Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երեքն էլ լուրջ, ծանրակշիռ մարդիկ են, իսկ ընտրությունը թողնենք քաղաքական մեծամասնությանը». սահմանադրագետ

Օգոստոս 04,2020 17:06

«Իմ քայլը» խմբակցության հեղինակած՝ սահմանադրական փոփոխությունների օրինագիծն ԱԺ-ում ընդունվելու արդյունքում ՍԴ երեք դատավորի թափուր մնացած պաշտոնում առաջադրված երեք թեկնածուներն արդեն հայտնի են: Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, իսկ նախորդիվ դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի, կառավարությունը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2013թ.-ից ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:

Հատկանշական է, որ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը նախագահը երկրորդ անգամ է առաջադրում: Առաջինի դեպքում թեկնածուն չընտրվեց. 2019թ.-ի մայիսին ազգային ժողովը փակ քվեարկությամբ միայն 30 «կողմ» ձայն էր տվել նրան. 53 պատգամավոր «դեմ» էր քվեարկել:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը նկատում է՝ նույն անձին երկրորդ անգամ առաջադրելու արգելք չկա, պարզապես առաջադրվողն ինքը պետք է որոշի՝ որքանո՞վ է նպատակահարմար երկրորդ անգամ առաջադրվելը: «Եթե հիմա որեւէ ենթադրություն անենք, թե քաղաքական մեծամասնությունն ինչպես կքվեարկի, ապա անշնորհակալ աշխատանք կանենք, որովհետեւ քաղաքական թիմի որոշելիքն է դա»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Այվազյանը:

Ընթացակարգի առումով նրա համար փոքր-ինչ անհասկանալի է հետեւյալը. «Այն ժամանակ ազգային ժողովում պարոն Վաղարշյանին որպես թեկնածու հարցեր են տվել, այս անգամ էլի նույն հարցերն են տալու, կամ՝ նոր հարցեր, կամ՝ չեն լինելու հարցեր: Սա ինձ համար հասկանալի չէ»:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՍԴ դատավորների մյուս երկու թեկնածուների՝ Վահրամ Ավետիսյանին եւ Երվանդ Խունդկարյանի շուրջ հասարակական-քաղաքական քննարկումներում վերապահումներ կան, Վարդան Այվազյանը շեշտեց. «Շատ լավ եմ ճանաչում երեք թեկնածուներին էլ: Որքանով որ ճանաչում եմ՝ երեքն էլ սկզբունքային եւ պրոֆեսիոնալ մարդիկ են եղել, հիմա էլ այդպիսին են: Թե հիմա քաղաքական թիմն ինչ նկատառումներ ունի եւ ինչ չափանիշներով է դիտարկում, չեմ կարող ասել: Իմ կարծիքով՝ երեքն էլ սկզբունքային եւ լուրջ, ծանրակշիռ մարդիկ են, իսկ ընտրությունը թողնենք քաղաքական մեծամասնությանը»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն ՍԴ դատավորների թեկնածուներին առաջիկա նիստերում ընտրելու է փակ, գաղտնի քվեարկությամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31