Այս պահին Ջերմուկի «տաքսիների կանգառ» կոչվող հրապարակում Ամուլսարի շահագործմանը դեմ մի խումբ քաղաքացիներ են հավաքվել՝ բողոքի ցույց անցկացնելու համար: Բնապահպան-ակտիվիստ Շիրակ Բունիաթյանի խոսքով, մարդկանց մի մասն էլ դեռ ճանապարհին են: Ըստ նրա, ցույցին գործից հետո միանալու են նաեւ Ջերմուկի առողջարանների աշխատակիցները: Շիրակ Բունիաթյանի խոսքով, ցույցը կառավարության դեմ չէ, հակակառավարական չէ եւ մարդիկ դուրս են եկել «իրենց հողը, ջուրը, հայրենիքը պահելու համար»՝ հարցին վերջնական լուծում ակնկալելով:
Այսօր առավոտյան Ջերմուկ ուղեւորվելու կոչ էր արել նաեւ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամ Վահագն Վարագյանը:
«Ես կոչ եմ անում մեր երկրի բոլոր բնապահպաններին, մարդկանց, որոնք իրականում մտահոգ են Հայաստանի բնապահպանական խնդիրներով, որոնք տեսնում են, որ Հայաստանն այլ ապագա չունի, քան ավելի լավ շրջակա միջավայր, արձագանքել Ամուլսարի պահապանների կոչին եւ ուղեւորվել այնտեղ»,-ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց պարոն Վարագյանը՝ նշելով, որ ամեն հարցով աջակցելու են Ամուլսարի պաշտպանների կոչին: Նաեւ ասաց, որ Ջերմուկում մասնագիտական աջակցություն են ցուցաբերելու տեղացիներին. «Ամուլսարը չի շահագործվելու այնքան ժամանակ, մինչեւ դրա հետեւանքների, ռիսկերի պատասխանատվությունը պետական մակարդակով որեւէ մեկը չվերցնի իր վրա»:
Բնապահպան-ակտիվիստների, Ամուլսարի պաշտպանների համար ցույցի առիթ էին դարձել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցների գործողությունները, որոնք այսօր գիշերը հանել էին Ամուլսարի պահապանների տնակներն ու դրանց փոխարեն տեղադրել իրենցը, որից հետո Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները կոչ էին արել հավաքվել Ամուլսարում։
Արձագանքելով բնապահպանների հայտարարություններին, «Լիդիան Արմենիա» ընկերությունը իրավապահ մարմիներին կոչ արեց հետամուտ լինել այս տարածքում օրինականության վերականգնմանը եւ ապահովել քաղաքացիների անվտանգությունը։
Կարդացեք նաև
«Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիան» նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը ընկերության տարածքից։ «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որեւէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել։ Ամուլսարում աշխատանքների իրականացման միակ խոչընդոտը եղել է արդեն երկու տարի ապօրինի կերպով «Լիդիանի» տարածք ներխուժած անձանց խումբը։
Ընկերությունը կից տեսանյութում ներկայացրել էր նաեւ պահնորդական ծառայության ղեկավար Արթուր Դանիելյանի հիմնավորումներն ու նրա կողմից ներկայացրած փաստաթղթերը՝ ինչ հիմքով են տնակները հեռացրել, ինչպես նաեւ՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների արձագանքը։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ