Մինչեւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի եւ ԲԿՄԱ ՖԱ-ի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը, հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը լրատվամիջոցներին պատմեց դրա գաղափարի եւ պատմության մասին. «Գրեթե մեկ տարի է, որ համագործակցում ենք ԲԿՄԱ-ի հետ: Նրանք միշտ շատ ուշադիր են եղել մեր երեխաների հանդեպ եւ հնարավորությունների սահմաններում միշտ աջակցել են թե հոգեպես, թե ֆինանսապես: Մեր երեխաների հիշողության մեջ նրանց նախորդ այցելությունը մնացել է որպես այստեղ անցկացված իրենց վառ օրերից մեկը:
Բայց մեր հարաբերություններն այդ մեկ միջոցառումով չեն ավարտվել: Մենք շարունակում ենք միմյանց հետ ինչ-որ բաներ անել, ծրագրեր իրականացնել: Սակայն, ցավոք, այս համավարակը որոշ նախաձեռնությունների խոչընդոտ հանդիսացավ, եւ շատ բաներ դեռ չենք կարողանում միասին անել: Այնուամենայնիվ, ԲԿՄԱ-ն մեր համագործակցությունը շարունակելու շատ գեղեցիկ գաղափարով հանդես եկավ: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը եւս մեկ անգամ կբարձրացնի իրազեկությունը հիմնադրամի մասին եւ, որ նույնպես շատ կարեւոր է մեր համար, չափազանց ոգեւորիչ կլինի, երբ մեր երեխաները խաղադաշտում տեսնեն իրենց բուժմանը աջակցող ֆուտբոլիստներին, որոնք մարզաշապիկին կրում են հիմնադրամի տարբերանշանը եւ հաղթանակները նվիրում են հենց իրենց»,-ասաց Էսթեր Դեմիրճյանը:
Aravot. am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի երեխաներին, ում առողջությունը թույլ կտա, տրիբունաներում տեսնենք ԲԿՄԱ-ին երկրպագելիս, ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը պատասխանեց. «Մենք միայն երջանիկ կլինենք երեխաներին տեսնել ոչ միայն մեր խաղերի, այլեւ ակումբի մյուս մարզական միջոցառումների ժամանակ: Սակայն պետք է հաշվի առնել, որ երեխաները հատուկ ռեժիմ ունեն, հաճախ բժիշկների հսկողության ներքո են եւ նրանց պետք է հնարավորինս հեռու պահել տարբեր վիրուսներից, հիվանդություններից եւ վտանգներից: Այդ հատուկ ռեժիմը ստիպում է, որ նաեւ մենք երեխաների հետ ավելորդ շփումներ չունենանք: Բայց նաեւ շատ ուրախ ու երջանիկ կլինենք մեր երեխաներին տեսնել մարզադաշտում մեզ երկրպագելիս, եթե բժիշկները թույլ տան»:
Էսթեր Դեմիրճյանն ավելացրեց. «Ցանկացած սպորտային իրադարձություն միշտ էլ մեր երեխաների համար շատ խրախուսելի է: Մենք ուզում ենք, որպեսզի բուժումն ավարտելուց հետո նրանք սպորտով զբաղվեն, ինչքանով, որ բժիշկները կթույլատրեն: Առողջ ապրելակերպը, սպորտը միշտ եղել են մեր ուշադրության ներքո եւ մենք փորձել ենք սերմանել նրանց մեջ: Դա շատ կարեւոր է նրանց հետագա կյանքում, որպեսզի որեւէ կերպ չպարփակվեն, չընկճվեն եւ չկաշկանդվեն, թե ժամանակին ծանր հիվանդություն են տարել, հետեւաբար չեն կարող զբաղվել սպորտով, առողջ ապրելակերպով: Բնականաբար, այս ամենը պետք է լինի բժշկի ցուցումով»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ