավունքից. «Դատարանը մեզ զրկու է պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից, սա մեզ հիմք է տալիս եզրակացնելու, որ չկարողանանք իրացնել մեր պաշտպանության իրավունքը»:

Միհրան Պողոսյանն առարկեց դատավորի գործողությունների դեմ: Նա հայտարարեց, որ կանխակալ վերաբերմունք ունենալու հատկանիշներ կան, ուստի ասաց, որ դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացնելու:

Հետո արտահայտվեց Խաչատուրովը: Նա ասաց. «Ասում են՝ փաստաբան ունեմ, փաստաբանն ի՞նչ գիտի, թե ինչ է եղել 2008-ի մարտին: Ես պետք է կարդամ, իմանամ, որ պատրաստվեմ: Հասկանո՞ւմ ես, ես էլ երիտասարդ չեմ: Եթե ես պատրաստվում եմ նիստին ու գիտեմ, որ այս դատին լինելու է ինչ-որ վկա որը ինչ-որ ցուցմունք է տվել, որը կա գործի նյութերում, ես դրան պետք է պատրաստ լինեմ, ես կփորձեմ հիշել, թե ինչ է եղել այն ժամանակ, կզանգեմ իմ ծառայակիցներին: Ես չեմ կարող ամեն ինչ հիշել ու դա նորմալ է: Այդ փաստաթղթերը պետք է իմ ձեռքում լինեն, եթե չլինեն, ես կկարողանա՞մ ճիշտ պաշտպանվել: Դուք իմ հոր գերեզմանին գնալու հետ կապված հիշում եմ ինչ որոշում կայացրեցիք ու իմ նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունեք, չգիտեմ ինչու: Դուք ինձ դուր եք գալիս, չգիտեմ, թե ինչու եք ինձ այդքան վատ վերաբերվում, չեմ հասկանում: Երբ որ ինձ մեղադրանք առաջադրվեց, ես քննիչ Մուշեղյանին հարցրեցի՝ պարոն Մուշեղյան, դու իմ վրա 15 տարվա հոդված ես կախում, հոդված ես առաջադրում, դու ասում ես, որ պայմանավորվածություն եմ ունեցել եւ այլն: Պայմանավորվելու համար պետք է հանդիպել, շփվել ինչ-որ ձեւ: Եթե ես ամսի 23-ից հետո մի անգամ եմ տեսել նախագահին ու դրանից հետո միայն դատարանում եմ հանդիպել, ո՞նց կարող էի իր հետ պայմանավորվել: Նա ինձ ոչ մի բան չպատասխանեց ու եղավ մեղադրանքը՝ վերջ, գնա ման արի: Կանչեցին որպես վկա ու մեղադրանք առաջադրեցին 15 տարվա: Ու չեք ուզում, որ իմանամ, թե ի՞նչ է այնտեղ գրված: Տվեք կարդանք: Մենք պետք է կարդանք, որ պատրաստվենք: Մենք էլ ենք մարդ, այն 10 տղաները, որոնք մահացել են՝ ես իրենց չեմ սպանել…Դուք անընդհատ կրկնում եք՝ կյանքը թանկ է, ի՞նչ է, մտածում եք մենք մարտի 2-ին հանգիստ քնե՞լ ենք, մենք շատ էինք անհանգստանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31