Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի պուրակի թեղիները կենսունակ չէին. Երեւանի բոլոր թեղիներն են փոխարինվելու այլ ծառերով

Օգոստոս 04,2020 16:57

Մաշտոցի պուրակում թեղիներ առհասարակ չպետք է լինեն: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը: Նա նշեց՝ թեղիները չպետք է լինեն պուրակում, քանի որ այնտեղ կան ազնվական սոսիներ, որոնք բնության մեջ ապրում են մոտ 2000 տարի, քաղաքային պայմաններում՝ 700-800 տարի՝ կախված, թե որտեղ է՝ պուրակում կամ փողոցում: Իսկ թեղիների կյանքը 40-50 տարի է:

Քրիստինա Վարդանյանն ասաց, որ Երեւանում տարիներ առաջ դրանք տնկելուց առաջ որոշում է եղել, որ 40-50 տարի հետո դրանք փոխարինվելու են այլ, ավելի թանկարժեք ծառերով: Եվ նաեւ սա է պատճառը, որ այդ ոչ կենսունակ թեղիները հատելու որոշում է կայացվել:

Քրիստինա Վարդանյանն ասաց՝ ընդհանրապես, ժամանակին մայրաքաղաքի բոլոր թեղիներն են հեռացվելու, քանի որ դրանց կյանքի տեւողությունն ավարտվում է, բացի այդ, դրանք ոչ ճիշտ խնամելու արդյունքում վնասվել են.«Վնասատուներ կան, որոնց դեմ չենք կարող պայքարել: Այս տարի երեք սրսկում ենք արել, բայց անհրաժեշտ արդյունքի չենք հասել: Վնասված ծառը իր ֆունկցիան չի կատարում, անհրաժեշտ քանակության թթվածին չի սինթեզում: Թեղիները փոխարինվելու են պլատանով՝ որտեղ դրա հնարավորությունը կլինի, փոխարինվելու են սաֆորայով: Պլատան բարձր սանիտարական հատկանիշ ունի, տերեւները կլանում են անհամեմատ մեծ քանակությամբ փոշի, ազոտի օքսիդ եւ այլն: Եթե դուք կանգնեք պլատանի տակ՝ ձեր բարեհարմարությունն ավելի լավ կլինի»:

Trees are cut down due to a new construction in Mashtots Park of Yerevan, Armenia

Ինչ վերաբերում է Մաշտոցի պուրակում հատված թեղիներին, տիկին Վարդանյանը վստահեցրեց՝ ծառերի վիճակը խորությամբ գնահատվել է, ծառերի արմատային համակարգն ուներ սարսափելի կորուստներ, եւ հնարավոր չէր վերականգնել, կեղեւի վրա էլ վնասումներ կային, ծառը վերքեր ուներ, որոնք վարակի ներթափանցման ուղիներ էին. «Եթե կա ծառի վրա հեղուկի հոսք, դա միանշանակ հատման է ենթակա, որովհետեւ ծառը դառնում է պատճառ տարածքում գտնվող այլ ծառերի ախտահարման համար: Սաղարթը մի քանի անգամ խորը էտ է անցել, ինչը աշխարհում ամենաանթույլատրելի բանն է, որովհետեւ տերեւների ամբողջ մակերեսը հանվում է եւ ծառը մնում է առանց սննդի: Ուղղակի եթե բնակչությունն ասի՝ ծառերը կանգուն են, ոչ ոք ձեռք չի տվել ես չեմ գտնում, որ դա մասնագիտական մոտեցում է, որովհետեւ եթե դուք չեք լսում ծառի տառապանքի ձայնը, չի նշանակում որ այն չկա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31